Որ հանրակացարանում ենք ապրում, մարդ չե՞նք․ Նոր Նորքի հանրակացարանում խնդիրների պակաս չկա (տեսանյութ)

Որ հանրակացարանում ենք ապրում, մարդ չե՞նք․ Նոր Նորքի հանրակացարանում խնդիրների պակաս չկա (տեսանյութ)

Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարաններում առկա բազմաթիվ խնդիրների կողքին ավելացել է եւս մեկը․ շենքի բակում մի քանի մարդիկ, ըստ բնակիչների, ապօրինի շինություններն են կառուցում։



«2 օր առաջ եկել էին, չափագրում էին անում, մենք մոտեցանք եւ արգելեցինք, որ չափագրումը անեն։ Իրենք ասում են, որ ուզում են էնտեղ խանութ սարքեն, իրենք չներկայացան, մեկն ասումա ՝ Ռուբեն Հայրապետյանինն ա, մեկն ասում ա՝ ուրիշ մարդու ա։ Մենք չգիտենք՝ ումն ա։ Ես 12 տարի ա էդ հանրակացարանում եմ ապրում, ինչի՞ ա էդ հանրակացարանը էդ վիճակում։ Կոյուղու խողովակները պայթել են, էդ ամբողջ կեղտաջրերը հոսում են հարկերով՝ դեպի 4-րդ մասնաշենք։ Տուն կա, էդ տան առաստաղը թափվել ա։ Համատիրություն զանգեցինք, որ գան, չեկան։ Շենքի բնակիչների օգնությամբ էդ կեղտաջրերը մաքրել ենք։ Հասկացանք՝ հանրակացարան ա, բայց մարդ ենք, անասուն չենք։ Մենք այդտեղ ապրում ենք ու մի իրավունք չունենք, բայց գալիս են, ապօրինի բռնագրավում են»,- մեզ հետ զրույցում պատմեցին շենքի բնակիչներ տիկին Վարդուշը եւ Կարինեն։



Նրանց խոսքով՝ երեխաների համար խաղահրապարակ չկա, մարդիկ բակում նստում են քարերի վրա, մինդեռ հիմա եկել են մարդիկ, որոնք ուզում են ապօրինի շինություններ կառուցել․ «Որտեղ հիմա ուզում են փակեն, մենք ուզում ենք երեխաների համար խաղահրապարակ սարքել։ Մենք չգիտենք իրենք ովքեր են՝ չներկայացան, բայց ասացին, որ քաղաքապետարանից թույլտվություն ունեն, բայց մեզ ցույց չտվեցին։ Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ուզում ազատ ապրել։ Մեր վարչապետը քանի դեռ քաղաքապետ էր Աբովյանի փողոցի բոլոր ապօրինի կառույցները հանեց, ինչ դարձավ վարչապետ, էդ ապօրինի տարածքները գնալով շատանում ա։ Թաղապետարանից ասում են՝ քաղաքապետարանին դիմեք, քաղաքապետարանին դիմենք, նրանք ո՞ւմ վրա են գցելու։ Էդ մարդիկ մեկ ասում էին՝ քաղաքապետարանից ենք վերցրել էդ տարածքները, մեկ ասում էին՝ թաղապետարանից ենք վերցրել։ Իրանց ասելով՝ էդ տարածքը վաճառված ա»։



Բացի այս ամենից, որոշ ժամանակ է արդեն, ինչ շենքի հոսանքալարերը չեն փոխվում, աշխատողը 17 տարեկան երեխա է, որը միայն գիշերներն է աշխատում՝ պատճառաբանելով, թե կեսօրին շոգ է․ «17 տարեկան երեխա ա եկել աշխատում, 17 տարեկան էրեխեն հոսանքի հետ ի՞նչ գործ ունի, էդ կենտրոնը որ ուղարկել ա, չի կարում նորմալ աշխատող ուղարկի։ Կեսն էլ անգամ չեն հասել, նոր կաբելը հների հետ միացնում ա, մեկ էլ տեսար լարերը գմփացին, մարդկանց լույերը անջատվեցին»։



Բնակիչները նաեւ նշում են, որ եթե համայնքապետարանը չի կարողանում իրենց խնդիրներին լուծում տալ, ապա իրենք պատրաստվում են առանձին համայնատիրություն ստեղծել, քանի որ բնակիչների թիվը թույլ տալիս է։



Երեւանի քաղաքապետարանը թույտվությո՞ւն տվել է հանրակացարանի բակում շինություններ կառուցելու, վաճառվե՞լ է տարածքը։ Ո՞վ է շինություններ կառուցողը, բնակիչների կարծիքը ինչո՞ւ հաշվի չի առնվում։ Այս եւ այլ հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սակայն մեզանից գրավոր հարցում պահանջեցին։



Հարցումը ստանալուն պես այն կհրապարակենք։



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ



Մանրամասները՝ տեսանյութում