Նա, ով մի հատ պեչենի էր գողացել տարան նստացրեցին

Նա, ով մի հատ պեչենի էր գողացել տարան նստացրեցին
Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի բնորոշմամբ 2017-ը չի կարելի համարել փոփոխությունների տարի, այլ՝ մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ․ «Փոփոխությունները գուցե իշխանավորների համար են, բայց թե ժողովրդի համար ինչ փոփոխություններ են եղել չեմ կարող ասել, բացարձակ ոչ մի տարբերություն չեմ զգում, բացի ավելի վատթարանալուց եւ դժվարանալուց։ Բոլոր այդ միջոցառումները, որ տեղի են ունեցել, այդ թվում՝ քաղաքական, դրանք իշխող խավի համար են եւ բացարձակ կապ չունեն ժողովրդի հետ։ Դա նրա համար է, որ իրենք իրենց կաշառքները վերցնեն, փողերը տանեն մանրեն ու ուտեն։ Դրա համար ես ուրիշ ոչ մի բնութագիր չեմ կարող տալ, ավելին՝ 2017-ը ոչ մի բանով ավելի լավը չէր 2016-ից, իսկ 2018-ը կլինի ավելի վատը, որովհետեւ եթե ընդհանուր համակարգը կարգավորվում է կոռուպցիայով, ոչ մի լավ բան չի կարող լինել, դա փակուղի է, ուզում է նույն մարդուն այստեղից այնտեղ դնեն, որովհետեւ այն մարդը, ով հանցանքներ է գործել ազատ է արձակվում, իսկ նա, ով մի հատ պեչենի էր գողացել տարան նստացրեցին։ Դրանք անիմաստ բաներ են, եւ ոչ մի լավատեսական բան չեմ կարող ասել»։



Ինչ վերաբերում է իր ստեղծագործական գործնեությանը, ապա․ «Իմ հնարավորությունների, գումարի չափով մի 2-3 երգ եմ հազիվ ձայնագրել, որովհետեւ ավելին չեմ կարող անել, ես այդ ռեսուրսները չունեմ։ Միակ լավ բանը համարում եմ այն, որ դեռ պատերազմի մեջ չենք, չնայած դրա մեջն ենք, բայց ոչ համատարած ձեւով։ Դա միակ բանն է, որ զգուշավոր է պահում մեզ բոլորիս ու որից իշխանավորները շատ լավ օգտվում են»,-ասաց երաժիշտը։