Պատվերը «վերևներից» է

Պատվերը «վերևներից» է
Մինչ Հայաստանում թեւածում են եվրոպական կրքերը, ռուսական մամուլը շարունակում է խոսել Հայաստանի «ձախ որոնումների» մասին:



Ռուսական հեռուստաընկերություններն իրենց «Առաջին ալիքից» ու «Զվեզդա»-ից բացի հերթական հակահայկական տրամադրություններն արտահայտեցին այս անգամ «НТВ» ալիքով: Ծրագրի հաղորդավարուհին Հայաստանը համեմատել է ման եկող կնոջ հետ, որը ցանկացել է երիտասարդ սիրեկան ունենալ: Հաղորդման ժամանակ հյուրընկալված քաղաքագետներն էլ կուրծք են ծեծում Հայաստանի՝ համաձայնագրի ստորագրումով Ռուսաստանին տված ապտակի համար:



Պաշտոնական Ռուսաստանն այս ֆոնին ընդգծում է իր «քաղաքական հանդուրժողականությունը»: «Единая Россия» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Ժելեզնյակը, դառնալով ԶԼՄ-ների հակահայկական հրապարակումներին, ասաց, որ «Ռուսաստանը՝ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը, ժողովրդավարական երկիր է, եւ ցանկացած մարդ կարող է ունենալ իր կարծիքը»: Նրա խոսքով՝ մի բան է, երբ դա մասնավոր կարծիք է, մեկ այլ բան, երբ դա ասում է պետական գործիչը:



Բայց թե որքանով են գերատեսչական ու ընդհանրապես «պետական» լրատվամիջոցները մասնավոր կարծիքներ արտահայտում, գիտեն բոլորը: Սովորաբար հանրային կամ պետական մոդելի ԶԼՄ-ները համարվում են արտաքին մեդիահարթակում պաշտոնական դիրքորոշում արտահայտող մարմիններ, եւ դրանց միջոցով հաճախ հակակշռվում են ոչ ձեռնտու տեղեկատվական հոսքերը եւ անհրաժեշտության դեպքում անգամ պատժվում «թթու խոսք ասողները»: Նույնն էլ ռուսական լրատվամիջոցների պարագայում է: Վերջիններս նույնպես հմտորեն մանիպուլյացիաների են դիմում, երբ դրա կարիքն իրոք զգում են:



Ամիսներ առաջ, երբ Ռուսաստանում ԶԼՄ-ները «նյարդայնացած» էին Հայաստանի՝ այլ պետությունների հետ տնտեսական, անվտանգության հետ կապված շփումների ակտիվացման պատճառով, «վերեւներից իջեցված» հրամաններով ճնշվում էին գոնե պետականամետ լրատվամիջոցների «մասնավոր կարծիքները»:



Այսպես՝ սեպտեմբերին պաշտոնական խոսափողի համբավ ունեցող ռուսական «РИА новости» կայքը «Զենքի հետեւից՝ Չինաստան. Հայաստանին քիչ են ռուսական սմերչներն ու իսկանդերները» վերնագրով հոդված էր հրապարակել, որը Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Չինաստան կատարած այցի մասին էր: Հոդվածում նշվում էր, թե Հայաստանը հետաքրքրված է չինական սպառազինությամբ, եւ միաժամանակ հիշեցվում էր Հայաստանին 2 տարի առաջ Ռուսաստանի կողմից տրամադրված 200 մլն․ դոլար վարկի մասին: Լրատվամիջոցն այս հարցով մեկնաբանություն էր վերցրել քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինից, ով նշել էր, թե Հայաստանը, խորացնելով գործակցությունը Չինաստանի հետ, շանտաժի է ենթարկում Մոսկվային՝ ավելի էժան ու ավելի շատ զենք ստանալու համար: Չնայած նա քիչ հավանական էր համարում, որ Հայաստանն սկսի սպառազինություն գնել Չինաստանից, սակայն նշել էր, որ դա տեղի կունենա Չինաստանի կողմից շահավետ առաջարկներ ներկայացնելու դեպքում:



Ուշագրավն այն էր, որ հրապարակումից հետո բարձրացած աղմուկից մի քանի ժամ անց հոդվածն անմիջապես հեռացվեց կայքից: Այդ ժամանակ Մոսկվայում երեւի թե գիտակցեցին, որ հարաբերությունները լարելու եւ ինչ-որ բան հասկացնելու անհրաժեշտություն դեռեւս չկա: Իսկ թե ինչու հիմա հանկարծ Ռուսաստանում սկսեց «ծաղկել» իշխանամետ մամուլի ազատ խոսքը, դժվար չէ գլխի ընկնելը: Ռուս քաղաքագետներն իրենք էլ «զարմանում» են պաշտոնական Մոսկվայի նման հանգիստ արձագանքի համար՝ միաժամանակ նշելով, թե «համաձայնագրի ստորագրման «թույլտվությունը», միեւնույն է, ստացվել է իրենցից»:



Ադրբեջանական մամուլում էլ Հայաստան-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ քննարկումներն ավելի «կառուցողական» են: Քաղաքագետները մասնավորապես հաշվարկում են Հայաստան-Եվրամիություն գործակցության հետեւանքով ստեղծվելիք խոչընդոտներն ու վնասները Թուրքիա-ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում: Նշվում է, որ Եվրամիությունը կարող է լուրջ խնդիրներ ունենալ Թուրքիայի հետ, եւ, հաշվի առնելով Ադրբեջան-Թուրքիա ջերմ կապերը, հնարավոր է ստեղծվի «հակաեվրոպական» ադրբեջանա-թուրքական ալյանս: Միաժամանակ ասվում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանին ոչինչ չի մնալու, քան խորացնել գործակցությունը ԵՄ-ի հետ: Հետաքրքիր է նաեւ, որ այս համատեքստում խոսվում է այն մասին, թե Ռուսաստանը չի կարող փչացնել հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ ակնարկելով ուժերի հնարավոր վերադասավորման մասին:



**Սլավա ԲԱԴԱԼՅԱՆ**