Անմխիթար Ղափանցյան փողոցը

Անմխիթար Ղափանցյան փողոցը
Քանաքեռ-ՀԷԿ թաղամասը, ուր Ղափանցյան փողոցն է՝ հենց ՀԷԿ-ի լճի ափին, Երեւանի ամենագեղեցիկ, ամենախաղաղ ու գողտրիկ անկյուններից մեկն է, համենայնդեպս, կարող է եւ ավելի լավը դառնալ, ավելի բարեկարգված, խնամված ու բազմաբովանդակ: Սակայն մեր քաղաքի կենտրոնի շրջագծից դուրս Երեւան քաղաքի, թաղապետարանների ղեկավարության անտարբեր աչքից վրիպում են ու տուժում ավելի շատ արվարձանային անկյուններում հայտնված այդպիսի փողոցները, թաղերն ու բակերը:



Քանաքեռ-ՀԷԿ-ի լճի ափին գտնվող Ղափանցյան փողոցը, վստահաբար, նույն այդ լքված, անտերության մատնված անկյունների շարքն է դասվում․ սա որպես թաղամասի բնակիչ եմ ասում: Արդեն քանի տարի է՝ լճի ափի երկայնքով փողոցում բացակայում է լուսավորությունը, լուսասյուներ առհասարակ չկան, փոխարենը անթափանց խավար է, կան փողոցային թափառող շներ, անգամ գայլեր, որոնք արդեն հասցրել են մի քանի անգամ այցի գալ: Նախ գայլերը 2014 թվականին հոշոտեցին Ղափանցյան փողոցի 16 տան բնակիչ, նախկին ազատամարտիկ Սամվել Փափազյանին պատկանող 40 ոչխարին եւ 7 այծին: Այս մարդը 3 միլիոն դրամի չափ ներդրում էր արել եւ պարզապես ժամերի ընթացում կորցրեց այն: Դեպքի առիթով Երեւանի քաղաքապետարանն արձագանքել էր․ «Նոյեմբերի 16-ին մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի թիվ 16 տանը հարակից անասնագոմի վրա գայլերի հարձակման հետեւանքով զգալի նյութական վնաս էր պատճառվել Արցախյան ազատամարտի մասնակից Սամվել Փափազյանի ընտանիքին:



Նույն օրը Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը դեպքի մասին զեկուցել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հանձնարարել էր համապատասխան աջակցություն ցուցաբերել ազատամարտիկի ընտանիքին: Նոյեմբերի 19-ին Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանն այցելել են Սամվել Փափազյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից դրամական աջակցություն եւ մայրացու 10 ոչխար նվիրաբերել տուժած ընտանիքին»:



Ինչ խոսք, շատ լավ է, որ քաղաքապետարանն աջակցություն ցուցաբերեց Սամվել Փափազյանին, սակայն փողոցի անմխիթար վիճակը նույնը մնաց: Այժմ էլ նույն լուսազուրկ, անխնամ վիճակն է, չհաշված դրանք՝ լճի ափին, փողոցի երկայնքով կան հոսանքասյուներ, որոնց խճճված, սարդոստայնների նմանվող, տեղ-տեղ բաց էլեկտրալարերն ուղղակիորեն կախված են փողոցի վրա: Էլեկտրալարերը հաճախակի քամուց, մաշվածությունից կտրվում են, ընկնում կայանված մեքենաների գլխին:



Փողոցի բնակիչների եւ իմ անունից քաղաքապետարանի, Արաբկիր վարչական շրջանը ղեկավարող պատկան մարմիններին խնդրում ենք ու պահանջում՝ Քանաքեռ-ՀԷԿ-ի լճի ափին Ղափանցյան փողոցի վրա լուսասյուներ տեղադրել, փողոցն ապահովել մաքսիմալ լուսավորությամբ, բնակելի տարածքից հեռացնել վտանգավոր հոսանքասյուներն ու էլեկտրալարերը, որոնք ամեն րոպե կարող են դժբախտ պատահարների հիմնավոր առիթ դառնալ:



**Արամ ՊԱՉՅԱՆ**