Պետք չէ այդքան կարևորել արտաշատյան ընտրությունները

Պետք չէ այդքան կարևորել արտաշատյան ընտրությունները

Մինչ մամուլն ու հասարակության մի մասը սպասում է ու ենթադրություններ անում, թե Արտաշատում Արգամ Աբրահամյանին ով կփոխարինի, եւ ինչպիսի ՏԻՄ ընտրություններ կլինեն, տեղի բնակիչներից շատերն առանձնապես չեն կարեւորում այս ընտրությունները: Ոմանք էլ այս կարճ ժամանակամիջոցում Արտաշատի նոր քաղաքապետ «կարգեցին» Հովհաննես Ղազարյանին, նրան մրցակից «նշանակեցին» Գագիկ Պողոսյանին, նրանց հերթափոխով «նշանակեցին» քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, նորից «հեռացրին»: Մինչդեռ ԿԸՀ-ն ու իշխանությունը չեն շտապում, եւ արտաշատյան ընտրությունները, հավանաբար, կկայանան նոյեմբեր ամսին:



Արտաշատ մեր այցելության օրը՝ մայիսի 22-ին, քաղաքը ոչ ղեկավար ուներ, ոչ էլ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ինչը նկատելի էր անգամ քաղաքի փողոցներից. հրապարակին հարող փողոցի աղբամանների աղբն արդեն դուրս էր եկել սահմաններից: Քաղաքապետարանի ընդունարանում ասացին, որ քաղաքապետի գործառույթները կատարում են նախկին քաղաքապետի տեղակալները, առանց հստակեցնելու, թե հատկապես որ տեղակալը:



Ըստ մեր աղբյուրի, աբրահամյանական թեւն ուզում է ամեն գնով իր ձեռքում պահել քաղաքապետարանը՝ իր լծակներով, ու ԺՊ նշանակել Գագիկ Պողոսյանին՝ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբորը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ-ական թեւն ուզում է կարգել Հովհաննես Ղազարյանին՝ հայտնի «Գազի Հովո» անունով: Թե ինչպես կհանգուցալուծվի այս խնդիրը, պարզ կլինի առաջիկա օրերին:
Արտաշատում մարդիկ վախենում են հարցազրույց տալիս ներկայանալ անուն-ազգանունով: Շատերն ափսոսանքով են խոսում, որ Արգամն այլեւս քաղաքապետ չի լինելու․ «Հորից հազար գլուխ լավ մարդ էր: Բայց էդ էլ ասենք, որ հոր՝ վարչապետ եղած ժամանակ շատ գործեր արեց, Հովիկ Արգամիչն իր տղու անունի համար ոչ մի բան չխնայեց: Հիմա ով էլ լինի քաղաքապետ, թեկուզ էլի Արգամիչի մարդը, ասենք՝ Պողոսյանը, Արգամիչը չի անի այն, ինչ արեց իր որդու համար: Արգամից առաջ էլ է իրենց մարդը եղել քաղաքապետ, ոչ մի բան քաղաքի համար չէր արվում: Չնայած հիմա ձեռքն էլ ճար չկա, որ անի, հազիվ թե նա նորից վարչապետ դառնա»: Մեկ այլ արտաշատցի էլ իր դժգոհությունը հայտնեց․ «Ես իմ ձայնը տվեցի Ծառուկյանին՝ կարծելով, թե ընդդիմությանն եմ տալիս, էն էլ գնացին պառլամենտ, Հանրապետականն ինչ ասում է, կողմ են քվեարկում»: Մեկ այլ արտաշատցի էլ վրդովված էր Գալուստ Սահակյանի՝ նորից ԱԺ անցնելու կապակցությամբ․ «Այ մարդ, դե ասա հերիք է, էլի, մեծ մարդ ես՝ տարիքդ առած, գնա տանը նստի, թոռներիդ հետ զբաղվի, ժամացույց էլ նվիրեցին, որ հասկացնեն՝ ժամանակդ սպառված է, չհասկացավ, էլի եկավ-նստեց, հոգնել են, թողեք ջահելներ գան, էլի»։



«Արտաշատում «Բարգավաճը» հաղթել է, մենք բոլորս «Բարգավաճին» ենք ընտրել»,- հպարտացավ զրուցակիցներիցս մեկը: Ընդհանուր առմամբ՝ Արտաշատում, ինչպես Հայաստանի այլ համայնքներում, մարդիկ դժգոհ են իրենց սոցիալական վիճակից, գործազրկությունից: Զրուցակիցներիցս մեկը մատնացույց արեց քաղաքի կենտրոնում գտնվող «Ֆինկա» վարկային կազմակերպության բակը, որը լիքն էր ավտոմեքենաներով․ «Եթե լավ ենք ապրում, ինչո՞ւ են մարդիկ այսքան վարկերի տակ ճռռում, էլի հերթ կանգնում, որ վարկ վերցնեն, հին վարկը փակեն։ Գնացեք հարցրեք, թե ոնց են մարելու այդ վարկերը, նրանցից շատերը զրկվել են տնից-տեղից: Դա է մեր իրական կյանքը, թե չէ Աբրահամյան, Հանրապետական, Գազի Հովո, չգիտես ինչ, մեզ ի՞նչ, թե ով կընտրվի, իրենք իրենց պաշտոնի կռիվն են անում, յուղալի պատառ ձեռքներն ընկնի, մեր կյանքում ոչինչ չի փոխվելու: Էդ ընտրությունները ձեւական բան են, իրենք իրար հետ մի տեղ կնստեն մի օբյեկտում, համ հաց կուտեն, համ էլ կորոշեն, թե ով է լինելու քաղաքապետ, ձեւական ընտրություն կանեն, ժողովրդին մի քիչ կխառնեն իրար, դրանով կխաբեն, կզբաղեցնեն, օրներս կանցնի: Իսկ մեզ համար ոչինչ չի փոխվի, մենք ենք ու մեր վարկերը»:




Նաիրա ՎԱՆՅԱՆ