Միքայել Դանիելյան. Կշարունակվի այնքան, որքան թույլ կտանք

Միքայել Դանիելյան. Կշարունակվի այնքան, որքան թույլ կտանք
Որեւէ անակնկալ «Youtube» ցանցում շրջանառված տեսանյութում չկա: Դա պիտի լիներ եւ կլինի այնքան ժամանակ, որքան մեր իշխանությունները ոտնահարում են մարդու իրավունքները: Կարեւոր չէ՝ այդ երեւույթները բանակում են տեղի ունենում, թե ոչ: Նույնը կատարվում է նաեւ ոստիկանությունում եւ ցանկացած ուժային կառույցում: Դա մեր պետության համար շատ սովորական նկար է, եւ արտառոց բան չկա, քանի դեռ պետությունը նման քաղաքականություն է որդեգրել մարդու իրավունքների նկատմամբ: Հասարակությունը պետք է որոշում կայացնի: Որքա՞ն կկարողանա կուլ տալ այդ ամենը:



Եթե հասարակությունը համաձայն է ապրել այսպես, ուրեմն կապրի: Միայն մարդու իրավունքների պաշտպանների միջոցով հնարավոր չէ հարց լուծել: Մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպությունները կարողանում են միայն առանձին դեպքերով նման խնդիրներ լուծել, բայց ընդհանրապես պետք է ժողովուրդը հասկանա, որ այդպես չի կարելի: Այն, ինչը որ կատարվում է, մի օր բոլորիս տները կգա, որովհետեւ բոլորն իրենց աչքերը փակում են, երբ խնդիրն անմիջականորեն իրենց չի առնչվում: Մարդու իրավունքները Հայաստանում կոտնահարվեն այնքան ժամանակ, որքան մեր ժողովուրդը դա կհանդուրժի եւ իշխանությունները դա կցանկանան անել: Եթե խաղաղ պայմաններում բանակում ինչ-որ մեկը մահանում է, բոլորը պետք է ոտքի ելնեն եւ հասնեն այն վերջին կետին, որ օրենք խախտողը պատժվի առավելագույն պատժաչափով:



Չպետք է սպասել, մինչեւ դժբախտությունը մեր տներ էլ կգա: Որեւէ հետաքննություն, կարծում եմ, վերջին դեպքերի հետ կապված՝ չի լինելու: Հետաքննություն կլինի այն ժամանակ, երբ կլինի վերահսկողություն: Անհասկանալի եմ համարում նաեւ այն, որ իշխանությունները ընդդիմությանը թույլ չեն տալիս հասնել Ազատության հրապարակին: Ես չեմ հասկանում, թե ինչ տարբերություն կա՝ նրանք հանրահավաք կանցկացնեն Մատենադարանի հարող տարածքո՞ւմ, թե՞ Ազատության հրապարակում: Հասկանալի է, թե իշխանությունն ինչից է վախենում:



Վախենում են նրանից, որ ընդդիմությունը հրապարակում կարող է երկար մնալ եւ ինչ-որ ակցիաներ սկսել, բայց դա կլինի մի օր: Եթե այսպես շարունակվի, դա անպայման կլինի: Ավելի լավ է մեր իշխանությունները մտածեն ինչպե՞ս անել, որ դա չլինի, իսկ դա չլինելու համար փոփոխություններ են պետք երկրում, մարդու իրավունքների քաղաքականության մեջ: Մենք հասել ենք ֆեոդալական մի ռեժիմի, որը շատ նման է, ասենք, Հյուսիսային Կորեայի, Կուբայի կամ Իրանի ռեժիմներին: Դա շատ վատ է:



Միքայել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հելսինկյան ասամբլեայի նախագահ