6 ամսում 10 մահ կալանավայրերում

6 ամսում 10 մահ կալանավայրերում
Երեկ հարցում էինք ուղարկել ՀՀ արդարադատության նախարարին, ակնկալելով ստանալ կալանավայրերում մահացության պատկերը: Պատասխան ստացանք, որ 2010 թվականի առաջին կիսամյակում ՔԿՀ-ներում 10 դատապարտյալ է մահացել: Նախարարության վերահսկողության վարչությունն ուղղիչ հիմնարկներում ստուգումներ է անցկացրել եւ բացահայտել ՔԿՀ-ների պաշտոնատար անձանց եւ քաղաքացիական բուժհաստատությունների մասնագետների թույլ տված աղաղակող խախտումներ, որոնք բերել են ողբերգական դեպքերի: Օրինակ, դատապարտյալ Ս. Կարոյանը տառապել է օրգանական հոգեկան հիվանդությամբ եւ հոգեբուժական բաժանմունքի պայմաններում հատուկ հսկողության կարիք է ունեցել, ինչի վերաբերյալ դատարանին ներկայացվել է միջնորդություն:



Մինչդեռ դատարանը գտել է, որ հոգեբուժական բաժանմունքում նրան պահելու համար հիմքերը հստակ չեն, եւ կարճ ժամանակ անց հիվանդը ինքնասպան է եղել: Կամ՝ դատապարտյալ Մարտիրոսյանին 4 ամիս բուժել են "Մալաթիա" բժշկական կենտրոնի ախտորոշման հիման վրա, ինչը հետագայում միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը հերքել է: Փաստորեն, մարդը 4 ամիս իր առողջությունը քայքայող "բուժում" է ստացել: Եւս մի ողբերգական դրվագ բանտային կյանքից՝ ծանր հիվանդությամբ տառապող դատապարտյալ Մ. Մաթեւոսյանը գուցեեւ չմահանար, եթե ժամանակին նրան բժիշկ այցելեր եւ զններ: Մինչդեռ նա զննության է ենթարկվել շուրջ երեք տարի ուշացումով: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունների արդյունքում հետեւյալ խախտումներն են արձանագրվել:



1. Խախտվել են ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825 որոշման պահանջները` ստորաբաժանման բժիշկ-մասնագետների կողմից առնվազն շաբաթը մեկ անգամ դատապարտյալներին այցելելու վերաբերյալ:



2. Առանձին դեպքերում քաղաքացիական բուժհաստատությունների մասնագետները տվել են ոչ ճիշտ ախտորոշումներ, ինչի հետեւանքով տեւական ժամանակով դատապարտյալների բուժումը կազմակերպվել է անարդյունավետ:



3. Հաճախ չի արձանագրվել, թե կոնկրետ հիվանդին որ բժիշկն է ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն եւ ինչ հաճախականությամբ:



4. Արձանագրվել են պատիժը կրելու հետ անհամատեղելի ճանաչված ծանր հիվանդություններով տառապող դատապարտյալների կարգավիճակին առնչվող հարցերը միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նիստերում անհարկի ուշացումներով քննարկելու դեպքեր:



5. Ոչ միշտ է բուժումն իրականացվել հիվանդության պատմության փաստաթղթերում արձանագրված ելակետային տվյալներին համապատասխան, որոշ դեպքերում համարժեք բուժման կուրսեր չեն նշանակվել, մահվան փաստի վերաբերյալ վերլուծություն չի կատարվել եւ եզրակացություն չի արվել:



6. Արձանագրվել են քրեակատարողական հիմնարկներից անհարկի ուշացումներով "Դատապարտյալների հիվանդանոց" ՔԿՀ, ինչպես նաեւ քաղաքացիական բուժհաստատություններ տեղափոխելու դեպքեր:



7. Դատապարտյալներից ոմանք տեւական ժամանակով չեն ենթարկվել բուժզննումների:



8. Բժշկական փաստաթղթերը վարվում են գործավարության կոպիտ խախտումներով: Մասնավորապես, առկա են անստորագիր փաստաթղթեր, անամսաթիվ էպիկրիզներ, առանց գործուղումների քրեակատարողական հիվանդանոց տեղափոխելու դեպքեր:



Արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է գլխավոր դատախազություն: Որոշ նյութերով քրեական գործեր են հարուցվել, իսկ ՔԿ վարչության պետին հանձնարարվել է խախտումների ու թերությունների համար մեղավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկել:  Արդարադատության նախարարը պատրաստվում է դատապարտյալների բուժսպասարկումը բարելավելու հայտ ներկայացնել կառավարություն: Սա ենթադրում է նաեւ ֆինանսական ծախսեր՝ բուժսարքավորումների ձեռքբերման, լավ պայմաններ ստեղծելու համար: