ՌԴ ԿԲ-ում «քավության նոխազների» են փնտրում «ստի դետեկտորի» կիրառմամբ

ՌԴ ԿԲ-ում «քավության նոխազների» են փնտրում «ստի դետեկտորի» կիրառմամբ
Ռուսաստանի Կենտրոնական բանկը սկսել է «քավության նոխազների» որոնումը, որոնց վրա կկարողանար «ջարդել» ռուսական բանկային սեկտորում վերջին շրջանում ի հայտ եկած ճաքերի պատասխանատվությունը` նրանց մեղադրելով ոչ բավարար վերահսկողություն իրականացնելու մեջ:



Հիշեցնենք, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ԿԲ-ն առնվազն երկու մասնավոր բանկի գործունեության արտոնագիր հետ կանչեց, որոնք, ի դեպ, մի շարք կոռուպցիոն դրվագներով քրեական գործերի տակ են գտնվում ներկայումս, իսկ առհասարակ, վերջին երեք տարում ավելի քան 300 բանկ կորցրել է լիցենզիան, մյուսներին օժանդակելու համար էլ ԿԲ-ն ստիպված է եղել ծախսել 3,2 տրիլիոն ռուբլի:



БАНКСТА-ի փոխանցմամբ, ներկայումս խստացված ստուգումներ են իրականացվում ԿԲ աշխատակազմում: Հարցաքննության կանչվում են բոլոր նրանք, ովքեր կապ ունեն տեսչական ստուգումների եւ վերահսկողության հետ: Հատկապես ուշադրության կենտրոնում են այն աշխատակիցները, որոնց պատասխանատվության տակ է եղել մոսկովյան բանկային շրջանակը:



Ռուսական «Ведомости»-ն էլ գրում է, որ շատ աշխատակիցների, բացի բանավոր հարցաքննությունից, սկսել են հարցաքննել «ստի դետեկտրով»: Ընդ որում, հարաքննվողների շրջանակը ընդլայնվելու է եւ ներառելու է նաեւ վարկային խոշոր կազմակերպությունների վերահսկողությամբ զբաղվողներին: ԿԲ-ում կասկածում են, որ ուշադրության կենտրոնում հայտնված բաժանմունքներն ու աշխատակիցները ինչ-որ կոռուպցիոն հանցավոր համաձայնության մաս են կազմում: Պարբերականի հետ զրուցած անանուն աշխատակիցները նշել են, որ աշխատակիցների վրա կիրառվում է նաեւ հոգեբանաֆիզիոլոգիական թեստավորման մեթոդիկան՝ պարզելու համար, թե ով կամ ովքեր են հանդիսանում «թույլ օղակը»: