Ստեպաշին. Կաշառակերներին պետք է ուղղակի բռնել եւ նստեցնել

Ստեպաշին. Կաշառակերներին պետք է ուղղակի բռնել եւ նստեցնել
Եկող տարի Հայաստանի Վերահսկիչ պալատը ստուգումներ կսկսի հայ-ռուսական երեք ընկերություններում՝ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանում եւ «Գազպրոմի» հայաստանյան մասնաճյուղում: Երեկ Երեւանում ՀՀ Վերահսկիչ պալատը եւ ՌԴ Հաշվիչ պալատը ստորագրեցին 2012թ. համատեղ գործողությունների ծրագիր, որի շրջանակներում էլ այսուհետ ուսումնասիրություններ կկատարվեն նաեւ Հայաստանում գտնվող ռուսական ընկերություններում:



Հայաստանում առկա ռուսական ընկերություններում տիրող իրավիճակի մասին լեգենդներ են պատմում. մնում է հուսալ, որ այս պարագայում ոչ միայն կբացահայտվեն չարաշահումները եւ չիրականացած ներդրումները եւ այդ առթիվ աղմկահարույց ասուլիսներ կլինեն, այլեւ համատեղ ուժերով կպատժվեն մեղավորները եւ հասարակությունը կտեսնի իրական արդյունք:



Երեկ Երեւանում մեկնարկեց ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանը: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցում են EUROSAI նախագահ, Լեհաստանի բարձրագույն վերահսկողական մարմնի նախագահ Յացեկ Յեզերսկին, Ռուսաստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Լատվիայի, Էստոնիայի, Լիտվայի համապատասխան կառույցների ղեկավարները: Նստաշրջանի մասնակիցներին ողջունելու էր եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը:



Նիստի ընթացքում ներկայացվեցին ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի գործունեության արդյունքները 9-րդ եւ 10-րդ գագաթաժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում, ընդունվեց ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի կանոնադրությունը նոր խմբագրությամբ, ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր բարձրագույն ֆինանսական վերահսկողական մարմինների կողմից համատեղ վերահսկողական միջոցառումների անցկացման վերաբերյալ:



«Ժամանակն է ոչ միայն պարզապես հյուր գնալ, այլեւ համատեղ լուրջ վերահսկողական միջոցառումներ անցկացնել»,- լրագրողների հետ զրույցում  հայտարարեց Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը: Նա ասաց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի վերահսկիչ կառույցները վաղուց են համագործակցում՝ հավելելով, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած այցից հետո վերահսկիչ պալատների գործը շատացել է, «եւ դա շատ լավ է»:



Հարցին, թե Երեւանում քննարկվելո՞ւ է հակակոռուպցիոն ծրագիրը, Ստեպաշինը հարցով պատասխանեց. «Ի՞նչ քննարկելու բան կա, կաշառակերներին պետք է ուղղակի բռնել եւ նստեցնել, առավել եւս, որ նրանք կան եւ մեր, եւ ձեր մոտ, առավել եւս Մոսկվայում էլ բավական թվով հայ կաշառակերներ կան»: ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վերահսկիչ պալատի համագործակցությունն այլ երկրների վերահսկողական կառույցների հետ միշտ էլ ընդլայնվում է:



«Լիտվայի եւ Ղրղզստանի հետ ենք կնքել  համագործակցության պայմանագրեր, իսկ Ռուսաստանի Հաշվիչ պալատի հետ կոնկրետ ստուգումների ծրագիր ենք ստորագրելու, եւ եկող տարի մենք եւ ՌԴ Հաշվիչ պալատը 3-4 ռուսական ընկերություններ միասին նայելու ենք»,- ասաց ՎՊ նախագահը: Ըստ նրա՝ մյուս տարիներին հնարավոր է համատեղ ստուգման ենթարկվեն նաեւ «ՀայՌուսգազարդը», «Էլեկտրական ցանցերը», «Հարավկովկասյան երկաթգիծը» եւ այլն: Իշխան Զաքարյանի խոսքով՝ իրենք ստուգելու են նաեւ ռուսական ընկերությունների ներդրումների իրականացումն ու ծավալները: «Անպայման նայելու ենք ե՛ւ ներդրումների ծավալը, ե՛ւ ներդրումների չափը, ե՛ւ դրանց ծախսման օրինականությունը»,-հավաստեց ՎՊ նախագահը: