Տպավորություն է, որ ապրում ենք ղաչաղների երկրում

Տպավորություն է, որ ապրում ենք ղաչաղների երկրում

Դիմում եմ Ձեզ հետեւյալ հարցով։ Ես ավելի քան մեկ տարի առաջ՝ 2016 թվականի մայիս ամսին, դիմել եմ քաղաքապետարանի համապատասխան բաժին՝ մեր տան դիմացի՝ մինչեւ փողոցի մայթն ընկած 103 քմ հողատարածքն անհատույց սեփականաշնորհելու համար։ Ժամանակին կատարել եմ բոլոր վճարումները։ Վերջապես ստացել եմ դրական որոշում Տ․ Մարգարյանի ստորագրությամբ, անցյալ տարվա դեկտեմբերի տարեթվով։ Ապրիլ ամսին կատարել եմ վճարում ներքին չափագրության համար, որը եւ կատարվել է։ Որից հետո պետք է քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի կողմից պատրաստվեր համընդհանուր (генеральный) պլան, որը ես պետք է ներկայացնեի կադաստր՝ գրանցման։ Սակայն այդ քայլը մինչեւ հիմա ձգձգվում է բաժնի ղեկավարության կողմից, այն պատճառաբանությամբ, որ մեր հարեւանը ճանապարհ է ուզում մեքենայի համար, անմիջապես մեր տան պատուհանների դիմացով, որին, բնականաբար, մենք դեմ ենք։ Պատուհաններից ներս ապրում է 80 տարեկան քույրս՝ մեծամասամբ լինելով անկողնային վիճակում, միայնակ, որին հանգստություն է պետք։ Ես ինքս աշխատում (դասավանդում) եմ Մոսկվայում եւ հիմնականում լինում եմ այնտեղ։



Հարեւանս չորս տարի է, որ այստեղ է եւ հեշտությամբ կարող էր իր մեքենայի համար ճանապարհ կառուցել, որի համար առանձնապես ծախս էլ չի պահանջվում։ Ոչ, նա ուզում է օգտվել մեր հնարավորություններից։ Դրա համար նա քանդել եւ փակել է իր կողմից եղած ճանապարհը։ Եվ նրան պաշտպանում է քաղաքապետարանի բաժնի պետ Ա․ Քասարյանը, կարելի է ասել՝ իր հիմար պատասխաններով։ Օրինակ, որ ես պետք է փողոցի կողմից կառուցեմ ապակե պատ, որպեսզի քրոջս պաշտպանեմ մեքենայի աղմուկից։ Համատարած կոռուպցիայի երկրում դժվար չէ հասկանալ, թե որտեղ է թաքնված, ինչպես ասում են, շան գլուխը։ Մի քանի օր առաջ էլ ղարաբաղցի հարեւանս իր կողմնակիցների միջոցով քանդել է մեր տան հիսուն տարվա դարպասը՝ վնասելով այն։ Իսկ թաղապետարանը տալիս է խուսափողական պատասխաններ։ Այնպիսի տպավորություն է, որ ապրում ենք ղաչաղների երկրում։



Խնդրում եմ Ձեզ ծանոթանալ գործին եւ օգնել ինձ։ Ես կարող եմ ներկայացնել գործի հետ կապված բոլոր փաստաթղթերը եւ տալ բացատրություններ։



Լեւոն ՀՈՒՆԱՆՅԱՆ
տեխնիկական գիտությունների դոկտոր