Աշխարհին նայում են տերերի աչքերով

Աշխարհին նայում են տերերի աչքերով
"Ղարաբաղ Տելեկոմ" ընկերության եւ նրա գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի դեմ Արցախում սկիզբ առած բողոքի ակցիան մի քանի օր առաջ Ստեփանակերտում նրա եւ ԼՂՀ վարչապետի մասնակցությամբ մամլո ասուլիսից հետո կարծես աստիճանաբար մարում է։ Սակայն խնդիրն այլ է։ "Stop թալանին" վերնագրով նախաձեռնության շնորհիվ Արցախի իշխանությունները ստիպված եղան հանդիպել այդ ընկերության գլխավոր տնօրենին եւ փորձեցին ինչ-որ կերպ փրկել բարերարի անուն ձեռք բերած Յիրիկյանի պատիվը, միաժամանակ ընդունելով, որ իրոք կան "բազմաթիվ խնդիրներ, որ լայն քննարկվել են հանրության մեջ, քննարկումներ եղել են նաեւ կառավարությունում"։



Խնդիրն այն է, թե այդ ամենն ինչպես են հանրությանը ներկայացրել արցախյան լրատվամիջոցները։ Վերոհիշյալ մամլո ասուլիսի վերաբերյալ "Ազատ Արցախ" պաշտոնաթերթում տեղ են գտել միայն իշխանություններին ու ՂՏ-ին հաճո տեղեկություններ, որից շարքային ընթերցողը հազիվ թե կարողանա կռահել, թե ինչու հանկարծ համատեղ մամլո ասուլիս տրվեց, եւ ինչու Ռ. Յիրիկյանը հանկարծ հայտարարեց, թե ինքը "կողմնակից է կառուցողական քննադատությանը, այլ ոչ թե վիրավորական տեղեկատվությանը, որպիսին իր անձի շուրջ հայտնվել է համացանցում"։ Իրականում մամլո ասուլիսում վարչապետը հայտնել է, որ Յիրիկյանի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը ոչ թե ՂՏ-ի, այլ ուրիշ միջոցներից են կատարվում, իսկ գլխավոր տնօրենն ավելացրել է, որ ինքը թալանչի չէ, այլ ընդամենը պաշտոնյա է։ "Ես աշխատավարձ չեմ ստանում։ Դա անում եմ, որովհետեւ ես հաճույք եմ ստանում գալ Արցախ, շփվել ժողովրդի հետ եւ ծառայել ժողովրդի համար,- ասել է նա:- Բայց երբեմն բաժնետերերի կամ բաժնետերի ցանկությունը չի համընկնում իմ ցանկության հետ":



Սակայն Արցախի պաշտոնաթերթը գրում է, որ ընկերությունն իրականացնում է նաեւ "սոցիալական ծրագրեր՝ այն նկատառումով, որ հասարակությանը մատուցած ծառայություններից ստացած գումարի մի մասը նորից ուղղվի նրա սոցիալական խնդիրների լուծմանը։ Բարեգործությունները կշարունակվեն"։



Մամլո ասուլիսը միակողմանի եւ նույն ոգով է ներկայացրել նաեւ Արցախի հանրային հեռուստատեսությունը։ Այն կարծես "Ղարաբաղ Տելեկոմի" շարունակ պտտվող գովազդային հոլովակների շարունակությունը լիներ։ Մամուլի ասուլիսում հնչած սուր հարցադրումներից ոչ մեկը չկար հեռուստաեթերում։ Եւ այս ամենը շատ հանգիստ տեղավորվում է մեր ժամանակների բարոյականության մեջ։ Եթե այսօր թերթի խմբագրի պաշտոն ստացած մեկը պատերազմի տարիներին առավելապես բուժման նպատակով գտնվում էր Արցախի սահմաններից դուրս, իսկ հայրենիքում եղած ժամանակ նույնիսկ երազում չի տեսել, թե ինչպիսին է լինում խրամատը, բայց պատերազմից 15 տարի հետո "Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին" անվամբ մեդալ է ստանում, իսկ տեղական հեռուստատեսության լրագրողուհին ՂՏ-ի դեմ ակցիայի կազմակերպիչներից մեկի հետ զրույցում այնպիսի հարցեր է տալիս, ասես դիմացինը սահմանի հակառակ կողմից է հայտնվել, ամենեւին չպիտի զարմանալ, որ արցախյան "հանրային" լրատվամիջոցներն իրենց երկրին ու աշխարհին նայում են իշխանությունների աչքերով։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ