ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո անխուսափելի են որոշ դրական տեղաշարժերը․ Վիգեն Խաչատրյան

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո անխուսափելի են որոշ դրական տեղաշարժերը․ Վիգեն Խաչատրյան
ԱԺ նախկին պատգամավոր **Վիգեն Խաչատրյանը** կարծում է, որ չարժե ոգեւորվել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրից։ «Կարելի է ողջունել, որովհետեւ շատ ճիշտ քայլ է արված, եւ ակնհայտ է, որ այդ համագործակցությունը շատ օգտակար կլինի մեր հանրապետության համար»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։



Հարցին, թե մեր իշխանություններն ի զորո՞ւ են իրականացնել բարեփոխումներ, Վիգեն Խաչատրյանն արձագանքեց․ «Ցանկության դեպքում կարող են, իհարկե, կարող են։ Կարծում եմ, որ անխուսափելի են որոշ դրական տեղաշարժերը։ Թե ինչ խորությամբ, ինչ ուժգնությամբ, ինչ արագությամբ կլինեն՝ դժվար է հստակ ասելը, բայց որոշ զարգացումներ կլինեն»։



Դիտարկմանը, թե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կհավասարակշռի՞ արտաքին քաղաքական խախտված բալանսը, Վիգեն Խաչատրյանն արձագանքեց․ «Մեկը մյուսի հետ ուղղակի կապ չունի, այստեղ չկա կախվածության խնդիր։ Ես չեմ կարծում, թե Հայաստանը կախված է մեկից։ Պետք է ինքնուրույն ակտիվ աշխատել»։



ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է, որ մինչեւ 2020թ․ ԵՄ միասնական աջակցության շրջանակում ՀՀ-ին կտրամադրվի 170 միլիոն եվրո։ «Կկարողանա՞ն մեր հասարակությունը եւ եվրոպական կառույցները վերահսկել, որպեսզի այդ գումարներն անտեղի չվատնվեն եւ ծառայեն իրնեց բուն նպատակին՝ բարեփոխումներին»,-հետաքրքրվեցինք Վիգեն Խաչատրյանից։



«Մենք էն գլխից որոշել ենք, որ դրանք անտեղի՞ են վատնվելու եւ ո՞նց պետք է հսկենք։ Գումարները նպատակային ծախսելու համար պետք է զրուցենք ծախսողների հետ, տեսնենք՝ ոնց են որոշել ծախսել, ինչ են անելու, որ նպատակային լինի»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։



**Թագուհի Հակոբյան**