Փակ նիստի մասնակիցների բացահայտ պատկերը

Փակ նիստի մասնակիցների բացահայտ պատկերը
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում ուրբաթ քննարկվում էր վերջին շրջանում հայկական բանակում տեղի ունեցած սպանությունների հարցը: Լրագրողներին հեռացրին դահլիճից, հայտարարելով, որ քննարկումը փակ է: Բացի վերոնշյալ հանձնաժողովի կազմից, քննարկմանը մասնակցում էին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ նաեւ: Նախաձեռնությունը պատկանել է «Ժառանգությանը», որը պահանջում էր խորհրդարանական լսումներ, սակայն, հաշվի առնելով գործերը նախաքննական փուլում լինելու հանգամանքը, որ ընթանում են գաղտնիության պայմաններում, որոշվել էր հարցը քննարկել հանձնաժողովի փակ նիստում, նախաքննության նյութերը չհրապարակելու եւ հետեւաբար ընթացքը չբարդացնելու նպատակով:



Իրավիճակը խորհրդարանականներին ներկայացնելու նպատակով հրավիրված պատկան կառույցների ղեկավարներն ուղարկել էին՝  ՀՀ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ Ալեքսանյանին, ՀՀ զինդատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանին, Ռազմական ոստիկանության պետի նորանշանակ պաշտոնակատար, գնդապետ Արամ Տեր-Սահակյանին: Մոտ երեք ժամ տեւած խորհրդակցության ընթացքում միջանցքում տվայտողներս բացի քննարկվող թեմայի վերնագրից, այլ բան չէինք իմանա, եթե ներսում պարբերաբար կրքեր չբորբոքվեին:



Իրավիճակը հաղորդելիս, ըստ երեւույթին, զինվորական դատախազության ներկայացուցիչն էր, լյումպեն պրոլետարական զեկույցի ոգով այնպես էր ձայնը գլուխը գցել, որ լսեցինք, թե ինչպես է կաշվից դուրս գալիս, որ բանակում տիրող անասնական բարքերը ներկայացնի որպես անմեղ մուշտի: Օրինակ՝ սպայի դաժան ծեծի հետեւանքով մահացած զինվորի գործը ներկայացնելիս ձայնը հավաստիացնում էր, որ պետք է հաշվի առնել անմեղության կանխավարկածը, քանի որ սպան դիտավորություն չի ունեցել, ուղղակի երբ բռունցքով հարվածել է զինվորին, նա վայր է ընկել, գլխով հարվածել բետոնին ու այդ պատճառով մահացել: Ուստի հայտարարեց, որ «իրենք գտնում են», որ սպայի նկատմամբ պետք է կիրառել մեղմ պատիժ՝ ոչ դիտավորությամբ սպանություն:



Հիշեցնեմ, որ սա ասում էր նախաքննական մարմնի ներկայացուցիչը, ու նշեմ, որ անմեղության կանխավարկածը տարածվում է կասկածյալի, այլ ոչ թե փաստացի հանցագործի վրա: Նշեմ նաեւ, որ նախաքննության փուլում ուղղակի անթույլատրելի է նման հայտարարությունը թեկուզ այն պատճառով, որ գործն ամբողջությամբ քննված չէ, ու միայն այն հանգամանքը, որ սպան կաշին փրկելու համար ցուցմունք է տվել, թե դիտավորություն չի ունեցել զինվորին սպանելու, դեռ չի նշանակում, որ այդպես էլ կա: Բացի այդ, եթե առարկայական պատկերացնենք, որ մի բռունցքի հարվածից երիտասարդ տղան կարող է այնպես տապալվել, որ գլուխը ջնջխվի ու մեռնի, նշանակում է, որ հարվածողն առանձնակի դաժանությամբ է նրան ծեծել, եւ այդ դեպքում պատիժը տրամաբանորեն պետք է խիստ լինի:



Բորբոքված կրքերից մեզ հասած կցկտուր զրույցներից առանձնացան բանակում տիրող բարքերի մասին հնչող մտահոգությունները, որը, ըստ բանավիճողների, սովետական տոտալիտար համակարգից փոխառած կանոնագրքի հայերեն թարգմանության կիրառության հետեւանքն է, ինչն իրականում կամայականության տեղիք է տալիս: Ընդդիմացողը, որ, ըստ մեր տեղեկությունների, դաշնակցական էր եւ աշխատել էր զինված ուժերում, ասում էր, որ վաղուց էր պետք փոխել ու տեղայնացնել այն, հաշվի առնելով մեր բանակի յուրահատկությունն ու մեր զինվորների հոգեկերտվածքը:



«Տղերք, այս ի՞նչ եք անում, չե՞ք հասկանում, որ պետք են փոփոխություններ, սա ազգային անվտանգության հարց է, միթե չգիտեք, որ կանխարգելիչ միջոցների մասին խոսելիս պիտի առաջին հերթին նկատի ունենանք նաեւ սպայի վարքագծի վերահսկողությունը: Ո՞ւմ եք խաբում, ինչո՞ւ պիտի սպան չունենա այնպիսի պայմաններ ու որակական հատկանիշներ, որ չմտածի կոռուպցիայի մասին, որ պետական բյուջեն հաշվարկելիս հաշվի առնվի նրա նյութական խնդիրը: Տղերք, չէ որ մեր բանակը ստեղծելիս մենք այն համալրել ենք արժանի կադրերով, իսկ այժմ պիտի վերականգնենք այդ սկզբունքներն ու մշակենք ոչ միայն նոր կանոնագիրք, այլ միգուցե նաեւ նոր օրենքներ»,-լսում էինք միջանցքում: Քննարկեցին նաեւ «ընդդիմադիր մամուլում գրվող խայտառակ հոդվածները»՝ ուժային կառույցների ներկայացուցիչների մեկնությամբ, որ «վնասում են բանակի հեղինակությունը»:



Երբ նիստն ավարտվեց, դահլիճից առաջինը դուրս հորդեցին ուժայինները, որոնք, տեսնելով լրագրողներին, այնպիսի արագությամբ ցրվեցին այս ու այն կողմ, կարծես օդային տագնապ հնչեցված լիներ: Փախչում էին, ու չէինք կարողանում ետեւներից հասնել, որ հարց տանք: Զինդատախազության աշխատակիցը աստիճանահարթակին հավաքված լրագրողների արանքով հասցրեց միջանցք գտնել ու ճողոպրել ներքեւ: ՌՈ ու զինդատախազի պաշտոնակատարները  կազմակերպված սուրացին դեպի ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի գրասենյակը:



Բայց երկար չկարողացան դիրքավորվել, որովհետեւ Հրայր Կարապետյանը հանդիպման էր գնում: Երբ դուրս եկան ու կրկին հայտնվեցին շրջափակման մեջ, զինդատախազի պաշտոնակատարը ստիպված եղավ խոսել: Ասաց, որ բանակում տեղի ունեցած բոլոր սպանությունների վերաբերյալ հարուցված են քրեական գործեր: Մեր հարցին, թե արդյո՞ք որպես ինքնասպանություն ներկայացված դեպքերի նախաքննություններն ընթանում են հենց այդ վարկածով, ՀՀ զինդատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Նախաքննության ընթացքում որեւէ վարկած չի բացառվում»:



Հարցին, թե մոտ ժամանակներում ո՞ր գործի նախաքննությունն է հասցվել ավարտին եւ ե՞րբ է հանձնվելու դատարան, պատասխանեց. «Սպայի կողմից հարված էր հասցվել զինծառայողին, որը վայր էր ընկել, գլուխը հարվածել բետոնե նստարանին եւ մահացել»: Հասկանալի է, չէ՞, վերոնշյալ ձայնն էր, որ քննարկման ժամանակ ասում էր, որ պետք է մեղմ պատիժ կիրառել: Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանը հոկտեմբերի 27-ի գործով մեղադրողներից մեկն էր: