Ուզում են լրագրողների վրա՞ կոտրել

Ուզում են լրագրողների վրա՞  կոտրել
Երեկ տեղեկացանք, որ ՀՀ գլխավոր դատախազության` ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` «փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու, ինչպես նաեւ դատավորին, դատախազին, քննիչին եւ հետաքննություն կատարող անձին առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրանքներով զուգորդված զրպարտության դեպքի առթիվ»: Խոսքը «Հետք» շաբաթաթերթի` 2010թ. սեպտեմբերի 13-ի թիվ 31 համարում տպագրված Ռումինիայի քաղաքացի Օլիվեր Մարիանի բաց նամակի մասին է, որտեղ Հայաստանում դատապարտված անձը մեղադրել էր որոշ դատախազների, քննիչների ու դատավորների կաշառք վերցնելու մեջ:



Նա գրել էր, որ իրեն նվազագույնից ցածր պատիժ են տվել կաշառքի դիմաց, եւ մերկացրել էր ՀՀ իրավապահ համակարգի իրական դեմքը: Սակայն սա կարող էր վատ նախադեպ լինել եւ մարդիկ կարող էին կամաց-կամաց համարձակություն ձեռք բերել եւ ներկայացնել իրենցից շորթված, իրենց պարտադրված կոռուպցիայի դեպքերը, ուստի դատախազությունը որոշել է այն հիմքից արմատախիլ անել եւ քրեական գործ է հարուցել նշված հոդվածի առիթով: ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով «Հետք» շաբաթաթերթում տպագրված նշված հոդվածն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն` «օրենքով սահմանված կարգով ստուգելու»:



Եվ ԱԱԾ-ն պարզել է, որ սույն նամակը կեղծ է, ուղարկվել է այդ նույն հանցախմբի շրջանակներում դատապարտված Կոնստանտին Ստենգաչուին օգնելու նպատակով. «Փորձել են արժեզրկել քրեական գործով իրականացված քննությունը, ապա օժանդակել Կոնստանտին Ստենգաչուին ապօրինի ճանապարհով դատավճռի բեկանմանը հասնելու հարցում»: Բացի այդ, 2010թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ-ում Մեծ Բրիտանիայից փոստով ստացվել է Օլիվեր Մարիանի ստորագրությամբ դիմում, որտեղ վերջինս հերքել է իր կողմից ՀՀ նախագահին ուղղված բաց նամակով հանդես գալու  հանգամանքը եւ տեղեկացրել, որ իր անունից ներկայացվող «բաց նամակի» բովանդակությանը ծանոթացել է «Հետքի» կայքում զետեղված համապատասխան հոդվածների միջոցով, ինչը հերյուրանք է:



Հիմա Հատուկ քննչական ծառայությունը քննում է այս նամակի պատմությունը: Մենք տեղեկացանք, որ երեկ ՀՔԾ են կանչվել «Հետք» շաբաթաթերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ու հոդվածի հեղինակ Արարատ Դավթյանը: Նրանք առայժմ խուսափեցին մանրամասներ հաղորդել, սակայն խոստացան անել առաջիկայում:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ