Ստանալու փոխարեն մե՞նք վճարենք

Ստանալու փոխարեն մե՞նք վճարենք
Մենք 4-5 տարի աշխատել ենք ներկայումս լուծարված "Թագակ ֆարմ" բաժնետիրական ընկերությունում՝ Օհանովի 9/3 հասցեում գտնվող 911 դեղատանը՝ որպես դեղագետներ: Երբ տեղեկացանք, որ ընկերությունն ունի բազմաթիվ պարտքեր պետությանն ու այլ ընկերություններին, գիտակցելով, որ մեզ աշխատավարձ չեն տալու աշխատանքի դիմաց, մենք որոշում կայացրեցինք ողջ կոլեկտիվով աշխատանքից հեռանալու դիմում գրել: Դեռ 2009թ. հունիս ամսին մենք տեղյակ պահեցինք մեր որոշման մասին ընկերության ղեկավարությանը, միաժամանակ պահանջելով մեզ հասանելիք աշխատավարձը: Մեզ պատասխանեցին, որ աշխատավարձ չի լինի անգամ հետագայում աշխատելու դեպքում: Այդպես էլ եղավ: Մեզանից հետո մնացած անձնակազմը (շուրջ 6 հոգի) չի ստացել աշխատավարձ մինչ օրս: Առաջին պատասխանից մեկ շաբաթ անց, հասանելիք աշխատավարձի հետ կապված հերթական հանդիպման ժամանակ, ընկերության ղեկավարությունը մեզ հայտարարեց, որ "հաշվարկների արդյունքում հայտնաբերվել է 1 միլիոն դրամի պակասորդ"՝ մեզանից պահանջելով վճարել նշված "պակասորդը": Մեր կոլեկտիվը հրաժարվեց վճարել գումարը, քանի որ հայտարարված գումարն անհիմն էր եւ անհեթեթ, զուրկ փաստերից:



Հանդիպման վերջում ընկերության ղեկավարությունը մեզ մի քանի օր ժամանակ տվեց՝ "լավ մտածելու" եւ պատասխան տալու համար: Նշված ժամկետից հետո հերթական հանդիպման ժամանակ ընկերության իրավաբանը մեզ ներկայացրեց մի թուղթ, պահանջելով ստորագրել այն եւ 3 օր հետո գալ ու ասել, թե ով ինչքան կարող է վճարել: Մենք, վստահելով ընկերության իրավաբանին, չկասկածելով, որ նա կարող է ընկերության մեքենայության կողմնակիցն ու անմիջական մասնակիցը լինել, հավատալով նրա սուտ խոսքին, թե "այս թուղթն իրենից ոչինչ չի ներկայացնում", ստորագրել ենք այն, առանց հասկանալու, թե ինչ փաստաթուղթ ենք ստորագրում: 3 օր հետո, ըստ պայմանավորվածության, գնացինք ընկերության գրասենյակ, որտեղ չկար ոչ իրավաբանը եւ ոչ էլ մեր կողմից ստորագրված փաստաթուղթը: Այդ օրը մենք արդեն բանավոր ասացինք, որ մեր տեսակետը՝ մասնավորապես 1 մլն. դրամի պակասորդի շուրջ, չի փոխվել, եւ որ մեզանից ոչ մեկը չի պատրաստվում վճարել չհիմնավորված պակասորդը: Փոխարենը պահանջեցինք 4-5 ամսվա մեզ հասանելիք չվճարված աշխատավարձը:



Գործադիր տնօրեն Տիգրան Մանուկյանը մեզ ասաց՝ "հիմա վճարեք մեկ միլիոն", հակառակ դեպքում սպառալով դիմել դատարան եւ փոխարենը մեզանից բռնագանձել 2 մլն. դրամ` առանց նշելու հիմքերը:



Ի պատասխան՝ մեր կոլեկտիվը հայտարարեց. մենք այլեւս մտածելու բան չունենք, դատի եք տալիս՝ տվեք, քանի որ մենք վախենալու բան չունենք, քանի որ անմեղ ենք:



Մեկ տարի անց մեր կոլեկտիվը ստացավ դատարանի ծանուցագիրը: Դիմեցինք իրավաբան Վահրամ Ենոքյանին, որի միջոցով պարզեցինք, որ մեկ տարի առաջ մեր կոլեկտիվը ստորագրել է ոչ սովորական թուղթ, ինչպես ժամանակին մեզ ասել էր ընկերության իրավաբան Արտակ Սարգսյանը, այլ պարտավորագիր, որում ասվում էր, թե մենք պետք է վճարենք  2,2 մլն. դրամ: Սա խաբեություն է, որի դեմ մենք պատրաստվում ենք պայքարել: Այս կապակցությամբ 2010թ. հուլիսի 28-ին կայանալու է հերթական նիստը Մալաթիա-Սեբաստիա առաջին ատյանի դատարանում: Մեր իրավաբանը պարզեց, որ ընկերությունն իր գործունեությունը ծավալել է ապօրինի` առանց համապատասխան լիցենզիայի, իսկ մենք աշխատել ենք առանց լիցենզիաների: Այս փաստը պարզվել էր առողջապահության նախարարություն կատարված հարցման պատասխանի արդյունքում: Ի լրումն մեզ` ընկերության աշխատակիցներիս տրվել են կեղծ աշխատանքային գրքույկներ, որպես դեղագետներ:



Դեղատան կոլեկտիվ