ՊԵԿ-ում «շեֆի» հայրանունը սխալ էին գրել

ՊԵԿ-ում «շեֆի» հայրանունը սխալ էին գրել
Պետական եկամուտների կոմիտեի կայքում իրենց ղեկավարի հայրանունը սխալ էին գրել։ Եվ այդ սխալը դեռ երկար կմնար ՊԵԿ պաշտոնական կայքում, եթե մենք չնկատեինք, որ ՊԵԿ նախագահ, 01.01.1975 թ․ ծնված Վարդան Ռուբենի Հարությունյանը elections.am կայքում գոյություն չունի։ Իսկ եթե գոյություն էլ ունի, ապա ծննդյան ամիս-ամսաթվի եւ հասցեի անհամապատասխանություն կա։



Երբ փորձեցինք ՊԵԿ-ից ճշտել՝ հնարավո՞ր է, որ ՊԵԿ նախագահը ՀՀ գրանցում չունի, ՊԵԿ-ից նախ զարմացան մեր հարցից։ Այնուհետեւ խոստացան հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Մի ամբողջ օր պահանջվեց՝ հայտնաբերելու համար, որ իրենց «շեֆի» հայրանունը սխալ են գրել՝ պետք է լինի ոչ թե Ռուբենի, այլ Ռուբիկի։ «Հիմա արդեն ուղղված է»,- ասացին մեզ ՊԵԿ-ից։



Հետաքրքիր է, որ սեփական հայրանվան սխալը չի նկատել անգամ ինքը՝ Վարդան Ռուբիկի Հարությունյանը, դա չի նկատել նաեւ ՊԵԿ աշխատակազմից որեւէ մեկը։ Սա խոսում է առնվազն անփութության մասին։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**