ՀՀ ոստիկանապետը նսեմացնում է դատարանի հեղինակությունը

ՀՀ ոստիկանապետը նսեմացնում է դատարանի հեղինակությունը
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շաբաթ հայտարարություն է տարածել 2010 թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի` «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Չարենցավանի ոստիկանության բաժնում Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքների մեկնաբանությունների վերաբերյալ: Ստորեւ  ներկայացնում ենք այն ամբողջությամբ:



ՀՀ ոստիկանապետը ինչպես 2010 թ. ապրիլի 14-ին՝ մինչ Վահան Խալաֆյանի դիահերձում կատարելը, մինչ փորձաքննությունների իրականացումը եւ եզրակացությունների ստացումը, մինչ նախաքննության ավարտը, այնպես էլ հիմա՝ մինչ դատաքննության ավարտը եւ դատարանի վճռի հրապարակումը, հայտարարում եւ պնդում է, որ Վահան Խալաֆյանը ինքնասպանություն է գործել:



Հարցազրույցում պարոն ոստիկանապետը.



1. չի բացառում ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից «պայմանների, գործարքների առաջարկության հանգամանքը»,



2. վերստին կասկածի տակ է դնում Վահան Խալաֆյանի նկատմամբ բռնությունների փաստը,



3. բացառելով Վահան Խալաֆյանին սպանելու որեւէ պատճառի առկայության հնարավորությունը` չի ներկայացնում նաեւ ինքնասպանություն գործելու որեւէ պատճառ,



4. ավելին՝ ոստիկանապետը որեւէ նշանակություն եւ դեր չի տալիս դատաքննությանը, դատարանին, եւ մարդուն մեղավոր ճանաչելու հիմնական փաստաթուղթը համարում է մեղադրական եզրակացությունը:



ՀՀ ոստիկանապետի սույն մեկնաբանությունը որակում ենք որպես դատարանի հեղինակությունը եւ նշանակությունը նսեմացնող, վարկաբեկող վերաբերմունք եւ գտնում ենք, որ դատաքննության ընթացքում բացահայտվել են բազմաթիվ նոր հանգամանքներ, էական նշանակություն ունեցող փաստեր, որոնք ՀՀ հատուկ քննչական ծառայությունը անտեսել է նախաքննության ընթացքում:



Մասնավորապես՝



1. ոստիկանության ավագ օպեր Մորիս Հայրապետյանի ձեռքին արյունոտ դանակի գտնվելու փաստի մասին քրեական բաժնի պետ Աշոտ Հարությունյանի ցուցմունքը,



2. աշխատասենյակում, որտեղ գտնվել է Վահան Խալաֆյանը, գույքի, աթոռների խառնիխուռն, թափված լինելու հանգամանքը, այսինքն՝ դիմադրության, քաշքշուկի մասին վկայող փաստի հրապարակումը դատաքննության ընթացքում,



3. Վահան Խալաֆյանին եւ մյուսներին ոստիկանության բաժին բերման ենթարկելու արձանագրություններում նշված ժամկետների անհամապատասխանելիությունը իրականությանը,



4.  Մորիս Հայրապետյանի Ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում  կալանքը կրելու եւ Աշոտ Հարությունյանի՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվելու հիմնավորվածության բացակայությունը:



Այս եւ մյուս էական նշանակություն ունեցող նոր հանգամանքները գտնում ենք՝ իրենց պատասխանները կստանան դատաքննության ընթացքում, եւ դատարանը կիրականացնի օբյեկտիվ, համակողմանի եւ ամբողջական դատաքննություն, կարձակի օրինական վճիռ՝ ուղղելով նախաքննության մարմնի եւ մեղադրող կողմի թերությունները, բացերը, չենթարկվելով որեւէ ճնշման, այդ թվում՝ իրավապահ մարմինների կողմից: