Ներդրումներ, արտոնություններ, վերակազմավորումներ

Ներդրումներ, արտոնություններ, վերակազմավորումներ

Կառավարությունն իր երեկվա նիստում օպտիմալացման հետ կապված մի քանի որոշումներ է ընդունել՝ «Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը միավորվելու է հիվանդությունների կանխարգելման կենտրոնի հետ, որի արդյունքում տնտեսելու են ավելի քան 30 մլն․ դրամ։ Կրթության ազգային ինստիտուտի հետ կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը կլուծարվի, եւ այդ ինստիտուտը պետությանը կվերադարձնի իր չորս մասնաճյուղերի գույքը։ 



Չափագիտության ինստիտուտին պատկանող՝ Լեփսուսի փողոցում գտնվող գործարանը եւ էլեկտրական կայանի տարածքը կփոխանցեն կառավարությանը՝ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար։



Կառավարության նիստի ժամանակ նաեւ մի շարք ձեռնարկություններ արտոնություններ ստացան։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց «Արդես» ՍՊԸ-ի հարցը, որը բուժսարքավորումներ է արտադրում։ ՍՊԸ-ն ստացավ ազատ տնտեսական գոտու շահագործման թույլտվություն, քանի որ 4,3 մլն․ դոլարի ներդրում է իրականացնելու՝ ստեղծելով 40 աշխատատեղ։



«Քեյր գրուպի» համար 3 տարով հետաձգեցին ավելացված արժեքի հարկի վճարումը․ այս ընկերությունը բամբակյա պարագաներ է արտադրելու եւ խոստացել է 720 մլն․ ներդնել, ստեղծել 90 աշխատատեղ՝ 120 հազար դրամ միջին աշխատավարձով։ ԱԱՀ-ի վճարումը երեք տարով հետաձգելու արտոնություն ստացավ նաեւ «Լիդիան Արմենիան» հանքարդյունահանող ընկերությունը, որը ներդրումների 3-րդ փուլում է եւ նախատեսված 24 մլն․-ի փոխարեն 27,6 մլն․-ի ներդրում է իրականացրել։ Ընդհանուր առմամբ՝ հանքարդյունաբերող «Լիդիան Արմենիանը» մինչեւ այս պահը Հայաստանում իրականացրել է 124 մլն․ դոլարի ներդրում։



Կառավարությունը նաեւ կրթության պետական տեսչական մարմնի հարցը քննարկեց՝ հանձնարարելով կազմակերպել կրթության տեսչության լուծարման եւ նոր մարմնի ձեւավորման գործընթացը, որը տեղի է ունենալու 4 ամսվա ընթացքում։