Նոր բացահայտումներ

Նոր բացահայտումներ
Բանակի համալրմանն ուղղված մեր իշխանավորների ջանքերը, անշուշտ, ողջունելի կլինեին, եթե այդ նույն անձանց որդիներն ու հարազատները եւս գնային բանակ։ Պատասխանը, թե մեր զավակներն էլ են ծառայում, առնվազն համոզիչ չէ, քանզի, եթե նման դեպքեր ունենայինք, պետական քարոզչամեքենան հիմա առավոտից իրիկուն կզբաղվեր դրանք ներկայացնելով։ Բայց բանակի համալրմանն ուղղված ջանքերն այլ բացահայտումների ու խոստովանությունների էլ մղեցին իշխանավորներին։ Օրինակ՝ այն, որ մեզանում իրական գիտություն եւ գիտնականներ չկան։ Խորհրդարանում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ հանդիպման ժամանակ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, կատարելով իր վաղեմի խոստումը, ներկայացրել է տխուր վիճակագրություն, թե 2007-2016թթ․ պաշտպանած դոկտորներից եւ թեկնածուներից քանիսն են մնացել գիտության մեջ։



Ըստ այդ տվյալների, որոնց չհավատալու հիմքեր չունենք, գիտական ատենախոսություն պաշտպանած դոկտորներն այդ թվերին 445-ն են, թեկնածուները՝ 5032-ը։ Բայց նրանցից գիտության մեջ մնացել են գիտությունների 191 դոկտոր, 646 թեկնածու։ Այսինքն՝ դոկտորների 42,9 տոկոսն է միայն զբաղվում գիտությամբ, իսկ թեկնածուների՝ 12,8-ը։ Թվում է, թե այս տվյալները ծառայեցին իրենց նպատակին՝ ցուցադրեցին, որ գիտական կոչումներն ընդամենը բանակից խուսանավելու միջոց են, բայց նաեւ բացահայտեցին, թե ինչ խայտառակ վիճակ է տիրում գիտության ասպարեզում, եւ ինչպես է գործում գիտական կոչումներ շնորհող մարմինը՝ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը։ Եվ վերջապես, աջուձախ գիտական կոչումներ շնորհող, գիտությամբ չզբաղվող մարդկանց գիտնական «դարձնող» ԲՈՀ-ը միայնակ չէ՝ այն ԿԳՆ համակարգում է գործում, նախարար Մկրտչյանի իմացությամբ ու թողտվությամբ։



**Արմինե Օհանյան**