Թանկ նվեր

Թանկ նվեր
Երեկ "Հայլուրի" եւ մյուս բոլոր լրատվական ծրագրերի գլխավոր նորություններից մեկը Հրայր եւ Աննա Հովնանյանների հիմնադրամի վարչական մասնաշենքի բացման արարողությունն էր, որը հիմնովին վերանորոգվել է սփյուռքահայ Հրայր Հովնանյանի կողմից: Թվում է մասնավոր հաստատության մասին է խոսքը, ինչո՞վ է այն արժանացել մեր լրատվամիջոցների նման ուշադրությանը: Բանն այն է, որ այս վերանորոգման ավարտն իրենց ներկայությամբ պատվել էին անձամբ ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը: Իսկ շենքը Հայաստանի լավագույն շենքերից է, որը նաեւ պատմություն ունի եւ այդ առումով է արժեքավոր. այստեղ է տեղակայված եղել Հայաստանի առաջին կառավարությունը՝ Հանրապետության 37 հասցե: Սա մայրաքաղաքի սիրտն է, անմիջապես Հանրապետության հրապարակին մերձ այս գեղեցիկ ու պատմական շենքը մեր իշխանությունը նվիրել է սփյուռքից ժամանած բարերարին: Այս պարագայում, փաստորեն, բարերարը մեր կառավարությունն է, որ նման շքեղ նվեր է մատուցել սփյուռքահայ մեծահարուստին, այլ ոչ թե Հովնանյանը, որն ընդամենը շենք է նվեր ստացել եւ իրեն պատկանող շենքը նորոգել՝ ծախսելով 4 մլն. դոլար: Ասվեց, որ շենքում տեղակայվելու են Հովնանյանների հիմնադրամի, Ամերիկայի հայկական համագումարի եւ մի շարք կազմակերպությունների գրասենյակներ: Այս ցանկից պարզ է, որ շենքում հանգրվանել են ոչ աղքատ կազմակերպություններ, եւ եթե անգամ նրանք բարեգործությամբ են զբաղվում, դա դեռ ոչինչ չի նշանակում: Ասել կուզի՝ հերիք չէ հասարակությանը պատկանող սեփականությունը նվիրում ենք սփյուռքահային, հետն էլ դա ներկայացնում ենք որպես մեծ իրադարձություն մեր կյանքում: Իրոք որ, սփյուռքահայի վերաբերմունք իր պետության եւ ազգի նկատմամբ: