«Արեգնազանի» աշակերտների հերթական այցը

«Արեգնազանի» աշակերտների հերթական այցը

Իրազեկվածությունը եւ գործնական գիտելիքները կարեւոր են մասնագիտական կողմնորոշման եւ զարգացման համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես կիսում է իր փորձը հեռահաղորդակցության ոլորտով, ընկերության կառավարման մշակույթով հետաքրքրվող երիտասարդների հետ, որոնք ցանկանում են պատկերացում կազմել ոլորտին առնչվող մասնագիտությունների վերաբերյալ:



Երեւանի «Արեգնազան» կրթահամալիրում սովորողների հերթական խումբն այցելել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գրասենյակ: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի դասախոսության եւ նրա հետ հարցուպատասխանի արդյունքում երիտասարդները ծանոթացել են հետաքրքրող թեմաներին: Ռալֆ Յիրիկյանն աշակերտներին ներկայացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի անցած ուղին, ինչպես նաեւ՝ երկրի հեռահաղորդակցության ոլորտում ընկերության արձանագրած հաջողություններն ու նվաճումները: Կազմակերպվել է նաեւ շրջայց՝ տարբեր վարչություններում: Ինտերակտիվ շփման միջոցով «Արեգնազանի» սաներն ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, առավել հստակ պատկերացում կազմել բիզնես ոլորտի ամենօրյա գործառույթների եւ կորպորատիվ պատասխանատվության մասին:



«Մասնագիտական կողմնորոշումը նույնքան կարեւոր է, որքան գիտելիքների ձեռքբերումը, ընդ որում՝ երիտասարդ տարիքից: Նման հանդիպումներն աշակերտներին հնարավորություն են տալիս գործնական եւ անմիջական շփման ճանապարհով բացահայտելու իրենց մասնագիտական նախընտրությունները՝ ապագայում մասնագիտական հաջողված ուղի կերտելու նպատակով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



«Արեգնազան» կրթահամալիրը գործում է 1994թ.-ից եւ Հայաստանի առաջին ու միակ վալդորֆյան դպրոցն է: Վալդորֆյան մանկավարժության հիմնական սկզբունքը ներդաշնակ զարգացումն է: