Կամ կատարում է պատվերը, կամ դառնում է գործազուրկ

Կամ կատարում է պատվերը, կամ դառնում է գործազուրկ
Հայաստանի դեմ Եվրոպական դատարանի վճիռներն անօգուտ են,- համոզված է փաստաբան Հայկ Ալումյանը: Նույնիսկ վնասակար են, եթե խոսքը պետբյուջեի մասին է:



- Աշոտ Հարությունյանի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռը Հայաստանի դեմ ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: Մենք մոտենում ենք այն փուլին, երբ Հյուսիսային պողոտայի հետ կապված քաղաքացիների իրավունքների խախտումները պետք է ճանաչվեն, ու երկիրը կրելու է մեծ դրամական պարտավորություններ:



- Եթե դատավճիռները կայացվում են պետության անունից, ուրեմն պետությունն էլ պետք է կրի պատասխանատվություն, այդ թվում՝ նյութական:





- Անշուշտ: Բայց պետությունը նաեւ պարտավոր է ռեալ պատասխանատվություն սահմանել այդպիսի որոշումներ կայացնողների համար, ներկայացնելով նրանց ռեգրեսիվ պահանջ: Ու թող այդ նյութական բեռը վերջիններս կրեն ոնց ուզում են, դա իրենց պրոբլեմն է: Եվրոպական դատարանի վճիռները պետք է լուրջ հետեւանքներ առաջացնեն ու նպաստեն արդարադատության զարգացմանը: Իսկ մեզ մոտ ո՞նց է՝ փողը տվեցինք տուժող քաղաքացուն ու վերջ:



- Ես կասկածում եմ, որ օրինական դատական որոշումների հետեւանքով որոշ պետական դեմքեր կրեին ահռելի նյութական կորուստներ: Դրանց համեմատ Եվրոպական դատարանի կողմից սահմանված գումարները պարզապես "մանր ծախսեր" են, այն էլ ոչ իրենց գրպանից: Վերջապես, ինչ աստիճանի անշնորհակալ պետք է լինել, որպեսզի պահանջել իրենց իսկ պատվերները կատարող դատավորներից փոխհատուցել այդ գումարները...



- Արդյունքում՝ օրենքը խախտող դատավորն ազատվում է շատ էական` նյութական պատասխանատվությունից: Այլ պատասխանատվություն նույնպես չի հետեւում:  Դատավճռում կարող է գրված լինել, որ խոշտանգումներն իրականացվել են հանուն արդարադատության, եւ այդ դատավորը որպես պատիժ ստանում է ընդամենը նկատողություն ու մեկ տարվա ընթացքում 25 տոկոսով  սեղմված աշխատավարձ: Որեւէ պատասխանատվություն չկրեցին նաեւ վերաքննիչ դատարանի դատավորները, որոնք թողել էին նման դատավճիռն անփոփոխ: Վճռաբեկի դատավորները նույնպես անհետեւանք վերջակետեցին  գործը, համարելով դատավճիռն օրինական: Այսպիսով, մենք ունենք մեկից ավելի դատավորներ, որոնք համարում են, որ խոշտանգումներն ընդունելի են:



Երբ Հյուսիսային պողոտայի գործերով դատավորներին ներկայացնում էին պատվերներ, որոնք դուրս էին բոլոր օրենքներից, Սահմանադրությունից, Եվրոպական կոնվենցիայից, նրանք գերադասում էին կատարել այդ ահավոր խախտումները, փողոց շպրտել սեփականատիրոջն իր ընտանիքով, նրա սեփականությունը նվիրել ինչ-որ  ձեռներեցի, քանի որ  վերջինիս օդի պես անհրաժեշտ էր ունենալ հենց այդ տարածքում իր գուցե 111-րդ տունը:



ԵԴ մի վճռով պետությունը կրեց 150 հազար դոլարի վնաս, բայց անօրինական վճիռ կայացրած դատավորների համար  որեւէ  բարդություններ չառաջացան: Պարզ է, որ նման բարենպաստ պայմաններում խախտումների քանակը չի նվազի:



- Եվրոպական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը մի անգամ ասաց, որ եթե 1000 գործերից Եվրոպական դատարան  բողոք է ներկայացվում, ասենք, 90 գործով, ենթադրվում է, որ  մնացած 910 դատական վեճերը ստացել են օրինական լուծում: Մենք գիտենք, որ դա այդպես չէ: Ուրեմն թող արդարադատության բոլոր "զոհերը" դիմեն Եվրադատարան: Երբ դիմումների թիվը կտրուկ աճի, ասենք, 1000 դատական գործից բողոք ներկայացվի 990 գործերով, պատվիրատուները ստիպված կլինեն  ճանաչել դատական իշխանության անկախությունը: Այսպիսով  քանակը կտա որակ:



- Եթե Եվրոպական դատարանի յուրաքանչյուր վճիռ ընդունվի որպես ազդանշան` "այսպես այլեւս չանեք", դրա կարիքը չի առաջանա: Բայց մեր երկրում նույն խախտումները շարունակվում են: Եւ մեր դատական համակարգը ինչքան որ այսօր արատավոր է, չնայած ԵԴ  վճիռներին, կշարունակի մնալ արատավոր: Որովհետեւ ցանկացած դատավոր գիտի, որ ԵԴ-ի պատճառով ինքը չի տուժի: Կտուժի, եթե չկատարի վերեւից  իջեցված հրահանգը: Ոչինչ, որ մենք հետո կդիմենք Եվրոպական դատարան, գործը կշահենք, պետությունը մեծ վնասներ կկրի: Հայ դատավորն ունի մի ընտրություն՝ կամ կատարում է պատվերները ու մնում իր պաշտոնին, կամ չի կատարում ու դառնում է գործազուրկ:



Մենք ուզենք թե չուզենք, գործադիրի ճնշումը լինելու է, այդպիսի երկրում ենք ապրում: Քրեական դատավարությունում դատախազության ճնշումը մշտական է, իսկ քաղաքացիականում ճնշումները, այսպես կոչված, պետական պատվերի շրջանակներում են: Իրավիճակը փոխելու համար պետք է լինի  նաեւ ճնշում մյուս կողմից: Դա Եվրոպական դատարանն է: Ասեմ, որ ընդհանուր գաղափարախոսությունն այն է, որ դատավորը չպետք է հայտնվի չափազանց կախվածության մեջ ԵԴ վճիռներից: Բայց դա մեր մասին չէ: Մեր խնդիրն է հասնել այն ոսկե միջինին, որպեսզի դատավորը ենթարկվի միայն օրենքին ու լրիվ անպատժելի իրեն չզգա: Անձնական պատասխանատվությունը դեռեւս ոչ մի երկրում չի վերացվել: Օրենսդրության մեջ պետք է սահմանել անձնական պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ արդեն վճիռ է կայացրել: Պետությունը պետք է գտնի օրենքը խախտողներին եւ պատժի նրանց: Միայն այդ դեպքում ԵԴ վճիռները կլինեն օգտակար պետության համար: Երբ մենք պետության դեմ ինչ-որ գործ ենք շահում, մենք՝ ուզում եմ  հավատալ, որ օգտակար ենք եղել ոչ միայն մեր պաշտպանյալին, այլ նաեւ երկրին:



- Որո՞նք են ՀՀ կառավարության պաշտպանական սկզբունքները Եվրոպական դատարանում:



- Մանրամասն անդրադառնում են պրոցեսուալ նրբություններին, հետո մեր գանգատներին՝ ըստ էության: Օրինակ, Աշոտ Հարությունյանի գործով երբ մենք պնդում էինք, որ նրան բուժօգնություն չի ցուցաբերվել, կառավարությունն առարկեց, որ Հարությունյանը վիրահատվել է: Համարվում է, որ փաստաբանն է պատրաստ  ցանկացած միջոցներով  արդարացնել իր պաշտպանյալին: Բայց մեր երկրում դերերը փոխվել են, ու պետությունն է պատրաստ պաշտպանել ինքն իրեն ցանկացած միջոցներով: Այդ թվում շատ հաճախ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով: Որպես ապացույց, որ Հարությունյանը վիրահատվել է, Եվրոպական դատարան էին ուղարկվել բժշկական փաստաթղթերը: Եվրոպական դատարանը այդ թղթերն ուղարկեց ինձ՝ կարծիք արտահայտելու համար Մի քանի ժամ  չարչարվելուց հետո ես վերջապես բացահայտեցի այդ փաստաթղթերի բովանդակությունը, վերծանեցի ու ուղարկեցի Եվրոպական դատարան: "Վիրաբույժի կոնսուլտացիա. անհրաժեշտ է  շտապ վիրահատում": Երկրորդ տող. "Հիվանդը տվեց իր համաձայնությունը վիրահատության համար": Երրորդ տող. "Հիվանդը տեղափոխվեց "Նուբարաշեն" ՔԿ": Ոչ մի վիրահատության մասին խոսք չկա:  Ավելի բացահայտ սուտ կլիներ միայն այն, որ կառավարությունը ժխտեր այդ անձի գոյությունը:



- Փաստաբանները երբեւիցե բարձրաձայնե՞լ են  կառավարության նման "ապացույցները":



- Դրա անհրաժեշտությունը չկա, որովհետեւ դա մեզ ձեռնտու է:



Ջուլիետա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ