Խարդախության զոհ դարձած քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել

Խարդախության զոհ դարձած քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել

Լեւոն Սիմոնյանը եւ նրա կինը՝ Մարինե Հայրապետյանը, վաճառելով սեփական գույքն ու ունեցվածքը, 2011 թ․ Ցոլակ Թանգամյանից եւ Արմեն Խաչատրյանից գնել են Կիեւյան 2/7 հասցեում գտնվող հողատարածքը։ Ամուսինները, սակայն, չեն հասցրել կառուցապատել եւ բնակվել այնտեղ, քանի որ վաճառք իրականացրած Ցոլակը նրանց ավելի ուշ հայտնել է, որ տարածքի հետ կապված գործ կա դատարանում։



Վեց տարի անընդմեջ դատական քաշքշուկների մեջ հայտնված Լեւոն Սիմոնյանն ասում է, որ դարձել է խարդախության զոհ․ «Տարածքում ոչինչ չկար արված, իմ տարածքի հետեւի մասում մեկ այլ տարածք էլ կար, որի սեփականատիրոջ հետ կողմերը դատական գործերի մեջ են եղել, որոնք կարճվել են։ Սեփականատեր Հասմիկ Հունանյանը բողոքել է դատարան, որ ինձ հետ կնքած պայմանագիրը ճանաչեն առոչինչ»։
Ինչպես տեղեկանում ենք փաստաթղթերից, Հասմիկ Հունանյանը բողոքարկել է, որ վաճառքն իրականացրած Ցոլակ Թանգամյանն այդ տարածքը սեփականացրել է խարդախությամբ, եւ այն անօրինական է։ Առաջին ատյանի դատարանի որոշումը եղել է հօգուտ Լեւոն Սիմոնյանի, սակայն վերաքննիչ դատարանը հակառակ որոշումն է կայացրել։ «Հասմիկ Հունանյանի ամուսինը ոստիկանության ծառայակից է եղել, ո՞նց կարող էր օրենքի հետ կապ ունեցող անձը թույլ տալ, որ չորս տարի խաբեությամբ իրենց տարածքն այլ մարդիկ տնօրինեն եւ վաճառքից հետո միայն դրա մասին հիշեն»,- նշում է Լեւոն Սիմոնյանը։



Նշենք, որ այս պատմության «գլխավոր հերոս» Ցոլակ Թանգամյանը 2003 թվականի հուլիսին ինքնասպան էր եղել։ Նա «Հրապարակին» ուղղված իր վերջին նամակում գրել էր, որ իրեն հետապնդում են, եւ ինքը ցանկանում է վերջ տալ կյանքին։ «Ինձ` Ցոլակ Երջանիկի Թանգամյանիս, հետապնդում են 1994-ից մինչ այսօր Սամվել Հրաչիկի Հունանյանը (Հասմիկ Հունանյանի ամուսինը) եւ Արթուր Վիրաբյանը` խլելով ինձնից Կիեւյան 2ա-ի 176 քմ տարածքը, եւ նույն ձեւով խլում են Կիեւյան 2ա-ի 124 քմ իմ տարածքը եւ հիմա էլ քրեական հետապնդում են իրականացնում իրենց բարձրաստիճան մտերիմների հետ: Սամվել Հունանյանը եղել է ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատող, որը հեռացվել եւ չինազրկվել է հրաման չկատարելու համար 2008 թ.-ին…Ես բազմիցս բացականչել եւ տեղյակ եմ պահել ձեզ բոլորիդ: Այսքան անարդարություններից հետո ես չեմ կարող ապրել, որ տարիներ շարունակ ձգձգվում են ու շարունակվում են հետապնդումները»,- գրել էր նա։



Հասմիկ Հունանյանի փաստաբան Մերի Գեւորգյանը պնդում է, որ իրենք որեւէ առնչություն չունեն Լեւոն եւ Մարինե Սիմոնյանների հետ, իրենք դատական քաշքշուկի մեջ են եղել հանգուցյալ Ցոլակ Թանգամյանի հետ․ «Ե՛վ Մարինեն, ե՛ւ Լեւոնը, մինչեւ Ցոլակի մահը, երբեւէ չեն խոսել այդ գույքից, առհասարակ՝ որպես սեփականատեր չեն վերաբերվել։ Ցոլակը պարզապես, երբ ստացել էր ծանուցում, մեր դատական պրոցեսը դժվարացնելու համար այդ գույքը նրանց անունով էր գրանցել։ Իրենք ոչ գնորդ են, ոչ էլ սեփականատեր, իրենք դատական նիստերին չէին մասնակցում, միայն նշում էին՝ Ցոլակի փաստաբանը ոնց կասի»։ Ըստ փաստաբանի, Ցոլակ Թանգամյանը չի ցանկացել ինքնասպանություն գործել, այլ կալանքից խուսափելու համար փորձել է ինքնավնասվել, ինչը, սակայն, հանգեցրել է մահվան․ «Ցոլակի մահից հետո Մարինեն եւ Լեւոնը որոշեցին, որ իրենք են գույքի տերը։ Մենք կարծում ենք, ամենայն հավանականությամբ, Ցոլակը նրանցից գումար է վերցրել եւ տարածքը նրանց անունով գրանցել, որովհետեւ դա նրա ձեռագիրն է։ Այդ գույքը բազմիցս տարբեր մարդկանց անունով գրանցվել է, բայց չի վաճառվել»։



Փաստաբանի խոսքով, գույքը բավականին թանկ արժե, սակայն Սիմոնյաններն այն ձեռք են բերել շատ ցածր գնով․ «Նրանք գնորդ չեն, որովհետեւ տեղյակ չէին, թե որտեղ է տարածքը, տեղատեսությունների ժամանակ չունեին բանալի, չգիտեին, թե որ հատվածի մասին է խոսքը»։



Լեւոն Սիմոնյանն էլ նշում է, որ հոգնել է անարդարությունից, վերջերս նա փորձել էր նետվել կամրջից, սակայն իրավապահներին հաջողվել է կանխել այն։ Մեզ հետ զրույցում Սիմոնյանը տեղեկացրեց, որ դիմել է արդարադատության նախարարություն, վարչապետին, Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց է ակցիա իրականացրել․ «Վերջին հույսս վճռաբեկ դատարանն է, եթե նա չբեկանի վերաքննիչի դատավոր Միքայելյանի որոշումը, հենց Հանրապետության հրապարակում կինքնահրկիզվեմ։ Վեց տարի այս անիմաստ քաշքշուկի մեջ եմ։ Ինչքա՞ն կարող եմ աներոջս տանն ապրել, ո՞նց կարող էին անտեղյակ լինել եւ վաճառք իրականացնել։ Հիմա էլ ես կորցրի ամեն ինչ»։




Լիլիթ ՇԱԲՈՅԱՆ