Հայտնի են դարձել հեռուստալրագրող Վլադիսլավ Լիստևին սպանողների անունները

Հայտնի են դարձել հեռուստալրագրող Վլադիսլավ Լիստևին սպանողների անունները
Ռուսաստանի քննչական կոմիտեն մանրամասն տեղեկություններ ունի ОРТ–ի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Լիստևի՝ 15 տարի առաջ տեղի ունեցած սպանությանը Պետերբուրգի քրեականների առնչության վերաբերյալ։ Դրա մասին հայտնում է "Город 812" ամսագիրը։ Պատվիրատուների և կատարողների անունները քննչական խմբին է հայտնել այսպես կոչված «տամբովյան» խմբի անդամներից մեկը, որը ներկայումս կալանքի տակ է։ Նրա ցուցմունքներից հետևում է, որ պատվիրատուների շարքում կարող էր լինել Բորիս Բերեզովսկին։


Գերատեսչությունում այս տեղեկությունները դեռ չեն մեկնաբանվել։ "Коммерсант" թերթը փորձել է պարզել, թե «տամբովյան» խմբի ինչ անդամի մասին է խոսքը։ Սակայն տամբովյան կազմակերպված հանցավոր խմբի հետ կապ ունեցող քրեական գործերի հետ առնչվող մարդկանց փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալներն այդ սպանության մասին ոչ մի տեղեկություն չեն տվել, և մոտավոր պատկերացում չունեն անգամ, թե «տամբովյան» բանտարկյալներից կամ դատապարտյալներից ով կարող է նման ցուցմունքներ տված լինել։


Խմբագրությունը հիշեցնում է, որ հենց ինքը՝ Վլադիմիր Բարսուկովը և տամբովյան կազմակերպված հանցավոր խմբի մի քանի անդամներ արդեն իսկ դատապարտվել են ազատազրկման։ Եղել են դեպքեր, երբ առանձին դատապարտյալներ համագործակցել են իրավապահ մարմինների հետ։


Հիշեցնենք, որ Վլադիսլավ Լիստևին սպանել են 1995 թվականի մարտի 15–ին, երբ նա վերադառնում էր հաղորդման նկարահանումներից։ Մարդասպանները նրան սպասելիս են եղել շենքի շքամուտքի մոտ։ Սպանության հիմնական դրդապատճառներից են համարվում նրա մասնագիտական և քաղաքական գործունեությունը։ Լիստևը ճանաչում ստացավ որպես «Взгляд»–ի հաղորդավար, ապա մեծ ժողովրդականություն սկսեց վայելել «Поле чудес» հաղորդումը։


Նա ստեղծել է այն ժամանակվա հետխորհրդային հեռուստատեսության համար հեղաշրջիչ և կարևորագույն այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են «Час пик»–ը, «Тема»–ն։ Նրան է պատկանում «Угадай мелодию» հաղորդման գաղափարը։ 1995 թվականին Լիստևը դարձավ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն։ Սպանությունից մեկ ամիս առաջ նա հայտարարել էր, որ հեռուստաալիքում մորատորիում է  մտցվում գովազդի վրա, ինչը, ըստ երևույթին, Օստանկինոյում գովազդային բիզնեսը գրաված քրեականներին նետված մարտահրավեր էր։