Այլևս որակյալ դեղն անվճար չեն ստանում․ «Նախարարը եկավ, ծրագիրը փակեց»

Այլևս որակյալ դեղն անվճար չեն ստանում․ «Նախարարը եկավ, ծրագիրը փակեց»

Հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող մի շարք քաղաքացիների հարազատներ այսօր Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել։ Պատճառը դժգոհությունն էր առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից, որը, ըստ նրանց, դադարեցրել է մի ծրագիր, որով իրենք անվճար որակյալ դեղ էին ստանում։ Այդպիսի մոտ 300 հիվանդ կա Հայաստանում։



Մեզ հետ զրույցում հավաքված կանայք Hraparak.am-ին բացատրեցին խնդրի էությունը։ Նրանք ասացին, որ Առողջապահության նախարարության մի ծրագրի շրջանակներում իրենք այս տարիներին անվճար իսպանական «Զիպռեկսա» տեսակի դեղ էին ստանում, որը շատ արդյունավետ օգնում էր հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող իրենց հարազատներին (մեկի որդին է հիվանդ, մյուսի ամուսինը և այսպես շարունակ): Մենք տեղեկացանք նաև, որ հիվանդների մեջ կան նաև բանակում զինծառայության ընթացքում հոգեկան խնդիրներ ձեռք բերած երիտասարդներ։ Եվ հիմա, արդեն երեք ամիս է՝ իրենք այդ դեղը չեն ստանում։ Փոխարենը ստանում են հայկական արտադրության «Օլանզապին» տեսակի դեղը, որը ոչ միայն օգուտ չի տալիս, այլև վնաս է տալիս։



«Որ դեղը որ խմում էին, «Զիպռեկսա դեղը», որն անվճար ստանում էինք և շատ թանկարժեք է, ոչ մեկի բյուջեին չի համապատասխանում, որ գնի, չեն տալիս էդ դեղը, տալիս են հայկական «Օլանզապինը», որը, իրենց բացատրելով, նույն մեխանիզմն է, ինչ որ «Զիպռեկսան»։ Բայց փաստը մնում է փաստ, որ մեր հիվանդները բոլորն էլ վատ վիճակում են։ Մարտի 14-ին այս հարցով մենք եղել ենք նախարարի մոտ, նա պատասխանել է, որ բյուջեում գումար չկա, ես չեմ կարող ձեր 300 հոգուն օգնել, անվճար որակյալ դեղորայք տալ՝ մյուս հազարավոր հիվանդներին չօգնելով»,-ասացին մեզ կանայք՝ նշելով, որ «Զիպռեկսայի» մեկ հաբն արժե մոտ 4000 դրամ, և օրական մեկ հաբ պարտադիր պետք է ընդունել։ Այսինքն՝ ամսական 30 հաբ, որը մոտ 120 հազար դրամ է կազմում։



«Եթե հիվանդն ստանում է 30 հազար դրամ թոշակ, ես նրա մայրն եմ, դրա որքա՞ն մասը տամ այդ դեղորայքն առնեմ, որը պետք է ամեն օր քնելուց առաջ պարտադիր ընդունի։ Մենք չենք ապրում, մենք պայքարում ենք գոյատևելու համար, սենց երկի՞ր կլինի, ինչի՞ են ոտնահարում մեր իրավունքները»-ասաց մեր զրուցակիցներից Ռիմա Սարգսյանը։



Մեզ բացատրեցին, որ այս ծրագիրը, որն արտահիվանդանոցային բուժոււմ էր ենթադրում, մեկնարկել էր դեռ նախորդ նախարարի օրոք և արդյունավետ գործել է մինչև վերջերս։ Բայց նոր նախարար Լևոն Ալթունյանը որոշել է փակել այն։ Այս ընթացքում բարեգործական միջոցներով Կանադայից ուղարկված «Օլանզապին» էին ստացել, որը, ըստ հիվանդների հարազատների, օգուտի փոխարեն վնաս է տվել հիվանդներին։



«Հինգ օր եմ տվել էդ կանադական դեղից, ահավոր վիճակը վատացավ, էն աստիճանի, որ դռները փակ էի պահում, որ դուրս չգա հարևաններին վնասի։ Զանգել եմ բժշկին, ասել եմ՝ էսպես է վիճակը, ասել է՝ դադարեցրեք էդ դեղերի ընդունումը»,-ասաց տիկին Ռիման՝ նշելով, որ «Զիպռեկսայի» դեպքում ամեն ինչ կարգին էր, հիվանդն էլ իրեն լավ էր զգում։



Դրանից հետո սկսել են հայկական արտադրության «Օլանզապին» տրամադրել անվճար, որն էլ օգուտ չի տալիս։



«Նախկին նախարար պարոն Արմեն Մուրադյանը մեր թիկունքին կանգնած էր, շատ լավ մեզ օգնում էր, և արդեն համարյա մի տարի է՝ մեր դեղորայքը ստանում էինք, իսկ ինչ եկավ Լևոն Ալթունյանը, նա միանգամից մեզ զրկեց դրանից»-ասացին նախարարի որոշումից դժգոհող կանայք։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ