Վարչապետը հանձնարարեց կադրային ջարդ

Վարչապետը հանձնարարեց կադրային ջարդ
Տիգրան Սարգսյանը երեկ իր ակտիվությամբ ապշեցրեց լրագրողներին: Կառավարության հերթական նիստն էր, սակայն նա անսովոր աշխույժ էր: Անդադար խոսում էր, զեկույցից զեկույց ընկած հատվածը լցնում իր օրիգինալ մեկնաբանություններով, դատողություններով ու գնահատականներով: Իսկ նիստի սկզբում մոտ տասը րոպեանոց կոշտ ու բազմանշանակ ելույթ ունեցավ, հանձնարարականներ տվեց, կադրային ջարդի հրահանգ: Բա բացահայտումները… Տիգրան Սարգսյանն այն աստիճան էր տաքացել ու բացվել, որ սկսեց խոսել անհավանական բաներից, օրինակ, որ կրթության ու առողջապահության ոլորտում կոռուպցիա կա, ու գնալով այն խորանում է: Մի խոսքով՝ ինչ-որ բան էր կատարվում մեր վարչապետի հետ, նա չխնայեց անգամ իր ամենամտերիմ նախարարներից մեկին՝ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին:



ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԵՐ ԱԶԱՏՎԵՑԻՆ



Տիգրան Սարգսյանի առաջին թիրախը գյուղատնտեսության ոլորտն էր: Գերասիմ Ալավերդյանին հանձնարարեց լուծել Բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը: Իսկ լիցենզավորման վարչության պետինը, պարզվեց, արդեն լուծել են՝ նա աշխատանքից հեռացված է: «Այսօր ես ուզում եմ սկսել բուսասանիտարիայի խնդրից։ Գաղտնիք չէ, որ դժգոհություններն այդտեղ բավական շատ են, եւ վերջերս մենք գյուղատնտեսության նախարարի հետ քննության ենք առել վարչապետի վերահսկողական ծառայության հաշվետվությունը կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ։



Գյուղատնտեսության նախարարը խնդրանքով դիմել էր վարչապետին, որպեսզի ես թույլ տամ ստուգումներ մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող օբյեկտներում, քանի որ ահազանգեր էին ստացվում քաղաքացիներից, որ թունաքիմիկատների առեւտուրն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ։ Այդ թույլտվությունը տրված էր գյուղատնտեսության նախարարությանը, եւ պարզվեց, որ ստուգման արդյունքում ընդամենը մեկ խախտում է արձանագրվել։ Երբ վարչապետի վերահսկողական ծառայությունը գնաց այդ ստուգման հետքերով, պարզվեց, որ եւ լիցենզավորման վարչությունը, եւ բուսասանիտարիայի վարչությունը, մեղմ ասած, պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները, որովհետեւ բոլոր այդ օբյեկտներում մեր վերահսկողական ծառայությունը հայտնաբերել է խախտումներ, որոնք չեն արձանագրվել, ընդ որում բուսասանիտարիայի տեսչությունը ծառայություններ է մատուցում նաեւ սահմանում։ Այլեւս հանդուրժելի չէ նման աշխատաոճը»,-մանրամասնեց նա:



Ի՞ՆՉ ԵՂԱՎ ԱՆՏՈԿՈՍ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ



Դժգոհությունների շարքում ֆիննախը երկրորդ տեղն էր զբաղեցնում: Նրանից պահանջվեց ներկայացնել սահմանամերձ շրջաններում գյուղացիներին տրվող անտոկոս վարկային ռեսուրսի  ճակատագիրը: «Մենք ծրագիր ենք հաստատել ձեզ հետ միասին եւ միջոցներ ենք հատկացրել, որպեսզի սահմանամերձ շրջաններում տրվող վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորվեն պետության կողմից, այսինքն` մեր գյուղացիները հնարավորություն ունենան ստանալ անտոկոս վարկեր։ Երկու տարի է` այդ գործառույթն իրականացվում է լրջագույն բացթողումներով։



Լուրջ դժգոհություններ կան գյուղացիների կողմից։ Այդ գործառույթներն իրականացնող սուբյեկտներն իրենց գործառույթները պատշաճ ձեւով չեն կատարել։ Խոսքը գնում է նաեւ այն ծրագրերի իրականացման գործակալության մասին, որը գործում է մեր ֆինանսների նախարարության կազմում։ Անթույլատրելի է, որ մենք ունենք հատկացված ֆինանսական միջոցներ, եւ այդ փողը չի հասնում գյուղացիներին»,-ասաց ու հանձնարարեց 10 օրվա ընթացքում ներկայացնել համապատասխան որոշում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու եւ կադրային լուծումներ տալու համար:



ՔՈՒՇԿՅԱՆԸ ԼԱՎ ՊՐԾԱՎ, ԻՍԿ ԱՇՈՏՅԱՆՆ ԱՆԿԱՐՈՂ Է ԿՏՐՈՒԿ ՔԱՅԼԵՐԻ ԳՆԱԼ



«Վերջին շրջանում ահազանգող եւ վտանգավոր են դարձել այն բողոքներն ու միտումները, որոնք դրսեւորվում են կրթության եւ առողջապահության ոլորտներում։ Կոռուպցիան այս երկու ոլորտներում խորացել է»,-կոլեգաներին ահաբեկեց պարոն վարչապետը։ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ներկա չէր նիստին՝ Չինաստանում էր, եւ ոլորտներում բացահայտված հանցավորության մասին տեղեկատվությունը ծանրացավ Աշոտյանի ականջներում: Չնայած բարդ էր նաեւ Քուշկյանի փախարեն նիստի եկած նախարարի տեղակալ Հայկ Դարբինյանի վիճակը:



Եթե կրթության ոլորտում ահագնացող կոռուպցիայի մասին միայն փաստեց ու ընդհանուր կադրային փոփոխության մասին խոսեց, ապա առողջապահության համակարգում ավելի կտրուկ էին հանձնարարականները: «Լրջագույն դժգոհություններ են հասնում մեզ առողջապահության ոլորտում կոռուպցիոն երեւույթների մասին. 10 օրվա ընթացքում վարչապետին ներկայացնել առաջարկություններ` ընդհուպ մինչեւ կադրային փոփոխություններ, սկսած աշխատակազմի ղեկավարից, ավարտած նախարարի տեղակալներով»,- ահասարսուռ պահանջեց Տիգրան Սարգսյանը:



Ոլորտների վերաբերյալ սկանդալային բացահայտումների հետ կապված փորձեցինք լսել թիրախներին: Դարբինյանը խուսափեց, Աշոտյանն էլ արդարացավ, թե կոռուպցիան խորհրդային ժամանակներից է սկսվել եւ արմատավորվել ու զարգացել է անկախության տարիներին: Իսկ այդ դրսեւորումների դեմ իրավական գործիքները կամ թերի են կիրառվում, կամ թույլ չեն տալիս նախարարությանը կտրուկ քայլերի դիմել: