Զոհված զինվորը գեներալ Մանվելի հայրենի գյուղից էր

Զոհված զինվորը գեներալ Մանվելի հայրենի գյուղից էր

Արցախում օգոստոսի 14-ին զոհված 19-ամյա Արման Մովսիսյանը Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ էր:



Արշալույս գյուղը գեներալ Մանվելի հայրենի գյուղն է։



Հիմա կասեք՝ ինչ անենք, որ զինվորը գեներալ Մանվելի գյուղից է։ Պատասխանեմ։



Հարցը շատ եմ բարձրաձայնել, բայց «ձայն բարբառո անապատի»։ Ուզում եմ այս անգամ լսելի դարձնել նաև Մանվելին, որովհետև փոքր գյուղերում մարդիկ մի տան, գերդաստանի մտերմությամբ են իրար հետ կապված ու ցավն ընդունում են հարազատի սրտացավությամբ։



Տան ճրագը չասեմ ինչ կարևորություն ունի։ Արմանը տան միակ արու զավակն էր, ճրագը։ Ու զոհվածների մեջ միայն Արմանը չէ, որ տան միակ ճրագն էր։ Անապահովի մասին է՜լ չխոսեմ։ 



Երբ լսում եմ, որ տան միակ արու զավակը զոհվել է, մտքիս մեջ կտրվում է տան ծուխը․․․ Ծանր բան է , երբ տան միակ մոմը հանգում է․ հայի համար արու զավակը տան մոմն է։



Այս հարցը հնարավո՞ր չէ օրինական դաշտում մի քիչ տանելի դարձնել։ Չեմ կարող բառերով արտահայտել մտածածս, որովհետև գիտեմ՝ ծնողի համար, եթե 10 տղա էլ ունենա,  մեկն էլ․․․ ողբերգություն է։



Այդքանով հանդերձ, բարձրաձայնում եմ՝ հնարավո՞ր չէ միակ լույսը խնայել․․․



Խոսքը ծառայությանը չի վերաբերվում, այլ առաջնագծին, թեժ գծին․․․



ՀԳ Ի՞նչ անեմ, գետն ընկածը փրփուրից էլ է բռնում։ 



Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը:



Հասմիկ Բաբաջանյան