Ամոթ չի՝ էս դարում օձի կծածից մարդ մեռնի․ տվյալներ

Ամոթ չի՝ էս դարում օձի կծածից մարդ մեռնի․ տվյալներ

Հատկապես վերջին շրջանում բազմաթիվ հաղորդագրություններ են տարածվում օձերի հայտնաբերման մասին, իսկ երբեմն այս սողունների հետ մարդու շփումը տխուր ավարտ է ունենում: «Հրապարակը» հարցում էր արել ԱԻՆ՝ պարզելու վերջին 5 տարում օձի խայթոցից քանի մարդ է մահացել, որ մարզերում են դեպքերը շատ գրանցվել, ինչ ահազանգեր ունեն։ ԱԻՆ-ից մեզ ուղարկել են վերջին երեք տարվա վիճակագրական տվյալները։



Ըստ այդմ՝ 2015 թ գրանցվել է օձերի նկատման եւ հայտնաբերման 670 դեպք, 2016 թ՝ 530 դեպք, իսկ 2017 -ին՝ 280։ Ամենաշատ ահազանգերը, ըստ վիճակագրական տվյալի, գրանցվել է Երեւանից՝ 2015 թ՝ 338 դեպք, 2016 թ՝ 253, 2017 թ՝ 139 դեպք, երկրորդ տեղում Կոտայքի մարզն է, իսկ ահազանգերի վերաբերյալ եռյակը եզրափակում է Արարատի մարզը։



Օձերի խայթոցներից թունավորումների դեպքերը ամենաշատը գրանցվել են Երեւանում։ 2015 թ օձերից թունավորման 90 դեպք է գրանցվել ողջ հանրապետության տարածքով, որոնցից 88-ի դեպքում պարզապես վնասվածքներ են ստացել, երկու հոգի մահացել է: 2016 թ թունավորման 90 դեպք է գրանցվել, բարեբախտաբար, մահվան դեպք չի գրանցվել: 2017 թ դեռեւս գրանցվել է 19 դեպք, ԱԻՆ-ը վստահեցնում է, թե մահացություն չի գրանցվել։



Թունաբան Ռոզա Ջավադյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ օձի խայթոցից մարդը կարող է ինչպես նույն պահին մահանալ, այնպես էլ որոշ ժամանակ անց, դա կախված է նրանից, թե օձը մարմնի որ մասն է խայթում. «Անոթի մեջ է խայթում, ուղեղի կենտրոնական համակարգին, տեղակայման դիրքից է կախված, օձի թույնի քանակից է կախված։ Տարբեր ֆակտորներ կան, բայց իհարկե, հիմնականում մահ առաջանում է թույնի քանակից, եթե մեծ է լինում դոզան, մահանում են»։ Տիկին Ջավադյանի խոսքով՝ մյուս տարիների համեմատ, վերջին մի քանի տարում օձի խայթոցից մահացությունների թիվը նվազել է։



ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ բոլոր բժշկական հաստատությունները մշտապես ապահոված են հակաթույնով, նման խնդիր երբեւէ չի առաջացել։



Անդրադառնալով հակաթույն ձեռք բերելուն՝ Հայթայանն ասաց, որ ԲԿ-ները հակաթույնը ձեռք են բերում, երբ հակաթույնը ներարկվում է հիվանդին, դրա մասին զեկուցվում է առողջապահության նախարարությանը, իրենք էլ գումարը վճարում են։



Մինչդեռ Արարատի մարզի մի շարք գյուղերից մենք պարբերաբար ահազանգեր ենք ստանում, որ պետությունը պատշաճ մակարդակով հակաթույն չի տրամադրում։ «Արեւի, անձրեւի դեմ կռիվ ենք տալիս, գյուղատնտեսությամբ զբաղվում, դեռ ամեն օր էլ վախը սրտներումս, որ հանկարծ օձը չկծի։ Ոնց էն 17 տարեկան երեխուն կծեց, մահացավ, ամոթ չի՝ էս դարում օձի կծածից մարդ մեռնի»,-ասացին Սուրենավանի բնակիչները։ 



Նշենք, որ ամեն տարի օձի խայթոցից աշխարհում մահանում է 30 հազար մարդ, որից 2/3-ը` Հնդկաստանում, 1/5-րդը` Բիրմայում, նույնքան` Բրազիլիայում: Մոտ հազար մարդ մահանում է Աֆրիկայում, ԱՄՆ-ում` 15 մարդ: Առողջապահության նախարարության հրապարակած ընդհանուր տեղեկությունների համաձայն, Հայաստանում կա 4 տեսակի թունավոր օձ, դրանցից երեքն իժերի ընտանիքին են պատկանում: