Գյումրիի «Վերածնունդ» փառատոնը զրկվել է որոշ անձանց հովանավորությունից

Գյումրիի «Վերածնունդ» փառատոնը զրկվել է որոշ անձանց հովանավորությունից

Ապրիլի 20-ից Գյումրիում մեկնարկել է «Վերածնունդ» միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության՝ մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակին: Ի տարբերություն նախորդ տարիների, փառատոնը շարունակվելու է մինչեւ տարեվերջ: Այս տարի Գյումրի այցելեցին 35 երկրների ավելի քան 3 հազար մասնակիցներ, որոնք պայքարելու են երաժշտական տարբեր անվանակարգերի համար: Փառատոնի կազմակերպիչների խոսքերով, իրենց հիմնական նպատակը նպաստելն է տարբեր ազգերի եւ ժողովուրդների մշակույթների մերձեցմանը, մշակույթի միջոցով ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, մշակութային կյանքի զարգացմանը ՀՀ մարզերում: «Վերածնունդ» փառատոնը մշտապես անցկացվել է նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների՝ տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի, եւ եղբոր՝ Լեւոն Սարգսյանի հովանու ներքո: Բավական է նշել, որ փառատոնի կազմակերպիչներից է Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Լեւոն Սարգսյանն է: 



Անցյալ տարի Գյումրու ավագանու որոշմամբ հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանին եւ նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանին շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում: Հիշեցնենք, որ մի շարք գյումրեցիներ մասնակցեցին ԳԱԼԱ կուսակցության կազմակերպած ստորագրահավաքին, որով արտահայտեցին իրենց դժգոհությունն ավագանու որոշման դեմ: Քաղաքացիների պնդմամբ, նախագահի եղբայրն արժանի չէր այդ տիտղոսին: Շուրջ մեկ տարի է անցել այդ դեպքից, այսօր պտտվող խոսակցությունների համաձայն՝ Լեւոն Սարգսյանը եւ Գաբրիել Ջեմբերջյանը, վիրավորված գյումրեցիներից, այլեւս քաղցր աչքով չեն նայում հանրապետության երկրորդ քաղաքում անցկացվող ամենամյա փառատոնին՝ չեն ֆինանսավորում այն:



Ովքեր եւ ինչպես են հովանավորում այս տարի փառատոնը, փորձեցինք պարզել «Վերածնունդ» միջազգային փառատոնի մամուլի պատասխանատու Աննման Մինասյանից: «Գիտեք, սխալ է ասել, թե մեր նախկին հովանավորները հետ են քաշվել, դա այդպես չէ: Պարզապես ամեն տարի փոխվում է հովանավորչության չափը, մի քիչ ավել, մի քիչ պակաս, նոր հովանավորներ են ի հայտ գալիս։ Օրինակ՝ այս տարի մեզ բավականին շատ օգնեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, իհարկե, մեր մշտական հովանավորն է «Փյունիկ» հիմնադրամը, Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը»։ Պետք է նշենք, որ «Վերածնունդ» միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնի սկիզբն իսկապես շռնդալից էր, ներկա էին աշխարհահռչակ հյուրեր: Գյումրեցի երաժշտասեր հանդիսատեսը հոտնկայս երկար ծափահարեց ռուսական բանակի Ա. Վ. Ալեքսանդրովի անվան երգի եւ պարի ակադեմիական անսամբլի՝ ավիաաղետի զոհ դարձած երաժիշտներից միակ ողջ մնացածին՝ մենակատար Բորիս Դյակովին, կատարումից հետո: Աննման Մինասյանից հետաքրքրվեցինք, թե ուր մնաց այդ խանդավառությունը, եւ ինչ ծրագրեր ունեն փառատոնի կազմակերպիչները: «Այս պահին զբաղված ենք մրցանակաբաշխությամբ: Գյումրիում դադար է, որովհետեւ առաջին անգամ որոշել ենք մրցանակաբաշխություն անցկացնել ՀՀ բոլոր մարզերում, որտեղ ամեն նոմինացիայի մասնակից իր ղեկավարի, խմբի հետ կլինի այնտեղ, եւ հանդես կգան նաեւ համերգային ծրագրերով: Ասեմ ավելին, սպասվում է այց նաեւ Արցախ: Նախորդ տարիների համեմատությամբ որոշել ենք, որ գումարները, որոնք ծախսվել են մեդալներ ձեռք բերելու համար, այլ կերպ են ծախսվելու:



Մեդալակիրները գնալու են տարբեր երկրներ՝ ամառային արվեստների դպրոցներ՝ վարպետության դասեր քաղելու, փորձի փոխանակում անելու: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել Մոսկվայի եւ Ավստրիայի հետ: Իսկ, ահա, հունիս ամսին մեր դափնեկիրները կմեկնեն Վիեննա եւ Ավստրիա՝ համերգներ տալու»: Նշենք, որ փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2007 թվականին, Երեւանի պետական կոնսերվատորիայի մի խումբ երաժիշտների ջանքերով: Առաջին փառատոնին մասնակցել են շուրջ 400 պատանի երաժիշտներ՝ հանրապետության երեք մարզերից եւ Երեւանից, այնուհետ տարեցտարի փառատոնն այնքան ընդարձակվեց, որ արժանացավ միջազգային ճանաչման:




Արեւիկ ՀԱԿՈԲՅԱՆ