Ընդդեմ տապի՝ ռոք, ջազ, փոփ, ֆոլկ համերգներ

Ընդդեմ տապի՝ ռոք, ջազ, փոփ, ֆոլկ համերգներ

Հուլիսի 2-ից օգոստոսի 26-ը յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի Երեւանի տարբեր հրապարակներում, այգիներում եւ պուրակներում մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Տապ չկա՛» կարգախոսի ներքո տեղի կունենան ռոք, ջազ, փոփ, ֆոլկ համերգներ, ինչպես նաեւ բացօթյա կինոցուցադրություններ։ 



Այսօր այդ առթիվ մամուլի ասուլիս էին հրավիրել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու ««Միհր» ստեղծագործողների միություն» հ/կ տնօրեն Շողակաթ Մլքե-Գալստյանը։ Նրանք բարձր տրամադրությամբ ծանուցեցին փառատոնի նպատակների, անցկացման վայրերի մասին։



Շողակաթ Մլքե-Գալստյանը նշեց, որ փառատոնի նպատակը երաժշտական կոմպոնենտով քաղաքի մթնոլորտը փոխելն է, տրանսֆորմացնելն այն երաժշտությունը, որ մենք լսում ենք սրճարաններում։ Իսկ կինո բաղադրիչով, ըստ նրա, իրենք փորձում են լավագույն ֆիլմերը դարձնել հասանելի։
Շողակաթ Մլքե-Գալստյանն ասաց, որ իրենք փորձում են մշակութային դարձնել շաբաթ-կիրակիները, այսպես կոչված, «ուիքենդները»։



«Մի ամբողջ ամառ մենք առաջարկում ենք, թե ինչ կարելի է անել շաբաթ-կիրակի օրերին։ Դրանք բարձր մշակույթ ունեցող համերգներն ու կինոներն են»,- ասաց նա։ Համերգների համար, ըստ նրա, նախատեսված են Գաֆեսճյան հրապարակը, Ազնավուրի հրապարակը, Կարապի լիճը, Հյուսիսային պողոտան, իսկ կինոդիտումները կլինեն ավելի «ինտիմ» միջավայրում՝ «Սիրահարների այգում», Հարավ-արեւմտյան թաղամասում, «Թումո» կենտրոնին մերձակա տարածքում։ 



Թեխ համերգները, թե՛ կինոդիտումները լինելու են բացօթյա, անվճար, եւ դրա նպատակն է, որ ժամանակակից արժեքները լինեն հասանելի, ավելի շատ մարդիկ տեղյակ լինեն դրանցից։



Հուլիսի 2-ից կսկսվեն համերգները։ Շողակաթ Մլքե-Գալստյանն ասաց, որ շատ խմբեր իրենք են հոգացել իրենց ծախսերը։ Շողակաթը նկատեց, որ համերգների եւ կինոդիտումների ժամանակ փորձելու են լսել հանդիսատեսի կարծիքը, իմանալ, թե ինչի կարիք ունի նա, որպեսզի այն հետագայում էլ շարունակեն։
Արմեն Ամիրյանն էլ հավելեց, որ միջոցառումները ծախսատար են, սակայն իրենց աջակցել է «Կոկա-կոլան», հույս ունի, որ այլ աջակիցներ էլ կգտնվեն։