Ֆինանսների նախարարի եւ փոխնախարարի մեքենաները կայանված են օրենքի խախտմամբ. Հայկ Մարության

Ֆինանսների նախարարի եւ փոխնախարարի մեքենաները կայանված են օրենքի խախտմամբ. Հայկ Մարության

Դերասան Հայկ Մարությանը նկատել է, որ ՀՀ ֆինանսների նախարարի եւ փոխնախարարի ծառայողական ավտոմեքենաները կայանվում են ոչ թույլատրելի հատվածում: Նա այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: Դերասանը նշում է, որ մեքենաները կայանվում են հետիոտնի համար նախատեսված անցումին շատ մոտ:



«Պետությունը կառուցելիս գոնե պետք է մի քիչ սիրել այն :) Սա Հանրապետության հրապարակում գտնվող Ֆինանսների նախարարությունն է, իսկ այս երկու մեքենաները ֆինանսների նախարարի եւ փոխնախարարի ծառայողական ավտոմեքենաներն են, որոնք ամեն օր, օրենքի կոպտագույն խախտմամբ, կայանված են հետիոտնի անցումին կպած: Այսպիսով՝ նրանք փակում են տեսանելիությունը, եւ այս աշխույժ տուրիստական եւ հանրային հատվածում սա մի օր բերելու է ողբերգության: Չգիտեմ գիտակցաբար, թե՝ ոչ, բայց այսպիսով նախարարը եւ փոխնախարարը, խախտելով օրենքը, ամեն օր վտանգի են ենթարկում հարյուրավոր քաղաքացիների կյանքը:



Պարո՛ն վարչապետ, խնդրում եմ՝ հորդորեք ձեր կառավարության անդամներին հարգել օրենքը եւ որն ավելի կարեւոր է՝ մարդկանց կյանքը: Կանխավ շնորհակալ եմ»,- գրել է նա: