Գյուղում 1 մլն պոտենցիալ միգրանտ կա

Գյուղում 1 մլն պոտենցիալ միգրանտ կա
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է փաստել, որ գյուղատնտեսության վիճակն այս տարի վատ է եղել: Սակայն պաշտոնական վիճակագրությունը տարեսկզբից ոլորտում աճի տեմպեր է գրանցում եւ միայն հունիս ամսին է անկում արձանագրել, այն դեպքում, երբ հունիսը գյուղատնտեսության տեսանկյունից բարենպաստ ամիս էր, բնական աղետներ չկային: Նման մոտեցումն "անհեթեթ" ու "անհասկանալի է": Երեկ, խոսելով առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական աճի տեմպերից, նման տեսակետ է հայտնել ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: "Հայաստանի տնտեսության մեջ շատ թույլ  կողմեր ունենք: Խոսում ենք օլիգարխիկ համակարգի, կոռուպցիայի մասին, որոնք շատ լուրջ պրոբլեմներ են,  բայց մենք ունենք մի ոլորտ, որը մահացած վիճակում է",- այսպես է բնութագրել Բագրատ Ասատրյանը հայրենական գյուղատնտեսության վիճակը՝ հավելելով, որ այն աչքաթող է արված եւ վերջին 20 տարիների ընթացքում որեւէ բաեփոխում չի իրականացվել: "Այսօր գյուղը  պոտենցիալ աղբյուր է հանդիսանում միգրացիայի համար,  աշխատուժի փախուստի համար: Մենք գյուղում ունենք առնվազն 300 հազարի հասնող ավելցուկ աշխատուժ: Այսօր մեր գյուղում պոտենցիալ մեկ միլիոն կամ մի քիչ պակաս պոտենցիալ միգրանտ է նստած, եւ ցավոք՝ ոչ մի բան այս ուղղությամբ չի արվել",-շարունակելով գյուղատնտեսության թեման՝ ասել է Բագրատ Ասատրյանը: Ինչ վերաբերում է հրապարակված առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշներին, ապա արձանագրված տնտեսական աճը, որն ի դեպ վերջին ամսում 2 տոկոսով նվազել է, պայմանավորված է արտաքին միջավայրի ազդեցությամբ եւ մի շարք սահմանափակ գործոններով՝ նախորդ տարվա ընթացքում պետության կողմից տնտեսության մեջ ներգրաված միջոցներով, որոնց արդյունքն այսօր է երեւում, միջազգային շուկայում պղնձի գների կտրուկ աճով, որից ՀՀ քաղաքային եւ պետական բյուջեն չեն օգտվում, այլ միայն առանձին անհատներ են շահում, եւ տրանսֆերտների ծավալով: