Որքան քիչ գան ու գնան, այնքան լավ

Որքան քիչ գան ու գնան, այնքան լավ
Որպես Պահպանողական կուսակցություն, որեւէ ակնկալիք չունենք Մեդվեդեւի այցելությունից: Որքան քիչ գան, որքան մերոնք քիչ գնան Մոսկվա, այնքան ավելի լավ: Նման մոտեցումը պայմանավորված է պատմության փորձով, այն հանգամանքով, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն ակտիվացնում է հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանը պետք է նրանց ուրիշների հետ հաշիվներ մաքրելիս: Դա եղել է եւ 1915 թվականին, եւ դրանից առաջ, եւ դրանից հետո: Մի ռուսական ցար էլ եկավ Հայաստան, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, երբ որ հայ տխմարները լծվեցին ռուսական սայլին եւ ծառայեցին ռուսական շահերի իրականացմանը, այն դեպքում, երբ մենք պարզապես հայրենազրկվեցինք եւ ցեղասպանվեցինք: Չմոռանանք Գետաշենը, Գետաշենից առաջ՝ Բաքվի, Սումգայիթի ջարդերը:



Հիմա կարծես դարձյալ, երբ Էրդողանը եւ Պուտինը հանդիպում են, կապերն էլ ավելի ինտենսիվ են դառնում: Ռուսական կողմն առաջիկա հանդիպումից ակնկալիք չէ, որ ունի: Ռուսական կողմը Հայաստանի հետ վարվում է որպես իր ենթակա նահանգի կամ մարզի. նրան կհրամայեն, եւ ինքը կանի այնպես, որ ռուս-թուրքական հարաբերություններում Ռուսաստանը շահեկան վիճակում հայտնվի, ռուս-ադրբեջանական հարաբերություններում դարձյալ Ռուսաստանը շահեկան վիճակում հայտնվի: Տա Աստված, որ մեր երկրին չհրահանգեն, որ Հայաստանը կատարի  այնպիսի քայլեր, որ ռուս-վրացական հարաբերություններում էլ Ռուսաստանը շահեկան վիճակում հայտնվի: Հայաստանից պահանջվելու է կամ զիջում, կամ զիջման մասին խոստում, որպեսզի Ռուսաստանը կարողանա Թուրքիայի հետ տարածաշրջանային եւ ոչ միայն տարածաշրջանային, այլեւ գեոստրատեգիկ խնդիրներ լուծել:



Խոսքն առաջին հերթին Ղարաբաղի հարցում Հայաստանի որդեգրելիք  դիրքորոշման մասին է՝ զիջումներ թե տարածքային, թե խոստման ձեւով: Դրանք կարող են լինել նաեւ զիջումներ ժամանակացույցի հետ համաձայնելու տեսքով: Զիջումների շարքը բավականին լայն է՝ կախված, թե ինչ հանգրվանի են հասել ռուս-թուրքական հարաբերությունները: Իսկ Վրաստանի հետ  կապված՝ Ռուսաստանը, որ հրդեհներ բորբոքող ուժ է եղել վերջին 200 տարում Հարավային  Կովկասում, կարող է օգտագործել Վրաստանի հայկական գործոնը, իսկ այնտեղ հայ համայնքի վրա Հայաստանը դժբախտաբար կարող է ազդեցություն ունենալ:  Այսինքն խոսք կարող է գնալ նաեւ հայ-վրացական հարաբերությունների փչացման մասին, որի արձագանքը մենք տեսանք մի քանի օր առաջ Բաթումիում Սահակաշվիլու արած հայտարարությամբ՝ վրաց-ադրբեջանական ֆեդերացիա ստեղծելու մասին: Ներկա իշխանությունները, որոնք  ոչ լեգիտիմ են, արժանապատիվ կեցվածք որդեգրել չեն կարող:



Դա շատ օրինաչափ է, եւ դրա համար ես իրենց մեղադրել չեմ կարող, որովհետեւ իրենք ոչ լեգիտիմ են եւ իրենց լեգիտիմության պակասը փորձում են լրացնել զիջումներ կատարելով Ռուսաստանին, որպեսզի ռուսական սվինների վրա կարողանան իշխանության մնալ: Իսկ միակ ելքը իշխանության որակի փոփոխությունն ու իրոք ժողովրդավարական ընտրություններ կատարելն է լինելու:



Միքայել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հայաստանի պահպանողական կուսակցության ղեկավար