Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Մայիսի 18-ին՝ ԱԺ 6-րդ գումարման առաջին նստաշրջանի բացման ժամանակ, Դուք առանձնահատուկ կարեւորեցիք արդարության համար տարվող քաղաքական պայքարը, ուստի հենց դա կարեւորելով, Ձեզ ենք դիմում՝ ուշադրություն հրավիրելով Սյունյաց աշխարհի բազմաչարչար սիսիանցիներին մտահոգող հիմնախնդրի վրա: 



2016թ. հոկտեմբերի 2-ին, օգտագործելով ընկերների կողմից դրսից ներմուծված հսկայական գումարները, ինչպես նաեւ ունենալով ՀՀ ուժային կառույցների՝ ոստիկանության եւ բանակի աջակցությունը, Սիսիանում արձանագրելով ընտրողների աննախադեպ մասնակցություն, քաղաքապետ դարձավ Արթուր Սարգսյանը:
Վերջինս, օգտագործելով համայնքային բյուջեի պահուստային ֆոնդի միջոցները՝ շուրջ 15 մլն․ դրամ, որոշակի ցուցադրական աշխատանքներ իրականացրեց քաղաքում, ընդ որում՝ մինչեւ վերջերս ներկայացնում էր, թե այդ ամենը բարեգործության արդյունք է: Օրեր առաջ՝ ավագանու նիստի ժամանակ պարզ դարձավ, որ այդ միջոցները համայնքն է տրամադրել:



Սարգսյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո կտրուկ լարված է անցնում սիսիանցիների կյանքը: Խաղաղ այս բնակավայրում տարիներ ի վեր չկային թաղային «ռազբորկաներ»: Հիմա դրանց թիվը կտրուկ ավելացել է, որոնցում գործուն մասնակցություն ունի անձամբ քաղաքապետ Արթուր Սարգսյանը: Ֆինանսատնտեսական խնդիրներ լուծելու նպատակով արդեն իսկ արձանագրվել են մի շարք միջադեպեր, ընդ որում՝ դրանցից 2-ն ավարտվել է դանակահարությամբ: Մեծ խմբին իրենց տան դիմաց դիմակայելու համար դանակի հարվածներ են ստացել Տիրանն ու Մհերը: Այդ ամենին անմիջական մասնակցություն է ունեցել Արթուր Սարգսյանը: Այս ամենի վրա ոստիկանությունն աչք փակեց, քանի որ Սիսիանի ոստիկանապետն Արթուր Սարգսյանի շրջապատի տղա է, ինչն էլ ավելի է ոգեւորում քաղաքապետի թիմակիցներին, որ հարցերն այսուհետ էլ լուծեն «ռազբորկաների» միջոցով:



Բավականին լարված եւ ոչ աշխատանքային իրավիճակ է նաեւ Սիսիանի քաղաքապետարանում, ենթակա հիմնարկ-ձեռնարկություններում գործում են ստրկատիրական կարգեր, եւ, ինչպես քաղաքապետի ծննդյան օրը բոլորը նրա պատկերով շապիկներ էին հագել, այդ նույն ոգով էլ եւ վախվորած կատարում են նրա ցանկացած հանձնարարականը (խոսքը ոչ աշխատանքային հանձնարարությունների մասին է): Զավեշտն այն է, որ աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվում են յուրաքանչյուր ամիս՝ այսկերպ նրանց պահելով կախվածության մեջ:
Իսկ ապրիլի 2-ին Արթուր Սարգսյանն ԱԺ պատգամավոր դարձրեց ավագ եղբորը, ում ստացած ձայների կեսից ավելին տվել են զինվորականները, ընդ որում՝ Սիսիանում ՀՀԿ-ն այս ընտրություններում արձանագրել է ամենացածր արդյունքը: Փաստենք, որ Ավետ Սարգսյանը որեւէ աղերս չունի քաղաքականության հետ, եւ, օգտագործելով արդեն իսկ նաեւ պատգամավորի մանդատը, քաղաքապետ Արթուրը դարձել է էլ ավելի անհանդուրժող, առավել ագրեսոր եւ ցանկացած պատեհ առիթի մատնանշում է, որ Սարգսյանները կանգնած են իր թիկունքին, հետեւաբար՝ ինչ, երբ, որտեղ ուզենա, կարող է անել:



Պարոն նախագահ, հույս ունենք, որ Ձեր մատնանշած արդարությունը խոսքից գործի կվերածվի, եւ դրա սկիզբը կլինի հենց Սիսիանում, որտեղ ներկայիս իշխանությունն օր օրի ավելի է կորցնում սեփական ինքնատիրապետումը… Զսպե´ք Արթուրի եւ նրա շրջապատի ախորժակը:



Աշոտ ՎԱՐԴԱՆՅԱՆ Աղվան ԱԼԵՔՍԱՆՅԱՆ