Ոստիկանությունը միայն միտինգ խափանելու միտումով է աշխատում, հայցադիմումներ դատարան չի ներկայացնում․ փաստաբան

Ոստիկանությունը միայն միտինգ խափանելու միտումով է աշխատում, հայցադիմումներ դատարան չի ներկայացնում․ փաստաբան

Վարչապետ Նիկոլ Փաշինանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից մի մասին ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկում փողոցից՝ ակցիաներ իրականացնելիս։ Բերման ենթարկվածներին 3 ժամ պահում են ոստիկանական բաժանմունքներում, որից հետո բաց են թողնում։

Նրանց գործերով հիմնականում զբաղվում է Ալեքսանդր Կոչուբաեւը։ Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ  ձերբակալությունները կատարվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգքրի 182-րդ հոդվածով, իսկ դրա տուգանելու ընթացակարգը բացառապես վարչական դատարանով է․ «Այսինքն՝ ոստիկանությունը պետք է դիմի վարչական դատարան, որ տուգանք նշանակվի, տուգանքի չափն էլ 50 հազար դրամ է։ Ոստիկանությունը կազմում է միայն վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն ու դիմում է դատարան։ Ինձ հայտնի է 15-16 դեպք, բայց ոստիկանությունը միայն միտինգ խափանելու միտումով է աշխատում, հայցադիմումներ դատարան չի էլ ներկայացնում՝ շատ լավ հասկանալով, որ դրանք հեռանկարներ չունեն։ Միայն հավաքի մասնակիցներին մեկուսացնում են, մինչեւ այս պահին դատարան դիմելու վերաբերյալ ինձ հայտնի չէ»։

Փաստաբանը նշեց, որ իրենք նույնպես կարող են դիմել դատարան՝ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ, սակայն  հիմնականում չեն դիմում․ «Ուղղակի այն մարդիկ, որոնց ես եմ պաշտպանել մինչեւ այս պահը, դրան հակված չեն, որովհետեւ համարում են դա նորմալ, բայց դե տեսականորեն բացառված չէ, կարող ենք դիտել դատարան, որ վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչվի»։

Ինչ վերաբերում է բաժանմունքներում բերման ենթարկվածների նկատմամբ դրսեւորած վերաբերմունքին, փաստաբանն ասաց, որ շատ լավ են նրանց վերաբերվում․ «Իրենք իրենց ռադիկալ ցույց են տալիս փողոցում՝ իբր պայքարում են իրավախախտումների դեմ, բայց սովորաբար բաժանմունքներում իրենց վերաբերմունքը շատ-շատ լավն է։ Միակ խնդիրն այն է, որ օրենքը 3 ժամ է նախատեսում ձերբակալության համար, ասենք 10 րոպեում փաստաթղթավորումն ավարտվում է, բայց իրենք բաց չեն թողնում, 3 ժամ են պահում, որ հավաքը դադարի»։