Հայհոյե՜ք, միայն կրակի վրա մի դույլ ջուր լցնելուց հետո․․․

Հայհոյե՜ք, միայն կրակի վրա մի դույլ ջուր լցնելուց հետո․․․

Տեսե՞լ եք կենդանու մահը, զգացե՞լ եք այն ցավը, որ նա լուռ ու մունջ տանում է։ Եթե այո, դժվար թե կարողանաք հումոր ու կատակ անել անել Խոսրովի անտառի վառվելու վրա։ Դժվար թե կարողանաք մահվան, ոչնչացման ցավի տակ հռհռալ մարդկանց վրա , ովքեր ուզում են փրկել կամ գոնե նվազագույն վնասներով փրկել այն։



Դաժան է։ Խոսրովի անտառից ոչնչացումից էլ ավելի դաժան է շատ մարդկանց հուզաշխարհի ամայացումը։ Ասես մի պեծ խիղճ չունեն, ասես նրանց միակ գործը ամեն ինչ քաղաքականացնելն է, հայհոյելը, ծաղրելը։



Էլի հայհոյեք ԱԻՆ-ին, ոստիկանությանը, իշխանությանը, բայց կրակը օգնեք հանգցնել, նոր հայհոյեք․․․ Կրակի վրա մի բաժակ ջուր լցրեք․․․ մի փոքրիկ անհանգստություն, սրտացավություն ցուցաբերեք։ Նման դեպքում եթե թշնամին անգամ օգնության չհասնի, չի՜ հասկացվի։



Մեկին, որ ծաղրում էր՝ Ռուսաստանից ինքնաթիռ խնդրելու համար, գրել էի՝ դու այդ կրակը հանգցնելու համար մի դույլ ջուր լցրե՞լ ես․․․



-Իսկ ինչու՞ պիտի լցնեի։
-Իսկ ինչու՞ պիտի խոսեիր, ձեռ առնեիր, - հարցրի։- Աստված ոչ անի, եթե հրդեհ բռնկվի տանդ, ու դու չկարողանաս հանգցնել, օգնություն չե՞ս կանչի․․․
-Բայց դա ի՞նչ կապ ունի։



-Ցավն այն է, որ երկիրը քո տունը չես համարում, հրդեհի տերը առաջին հերթին վազում է հրդեհը հանգցնելու և ոչ թե ավել- պակաս խոսելու։



Երկիրն իրեն համարողը գնում, կանգնում է կրակի դիմաց ու եթե հայհոյում է, հասկանում ես, որ ցավից է հայհոյում․․․ Թեկուզ մի օրինակ, ամբողջովին չեմ ներկայացնում․



Ani Seize Khachatryan



Այսօր առավոտյան ժամը 5-ին հինգ հոգով գնացինք Խոսրովի արգելոց, որպեսզի մասնակցենք հրդեհի հանգցման աշխատանքներին: Երկու օր տևող հրդեհին այլևս անհնար էր տանը նստած հետևելը ու որոշեցինք, որ պիտի օգնենք:



․․․Միջատները փախչում էին էդ տեղերից, մի փոքրիկ միջատ եկել էր ու թաքնվել թաց սրբիչիս ու ձեռքիս արանքում, երևի նրան դա ամենաապահով վայրն էր թվում: Օդում ճուռակներն էին ու նրանց ձայնն էր ականջներումս: Այրվող ծառերի տարօրինակ ձայնը, ոչ ճարճատյունը, այլ կարծես ճիչ, հառաչանք լիներ: Պուճուրիկ սկյուռանման մկնիկի տագնապահար վազքն այս ու այն կողմ, չգիտեր ուր փախչի: Այնպիսի տպավորություն էր, կարծես գդալով օվկիանոս ես դատարկում: Գիտես, որ դա լուծում չի, բայց չես կարող չանել, անում ես, եթե անգամ ընդամենը մի քանի րոպեով ես կանգնացնում կրակը: Ժամանակ ես ձգում, սպասելով ինչ-որ հրաշքի, որ վերջ կտա այս դժոխքին: Աշխատում ես չմտածել, այլ ուղղակի գործել, չես նայում հոգնածությանդ, ծնկներիդ ցավին, խեղդող ծխին, դեմքդ այրող կրակին, այնքան ես խփում, մինչև վերջին բողը հանգցնես ու անցնես մյուսին: Ու սա դեռ շատ փոքր մասն էր նրա, ինչ կատարվում է արգելոցում, մոտ 10 000 հեկտար արդեն կրակի բաժին է դարձել, դա արգելոցի գրեթե կեսն է: 100-200-ամյա գիհիներն անդառնալի կորում են, մի պահ երևում է կրակը նրանց շուրջն ու արդեն հաջորդ վայրկյանին ամբողջական ծառը բոցավառվում է: Արգելոցի աշխատակիցները, որոնք արդեն երեք օր էին այս ամենի մեջ, անգամ քնելու ժամանակ չունեին, շատ էին օգնում գրագետ խորհուրդներով, թե ոնց ճիշտ անենք:




Անթիվ հայհոյանքների, ծաղրանքների մեջ հազիվ մի երկու դրական գրառում գտա․



Armik Armin
Լացս գալիս է վառվող անտառի, արգելոցի համար․․․Թվում է՝ հայոց պատմությունն է վառվում, ամեն մի Ծառը մի էջն է մեր պատմության․․․



Gayane Paytyan



Սիրտս ցավում է թաթերը վառած նապաստակների համար…



ՀԳՓոքրիկ միջատին արժևորելս իր իմաստն ունի՜․․․ 




Հասմիկ Բաբաջանյան