Բնապահպանության նախարարը երկու գիշեր չի քնել

Բնապահպանության նախարարը երկու գիշեր չի քնել
Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի բարեկամական հարաբերություններին դարավոր թշնամությունն է սպառնում, եթե բնապահպանության նախարարությունն ու համապատասխան մարմինները միջոցներ ձեռք չառնեն մարզերի միջեւ առկա խնդիրը լուծելու համար: Հիշեցնենք, որ Վայոց ձորի Կապույտ բերդ գետի վրա ՀԷԿ կառուցելու նպատակով փորձում էին փոխել Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը, որով ոռոգվում է Գեղարքունիքի մարզի հինգ գյուղ՝ Մադինան, Վերին եւ Ներքին Գետաշենները, Վաղաշենն ու Գեղհովիտը:  Այս վտակի ջրով երկար տարիներ ոռոգվել է նաեւ Աղնջաձոր համայնքը: Այս պատրվակն օգտագործելով, առանց մարզպետի թույլտվության ինչ-որ "Զանգեզուր էքսիմպ" ընկերություն  շինարարություն էր սկսել Գեղարքունիքի մարզի վարչական տարածքում գտնվող Գայլաձոր վտակի մոտ: Գյուղացիների պնդմամբ, շինարարությունն ուղղված էր գետի վտակի հունի փոփոխությանը՝ դեպի Եղեգնաձոր՝ ՀԷԿ կառուցելու նպատակով: Ինչն էլ եթե գլուխ գար, ապա հինգ համայնքներ, այդ թվում Սեւանա լիճը, կզրկվեին ջրից: Գյուղացիները պատահմամբ տեսնելով Արգիճի գետի մոտ վեր խոյացած կառույցները՝ ահազանգել էին մարզպետարան, ապա բնապահպանության նախարարություն՝ զուգահեռ անձնուրաց պայքարելով  վտակը գողանալու դեմ, նույնիսկ բողոքի ցույց էին կազմակերպել ու մի քանի ժամ փակել  Երեւան-Մարտունի ճանապարհը: Իրենց համառ պայքարով գյուղացիները հասան նրան, որ խնդիրը լրջագույն քննարկվեց ու բնության հերթական ոճրագործությունը կասեցվեց: Բնապահպանության նախարարությունում կազմվեց համապատասխան հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր այնտեղ տեղի ունեցածը: Երեկ ամփոփեցին ուսումնասիրության արդյունքները, որին ներկա էին նաեւ համայնքապետերն ու մարզպետարանների ներկայացուցիչները: Աշխատանքային խումբը, ուսումնասիրելով տեղի ունեցածն ու հաշվի առնելով այն, որ գետը Կարմիր գրքում գրանցված կենդանիների, ձկնատեսակների պահպանության բնական վերարտադրության ու ձվադրման միաջավայր է, առաջարկեց Արգիճի գետի եւ Գայլաձոր վտակի ջրատվության 20-25 տոկոսը պահպանել՝ որպես էկոթողք՝ Աղնջաձորի 102 հա տարածության համար անհրաժեշտ համարելով 39,6 լ ջուր: Նշենք, որ 102 հա հողատարածքը  կադաստրային տվյալն է, փաստացի ոռոգման ենթակա հողատարածքն ընդամենը 71 հա է, որի համար էլ, ըստ մասնագետների, լիովին բավարար է 20-25 լ ջրառը: Այսպիսով ստացվում է, որ ամեն կերպ փորձում են գյուղացիներից ջուր խլել՝ հետագայում ՀԷԿ-ը շահագործելու նպատակով: Չէ որ լուրջ գումարներ են ծախսել՝ հսկայածավալ շինություններ իրականացրել ու անսպասելի ձախողման ենթարկվել: Համայնքապետերին ըստ էության չէր էլ հետաքրքրում, թե ոլորտի ներկայացուցիչներն ինչ  հեքիաթներ են պատմում, նրանք պնդում էին, որ պետք է քանդել ապօրինի շինությունն ու այդպիսով վերջ դնել խնդրին: Տարօրինակն այն էր, որ քննարկումը սկսվել ու շարունակվում էր Գայլաձոր վտակի ջրառի շուրջ, իսկ ՀԷԿ-ի մասին դեռ խոսք չկար: Պարոններին հանկարծակի ընդհատելով՝ հարցը բարձրացրեց շարքային գյուղացի, վաստակաշատ շինարար Ժորա Համբարձումյանը, որը չինովնիկների հետ եկել էր նախարարություն: Վերջինս այլեւս իրեն չկարողանալով զսպել՝ դիմեց ՀԷԿ-ի կառուցման հանցավոր խմբի "զոհ" Աղնջաձորի համայնքապետին: "Լսիր, երիտասարդ, եթե դու հիդրոէլեկտրակայան կառուցես, էս մոնոպոլիայի դարում գլխիդ կխփեն, կայծ կգնա աչքերիդ, հարցը ջրի ոռոգման մասին չէ, հարցը ՀԷԿ կառուցելն է: Ո՞վ է էդ կառուցողը, թե՞ ստեղ ճանաչող չկա դրան",-բորբոքված գոռգոռում էր 70-ն անց Ժորա Համբարձումյանը՝ իրեն զգալով իրենց գեղամիջում: Թեման թեժացավ ու քննարկվեց դրամատիկական ժանրում: Մեծ ջանքեր պահանջվեցին սրտացավ պապիկին  լռեցնելու համար: Սակայն այս բուռն քննարկումը ոչ մի կերպ չէր ազդում Աղնջաձոր համայնքի ղեկավարի վրա, վերջինս  ամբողջ ընթացքում սուսուփուս հետեւում էր քնարկմանն ու հակառակ կողմից իրեն ուղղված մեղադրանքներին արձագանքում քար լռությամբ: Մի խոսքով, համայնքապետերը պահանջեցին վերանայել ջրառը, ավելին՝ քանդել ապօրինի կառույցները, որպեսզի համոզվեն, որ գյուղերի փրկության վտակին որեւէ վտանգ չի սպառնում:



ՀԳ - Այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու, առաջարկների փաթեթը դեռ մի քանի հանձնաժողովներով անցնելու է, ու Աստված գիտի այս ընթացքում ինչ նոր գաղափարներ լույս աշխարհ կգան հանցավոր ծրագրին՝ ՀԷԿ-ի բիզնեսին աջակցելու  համար: Ի դեպ, այս խնդիրն ալեկոծել է նաեւ  բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ներաշխարհը: Ասում են՝ նա երկու գիշեր չի քնել բարձրացված աղմուկի պատճառով: