Հայաստանի ճգնաժամային իրավիճակի կարգավորման հայեցակարգ - նախագիծ (2021 թ.-ի համար)

Հայաստանի ճգնաժամային իրավիճակի կարգավորման հայեցակարգ - նախագիծ (2021 թ.-ի համար)

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի (նաև Հայաստանի) դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Հայաստանում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ, որից դուրս գալու համար անհրաժեշտ է (առաջին հերթին)

1. Վերադարձնել ռազմագերիներին և գերևարված քաղաքացիական անձանց:
2. Գտնել և վերադարձնել անհայտ կորած զինվորների դիակները, պատշաճ կերպով իրականացնել նրանց հուղարկավորությունները և ֆինանսավորել նշված ընտանիքներին:
3. Ապահովել բոլոր վիրավորների բուժման (նաև՝ արտասահմանում) պետական ֆինանսավորումը:

Վերոհիշյալ աշխատանքներին զուգահեռ պետք է իրականացվեն.

1. Ադրբեջանի հետ դեմարկացիոն գծի անցկացումը: Սահմանի ճշտումը պետք է իրականացվի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ պաշտպանության նախարարությունների հսկողության ներքո՝ ներգրավելով կադաստրի պետական կոմիտեի, գեոդեզիայի ինստիտուտի աշխատակիցներին և մասնագետ անհատներին:

2. Սահմանամերձ հայկական գյուղերի տարածքների սահմանազատման գոտու անցկացումը՝ ուղեկալների և հեռավոր դիտակետերի տեղադրմամբ:

3. Սահմանապահ զորքերի, գերժամանակակից զենքերով սպառազինված, կորպուսի ստեղծումը Ադրբեջանի հետ Հայաստանի ունեցած սահմանի ամբողջ երկայնքով:

4. Ըստ մոտավոր հաշվարկների Հայաստանի քաղաքացիների և սփյուռքի հայերի բանկային հաշիվներում կա 32 միլիարդ ԱՄՆ դոլար: Նշված գումարից, հանգանակությունների կարգով, հավաքագրել համապատասխան հաշվարկաչափ և պաշտպանության նախարարության կազմում կազմակերպել օդատիեզերական ուժերի խմբավորում:

5. Անհրաժեշտ է իրականացնել բանակի նյութատեխնիկական բազայի գույքագրում՝ վերջին 3 տարիների ժամանակահատվածի համար։

6. Գլխավոր շտաբին կից ստեղծել համաշխարհային շուկայում վաճառվող գերժամանակակից զենքերի (ըստ ուղղությունների) ուսումնասիրման վարչություն արհեստավարժ զինվորականների և գիտնականների ներգրավմամբ։

7. Անհրաժեշտ է ստեղծել կայուն համազգային դրամական ֆոնդ (կենտրոնացնելով բոլոր հիմնադրամների հաշիվները)՝իր կանոնադրությամբ և մշտական գործող հանձնախմբով:

8. Պետք է կարգավորել Հայաստանի Հանրապետության լրատվական դաշտը: Լրագրողները պետք է լիցենզավորվեն ըստ բնագավառների՝ գիտության, կրթության ու մշակույթի, սոցիալական հարցերի ու առողջապահության, արդյունաբերության ու տրանսպորտի, տարածքային կառավարման ու քաղաքաշինության, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի, տուրիզմի ու սպորտի և այլն: ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արտակարգ իրավիճակների նախարարություններին, ինչպես նաև ուժային կառույցներին առնչվող լրագրային մեկնաբանությունները, առաջիկա 1 տարում պետք է անցնեն գրաքննություն համապատասխան կազմակերպությունների կողմից: Այլապես, ստացվում է, որ հանրապետության թերթերն ուսումնասիրելուց և որոշ հեռուստաալիքներ դիտելուց հետո, միջին ընդունակությունների տեր հակառակորդի գործակալը կարող է մոտավոր ճշտությամբ իմանալ թե պատերազմական ժամանակաշրջանում որտե՟ղ և ի՟նչ ծավալի ռազմական գործողություններ են սպասվում:

9. Այն, ինչ չի արվել Հայաստանի Հանրապետությունում կորոնովիրուսի կանխման սկզբնական փուլում (մինչև 2020 թվականի փետրվարի 20-ը), անհրաժեշտ է իրականացնել այժմ: Այն է՝ Հայաստանի 4 սահմանային անցակետերում («Զվարթնոց»  և Գյումրիի օդանավակայաններ, Բագրատաշենի և Ագարակի անցակետեր), չինացի մասնագետների օգնությամբ (նաև բժիշկների), 1 ամսվա ընթացքում հավաքել (մոնտաժել)     4 հատ մոդուլ-հիվանդանոցներ՝ 900 մահճակալ-տեղով, ընդ որում «Զվարթնոց» օդանավակայանին կից՝ 400 տեղանոց, Գյումրիի օդանավակայանին կից՝ 200 տեղանոց, Բագրատաշենի և Ագարակի անցակետերին կից՝ 150-ական տեղանոց: Այս չորս հիվանդանոց - մոդուլների արժեքները (ամբողջ բժշկական սարքավորումներով հանդերձ), կազմում է մոտ 40,0 մլն դոլար: Սրանով կբեռնաթափվի Երևանի և այլ քաղաքների բժշկական կենտրոնների ծանրաբեռնվածությունը, էապես կպակասի համաճարակի տարածմումն ու կավելանա բուժվողների թիվը:

10. Ռուսաստանի Դաշնությունում և սփյուռքում աշխատող հայ անվանի բժիշկներին (համաճարակաբան, թերապևտ, թոքաբան) կանչել Երևան, ստեղծել համապատասխան հանձնաժողով, գնել աշխարհում արտադրված լավագույն պատվաստանյութ-դեղը և սկսել ՀՀ քաղաքացիների անվճար պատվաստումն ըստ խոցելի խմբերի:

11. Հայաստանի Հարապետության տարածքը վերածել սանիտարական զոնաների և տարանջատել այն զոնաները (հիմնականում գյուղական համայնքները) որտեղ համավարակ չկա: Օրինակ, կան մի մուտքի ճանապարհ ունեցող գյուղաշարքեր (Սյունիքի մարզի Խնածախ-Վաղատուր-Խոզնավար, ինչպես նաև Դարբաս-Գետաթաղ-Լոր-Լեռնաշեն և այլն), որոնց ճանապարհի սկզբնամասում կարելի է տեղադրել սանիտարական կետեր և չթույլատրել կասկածվող հիվանդների մուտքը: Այս դեպքում, հանրապետության առողջապահության նախարարությունը կկենտրոնանա «Կովիդ 19»-ով վարակված հիվանդների վրա և առավելագույնս կարճ ժամկետներում կիրականացնի նրանց բուժումն ու պատվաստումը:

12. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախնական փուլում կուսակցությունների առաջին համարների (լիդերների) համար (որոնք հետագայում պետք է դնեն իրենց թեկնածությունը վարչապետ ընտրվելու համար) անցկացնել ատեստացիա 7 հոգանոց անկուսակցական հանձնաժողովի (2 հոգին պետք է ներկայացնի ՀՀ Ազգային գիտությունների ակադեմիան, 1-ակական հոգի՝ Երևանի պետական համալսարանը, դիվանագիտական կորպուսը, հայ առաքելական եկեղեցու բարձրագույն հոգևոր խորհուրդը, ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ԱԱ ծառայությունը և հանրապետության գործարար հանրությանը) միջոցով: Այս հանձնաժողովի գործունեությամբ կկանխվի պատահական (միտինգային) մարդկանց մուտքը երկրի բարձրագույն իշխանության: Իրանում այն վաղուց կիրառվում է:

13. Ըստ 10-րդ կետով իրականացվելիք լրացումների անհրաժեշտ է իրականացնել համապատասխան փոփոխություններ ՀՀ սահմանադրությունում։

14. Վարչապետին պետք է տրվի երրորդ տեղակալի հաստիք՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքները համակարգելու համար:

15. Էկոնոմիկայի նախարարությունից պետք է առանձնացնել գյուղատնտեսության նախարարությունը, քանի որ Հայաստանը գյուղատնտեսական երկիր է և բյուջեի հիմնական համալրողներից մեկը հենց այս նախարարությունն է:

Այս փոփոխության ընթացքում, օպտիմալացման եղանակով պետք է հասնել նրան, որ բյուջեից տվյալ գործողության համար կատարվելիք հատկացումները հասցվեն մինիմումի: Պետք է լուրջ ուշադրություն դարձնել հանրապետության տարածքում չմշակվող մոտ 40 % վարելահողերի օգտագործման հարցը լուծելու և այն շահավետ դարձնելու վրա, մասնավորապես՝ նշված գյուղատնտեսական հողերում ջրակաթիլային ոռոգման առաջավոր համակարգերի ներդրմամբ պետք է աճեցնել բարձր պահանջարկ ունեցող մշակաբույսեր:

16. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է բաժանել 2 առանձին նախարարությունների.
ա) կրթության, գիտության և սպորտի,
բ) մշակույթի:

Մշակույթի նախարարության առանձնացումը հիմնականում կապված է Արցախի պատմական (նաև՝ հոգևոր) արժեքների նկատմամբ իրավապահպանության պատասխանատվության բարձրացման հետ:

Այստեղ ևս պետք է կիրառել վերը նշված օպտիմալացումները:

ՀՀ քաղաքաշինական կոմիտեն պետք է վերափոխվի ՀՀ քաղաքաշինության նախարարության՝ պահպանելով բյուջեից հատկացման չափը:Դա արվում է քաղաքաշինության բնագավառի ստատուսի բարձրացման և ներդրումային ծրագրերի խթանման համար:Բավական է նշել, որ 2008 թվականին կապիտալ շինարարության ծավալները հասել էին 2,8 միլիարդ ԱՄՆ դոլարի, այն դեպքում, երբ հանրապետության բյուջեն կազմում էր ընդամենը 2,5 միլիարդ դոլար:

17. Փաստորեն,11 նախարարության փոխարեն ՀՀ Կառավարության կազմում կգործեն 14 նախարարություններ:Բոլոր նախարարները, փոխնախարարները պետք է ունենան պարտադիր բարձրագույն կրթություն, ոչ պակաս 10 տարվա մասնագիտական ստաժ և բարձր մասնագիտական որակավորում:Ցանկալի է օտար լեզուներից որևէ մեկի իմացությունը:Նշված պարամետրերը հաշվի առնելով, պետք է փոխել ներկա նախարարների և փոխնախարարների, ինչպես նաև մարզպետների և փոխմարզպետների 70-75%-ին, ինչպես նաև Երևանի քաղաքապետին և նրա որոշ տեղակալներին:

18. Երևան քաղաքում (ըստ թաղապետարանների) և 10 մարզերում (ըստ ենթաշրջանների) իրականացնել գործազուրկների թվի մոնիտորինգ՝ ըստ մասնագիտությունների և դրա հիման վրա կազմակերպել ներդրումային քաղաքականությունը:Սրանով կխթանվի տարածքների համաչափ զարգացման գործընթացը:

19. Հայաստանում համապատասխան իրավական դաշտի փոփոխմամբ պետք է փակել բոլոր սորոսական կազմակերպությունները՝ պահանջելով և աուդիտի ենթարկելով նրանց ամենամյա գործունեությունը:

20. Պետք է աստիճանաբար մեղմացնել հասարակության բևեռացումը՝ չկիրառելով բռնության ոչ մի դրսևորում:Նշվածը հիմք ընդունելով, անհրաժեշտ է գոնե 1 տարով, արգելափակել ֆեյքատերերի գործունեությունը՝ հետագայում    (2021թ․-ից հետո) նրանց անձնագրավորելու միտումով: Միևնույն ժամանակ, պետք է առանձնակի հոգ տանել ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի բարելավման համար՝ օգտագործելով միջազգային փորձը:

21. Արտաքին քաղաքականության մեջ անհրաժեշտ է բարելավել հարաբերությունները բոլոր սահմանակից պետությունների հետ, առաջնագծում տեսնելով Ռուսաստանի Դաշնությանը, ԱՄՆ-ին, Չինաստանին, Հնդկաստանին և արաբական երկրների մի մասին:

Իհարկե, արտաքին քաղաքականության իրականացման գլխավոր վեկտորը պետք է ուղղված լինի դեպի Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավոր Ռուսաստանը, որի հետ պետք է ավելի խորացնել մեր ռազմաքաղաքական և տնտեսական հարաբերությունները: Այս ֆոնի վրա, ցանկալի է առաջիկայում կայացնել վարչապետի որոշում՝ հանրապետության բոլոր պետական հիմնարկների, ձեռնարկությունների, խանութների, ռեստորանների, բուհերի և այլ իրավաբանական սուբյեկտների ցուցանակների վրա ավելացնել ռուսագիր տողը (որպես հարգանքի ժեստ):

22. Եվ վերջապես, 2021 թվականից անհրաժեշտ է սկսել ազգային գաղափարախոսության հիմնարար սկզբունքների կազման գործընթացը, որը և ապագայում կհանդիսանա մեր ժողովրդի գոյատևման և զարգացման գլխավոր ուղեցույցը:

Երկրորդ դասի պետական խորհրդական Սևադա Հայրապետյան

Քաղաքաշինական պետական տեսչության նախկին պետ