Պաշտոնական զրույցներ «ստվերի» մասին

Պաշտոնական զրույցներ «ստվերի» մասին

Անցյալ տարեվերջին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարում էր, որ 2017 թվականին ստվերի կրճատման հաշվին 20-24 մլրդ․ դրամի լրացուցիչ մուտքեր է ապահովելու բյուջե։ Նախարարի տված խոսքի կատարմանը երկար չսպասեցինք։ Մայիսի 11-ին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարեց, որ խոշոր հարկատուների ստվերի կրճատման հաշվին հարկերի վճարման աճ է գրանցվել եւ նույնիսկ ավելին, քան պլանավորված էր բյուջեով։ «Հայաստանի պատմության մեջ չի գրանցվել 107 միլիարդի հավաքագրում, եւ սուբյեկտիվ է ասելը, որ դա ստվերի հաշվին չէ: Ուրիշ տեղից անհնարին էր այս թիվն ապահովել»,- ասաց նա՝ ստվերային տնտեսության հստակ թիվ նշելով 48.8 տոկոսը․ «2016թ. դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը գնահատվում էր 48.8 տոկոս: Հիմա ստվերը նվազել է, մասնավորապես՝ մարտին այն կազմել է 33.2 տոկոս»։ Տնտեսության 49 տոկոսանոց ստվերի կրճատման մասին խոսելիս Վարդան Հարությունյանը չի բացատրում, թե ինչու համախառն ներքին արդյունքը չի ավելացել, եւ մնացել է 3 տոկոս։ Ինչո՞ւ է ստվերն այսքան շեշտակի կրճատվել, բայց ՀՆԱ-ն չի ավելացել։



Ո՞ւր են կորել այս արդեն «սպիտակ» գումարները եւ ոչ մի կերպ չեն արտահայտվել։ Մասնագետները նշում են, որ եթե այս թվերն իրական են, ապա տարեվերջին մենք ՀՆԱ-ի հեղափոխական բարձր ցուցանիշ պետք է ունենանք։ Կարճ ժամանակում մեծ արդյունք ցույց տալու նպատակով կառավարության անդամները պարբերաբար ստիպված են ցնցող հայտարարություններ անել, հասկացնելով հանրությանը, որ այնքան լավ են աշխատել, որ սենսացիոն արդյունքներ են արձանագրել, ու շուտով մենք դրանք կզգանք մեր մաշկի վրա։ Իհարկե, նրանք չեն կարող ասել, որ, օրինակ, աշխատավարձն է բարձրացել, կամ, օրինակ, գործազրկությունը կտրուկ նվազել է, եւ Հայաստանում աշխատանք գտնելը շատ հեշտ է։ Ահա ինչու կառավարության անդամները խոսում են անտեսանելի արդյունքների մասին, որոնք միայն իրենք կարող են տեսնել։ Օրինակ՝ ստվերի կրճատման։



Նկատենք, որ ստվերային տնտեսության չափը պաշտոնապես նշվում է առաջին անգամ։ Այնպես չէ, որ Վարդան Հարությունյանը եւ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ավելի խելացի են, քան տվյալ գերատեսչությունների մյուս բոլոր ղեկավարները։ Պարզապես այս թվերը նշելով, նրանք պարտավորված կլինեին նաեւ հայտնել, թե որտեղ են այդ միլիոնները եւ ինչու չեն մտնում բյուջե։ Հակառակ դեպքում նրանց գուցեեւ դատեին իմանալ չհայտնելու մասին։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հիշեցնում է, որ մինչեւ Վարդան Հարությունյանը, երբ ընդդիմադիրները կառավարության առաջ ստվերի ոչ պաշտոնական թվեր էին դնում՝ մինչեւ 60 տոկոս, նրանք առհասարակ ժխտում էին դրա առկայությունը։ «Մի մասն ասում էր՝ ստվեր չկա, մյուսներն ասում էին՝ իսկ ո՞վ է գնահատել։ Հիմա բաց հայտարարում են, ու իրենց հաշվարկման մեխանիզմը, իհարկե, հետաքրքիր է, բայց ես համոզված եմ, որ Հայաստանում դասական իմաստով ստվեր չկա»,- ասում է տնտեսագետը։ Ըստ նրա, Հայաստանում կա ոչ թե ստվերային տնտեսություն, այլ մի ստվերային բյուջե, որից բոլորը տեղյակ են։ «Պարբերաբար արտոնյալների տեսականին փոխվում է, ինչ-որ մարդիկ հայտնվում են ոչ արտոնյալ կարգավիճակում, եւ նրանց դուրս են բերում հարկային դաշտ»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ