Մանկապարտեզները փող են մուրում

Մանկապարտեզները փող են մուրում

Երեւանի մանկապարտեզներում՝ պատի ամենատեսանելի հատվածում, գրեթե մուտքի մոտ հետաքրքիր գրություն է փակցված՝ բանկային հաշվեհամար եւ կոչ՝ «Օգնիր մանկապարտեզիդ»։ Այն հոգեբանական ազդեցություն ունի մանկապարտեզի սաների ծնողների վրա։ Շատերը սա ընկալում են որպես պարտադրանք։ Իսկ նրանց, ովքեր պատերին նայելու սովորություն չունեն, մանկապարտեզի տնօրենը բանավոր ցուցում է տալիս։ Օրինակ, օրերս թիվ 10 մանկապարտեզի սաներից մեկի մայրը հայտնեց, որ փորձել է երեխային այնտեղ տեղավորել եւ առաջին իսկ օրը տնօրեն Ռուզաննա Մեժլումյանի հետ տհաճ զրույց է ունեցել։ Տնօրենը տեղեկացրել է ծնողին, որ ամեն ամիս պետք է մանկապարտեզին օգնություն տրամադրի։ Տարակուսած մայրիկը, որը վստահ է եղել, որ այդ մանկապարտեզն անվճար է, քանի որ քաղաքապետարանի ենթակայությամբ է գործում՝ պետական է, հարցրել է, թե որքան պետք է վճարի։ Տնօրենն էլ պատասխանել է․ «5 հազար դրամից ոչ պակաս»։ Ծնողը վստահեցնում է, որ նույն՝ «Օգնիր մանկապարտեզիդ» ցուցումը նա տալիս է բոլոր ծնողներին, ովքեր դեռ տեղյակ չեն թիվ 10 մանկապարտեզում գործող կարգից։ Մենք, իհարկե, խոսեցինք տնօրեն Ռուզաննա Մեժլումյանի հետ, եւ նա ամեն ինչ ժխտեց։ «Շատ մարդ շատ բան կարող է ասել, հո ասելով չէ՞, սիրելիս,- պատասխանեց տնօրենը,- մի անգամ էլ թող մի լավ բան ասեն։ Բոլոր մանկապարտեզներն ու դպրոցներն էլ կան «Օգնիր մանկապարտեզներին» կայքում, եւ հենց մուտքի մոտ կպցրած է հաշվեհամարը։ Օգնություն կարող են նաեւ ավարտած մարդիկ տալ»։ 



- Բայց ծնողներն ասում են, որ Դուք հատուկ պարտադրում եք օգնել, նույնիսկ չափ եք նշում։



- Ի՞նչ եք ասում։ Մեզ մոտ շատ խիստ է, այնքան են մեզ հսկում, նույնիսկ թաղապետարանից տեսուչ է գալիս, ներկայանում է, ասում է ծնողներին, որ դա ըստ ցանկության է։



- Հիմա կարո՞ղ ենք ասել ծնողներին, որ նրանք կարող են ձեզ չօգնել, որ սխալ են հասկացել Ձեզ։



- Այո, նրանք, հավանաբար, սխալ են հասկացել։ Դա ծնողների համար չէ, այլ նաեւ այն մարդիկ են օգնում, որոնք այս մանկապարտեզն են գնացել։ Երբ մեր վարչապետը դեռ քաղաքապետ էր, նա այն ժամանակ ստեղծեց, որ ամեն մարդ կարողանա օգնել իր մանկապարտեզին։ Օրինակ, ամռանը ծնողներն ուզեցին՝ զոնտիկներ առան։ Օրինակ, Դուք եկաք, ծանոթացաք, զգացմունք ունեցաք, մի բան արեցիք։



- Փաստացի այսօրվա սաների ծնողները չե՞ն ավելի շատ օգնում։



- Չէի ասի, օրինակ, տարիքով մարդ էր, դիպլոմատ էր, եկավ-ասաց՝ ուզում եմ մի բան անել մանկապարտեզի համար։



«Օգնիր մանկապարտեզներին» կայքը գործարկվել է 2013 թվականին, քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք։ Կարապետյանն այս կայքը գովազդելով, երբ դեռ քաղաքապետ էր, նշում էր, որ մանկապարտեզները յուրաքանչյուրի հոգածության կարիքն ունեն, եւ մանկապարտեզներին ուղղված ցանկացած կամավոր ներդրում կարող է զգալի արդյունք տալ: Ի դեպ, հենց Կարեն Կարապետյանն անվճար դարձրեց Երեւանի մանկապարտեզները՝ փոխարենը ստեղծելով «Օգնիր մանկապարտեզներին» կայքը։ Բայց կամավորից պարտադիր սահուն անցման հնարավորությունը եւ սրա հետ կապված կոռուպցիոն ռիսկերը, գուցե, այն ժամանակ լավ չէին հաշվարկել։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ