Լրագրողների ու պաշտոնյաների, մամուլի խոսնակների «ընկերության» մասին

Լրագրողների ու պաշտոնյաների, մամուլի խոսնակների «ընկերության» մասին
Օրեր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, թե կառավարությունը մտադիր է կրճատել լրատվական բաժիններն ու կարգավորել մամուլի խոսնակների դաշտը։



Առհասարակ, մամուլի խոսնակը պետք է կոչված լինի լրագրողի աշխատանքը հեշտացնելուն, նրա եւ իր ղեկավարի, իր գերատեսչության միջեւ կապն արդյունավետ դարձնելուն։ Բայց մեր խոսնակներն ու լրատվականների պետերը հիմնականում այլ գործառույթ են իրականացնում՝ անել այնպես, որ կա՛մ իրենց համար անցանկալի լրագրողը չշփվի իրենց շեֆի հետ ու «փիս» հարցեր չտա, կա՛մ իրենց «սվոյ» լրագրողների միջոցով միայն տարածվեն իրենց ուզած նյութն ու տեղեկատվությունը։ Կան, եղել են նաեւ խոսնակներ, որոնք դավադիր խաղերի մեջ են եղել իրենց շեֆերի թիկունքում՝ երկակի խաղ խաղալով ղեկավարի ու լրատվամիջոցների հետ։ Նրանք, հիմնականում, երկար չեն ձգում, շատ արագ բացահայտվում ու պատժվում են։ Խոսնակներ էլ կան, որ իրենց վրա այնքան մեծ գործառույթ են վերցրել, որ մեկ-մեկ քեզ թվում է, թե շեֆն իրենք են, ոչ թե իրենց ղեկավարը։ Նախարարներ կան՝ այնքան թույլ են գտնվում, որ առանց իրենց խոսնակի «դաբրոյի» չեն համարձակվում հարցազրույց տալ։



Մի անգամ Ազգային ժողովում լրագրողներ-ԿԳ նախարար ճեպազրույցի ժամանակ մի քանի անգամ կոպիտ կերպով «մեջ ընկավ» ու որոշեց նախարարի փոխարեն անձամբ հարցերին պատասխանել խոսնակ Լուսինե Մարգարյանը։ Դա դուր չեկավ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին, ով երկու անգամ դիտողություն արեց իր խոսնակին, բայց վերջինս շարունակեց նույն ոճով։ Սա լավագույն օրինակն է, թե ինչպիսին չպետք է լինի մամուլի խոսնակը։ Սակայն լրագրողների աշխատանքը խոչընդոտելու հարցում առաջամարտիկը, անշուշտ, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն է, ԱԺ լրատվականի պետ Արսեն Բաբայանը։ Մամուլի աշխատանքը բարդացնում է նաեւ ՊՆ լրատվականը՝ իր ողջ կազմով եւ պետ Արծրուն Հովհաննիսյանով։ Այստեղից ժամանակին պատասխան ստանալը գրեթե անհնարին է։



Մամուլի խոսնակների մի «խավ» էլ կա, որ լրիվ այլ՝ «կոմպլեմենտար» տակտիկա է որդեգրել իր աշխատանքում։ Նրանք փորձում են արհեստական մտերմություն հաստատել լրագրողների հետ, որքան հնարավոր է՝ «ընկերանալ», որ հետո այդ «ընկերության» անվան տակ խնդրեն իրենց գերատեսչության, իրենց ղեկավարների մասին «վատ» նյութեր չգրել։ Նրանք ամեն գնով կփորձեն քո սիրտը շահել, որ հետո «երեսով» տան, թե «բա մենք ընկերներ ենք, չէ՞»։ Սա, իրականում, շատ վտանգավոր պրակտիկա է, որն արժեզրկում է լրագրողի, մամուլի աշխատանքը։ Նրանց կողքին, իհարկե, կան հատուկենտ, բայց լրագրողի աշխատանքը հարգող, գործնականն անձնականի հետ չշփոթող խոսնակներ, որոնց ղեկավարների, հիմնարկների մասին ինչ էլ գրես, երբեք չեն տրամադրվի քո դեմ, չեն խոչընդոտի աշխատանքդ եւ քեն չեն պահի։



Այս մոտեցումն է գործում նաեւ շատ պաշտոնյաների, պատգամավորների մոտ։ Հատկապես իրենց մամուլի բարեկամ հայտարարածների մեջ կան այնպիսիք, որոնք լրագրողի հետ կարող են «ընկերանալ» եւ իրենց հարաբերական մտերմությամբ մեծ բարդություններ առաջացնել այդ նույն լրագրողի համար։ Բավական է մի անգամ իրենց քիմքին ոչ հաճո հարց տալ, գրել նյութ, որն իրենք չեն կարողանա սրտանց «շեյր» անել Ֆեյսբուքում, եւ վերջ՝ 5 րոպե առաջվա «ընկերը» կտրուկ կդառնա թշնամի։ Թվում է, թե քեզ իր ընկերը, մտերիմը համարող պատգամավորը, նախարարը, վարչության պետը պիտի ամենահասանելին լինի քեզ համար եւ միշտ պատրաստ՝ առանց տրտնջալու հարցազրույց տալ։ Բայց ճիշտ հակառակն է լինում, նրանք սովորաբար քեզ խնդրում են «ընկերության խաթր» իրենց չտալ այնպիսի հարցեր, որոնց շուրջ չէին ցանկանա խոսել։ Իրենք հարցազրույց տալիս են միայն «պուպուշ» թեմաներով։ Ահա այսպես է դրսեւորվում մեր պաշտոնյաների, քաղաքական գործիչների «հարգանքը» լրագրողների հանդեպ։ Ահա այսպիսի պայմաններ են ստեղծում լրագրողի համար, որ նա ստիպված լինի մեկի հետ կռիվ տալ, մյուսի նազը տանել, երրորդի «խաթրը» չկոտրել, բայցեւ միաժամանակ փորձել որակյալ նյութ անել։ Նրանք մոռանում են, որ լրագրողը հասարակության համար է աշխատում, ոչ թե իրենց։ Ահա այսքան անլուրջ է մեր պաշտոնյաների վերաբերմունքը մամուլի հանդեպ։ Իսկ երբ նեղն են ընկնում, կրկին այդ նույն մամուլին ու լրագրողներին են հիշում։



**ՀԳ․** _Վերջում ուզում եմ դրական նոտայով ավարտել։ Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը, ինչպես հայտնի է, երեւի դաշտի ամենապատրաստակամ, հասանելի ու շփվող պաշտոնյաներից է։ Վերջերս նրան զանգեցի մի հարցով։ Հեռախոսը վերցրեց, ցածրաձայն ասաց, որ կառավարությունում քննարկման է, բայց պատասխանեց մեր հարցին։ Հետո լրացուցիչ հարցերի համար զանգեցինք անձնագրայինի իրավաբանական բաժնի պետին՝ Մարիամ Գեւորգյանին, ով, զգալով, որ զրույցը երկարում է, առաջարկեց անջատել, որպեսզի ինքը հետո զանգի։ Իսկ երբ վերջում շնորհակալություն հայտնեցինք նրան մանրամասն ու հանգամանալից տեղեկատվություն տրամադրելու համար, զարմացավ․ «Խնդրեմ, շնորհակալության անհրաժեշտություն չկա, եթե պետք է, կարող եք գալ էստեղ, միասին նայենք»։ Լրագրող-պաշտոնյա «ընկերությունը» մենք հենց այսպես ենք պատկերացնում՝ միմյանց աշխատանքը հարգելով ու իրար օգնելով։_



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**