Ո՞րն է ելքը

Ո՞րն է ելքը
10-15 տարի է՝ հետեւում եւ հետաքրքրվում եմ քաղաքական ասպարեզում գտնվող կուսակցությունների, քաղաքական գործիչների գործունեությամբ: Բոլորն էլ արտաքուստ կարծես հանդես են գալիս ժողովրդի անունից, նրան բարեկեցիկ պայմաններ ստեղծելու խոստումներով, բայց երբ ուսումնասիրում ես առանձին կուսակցությունների գործունեությունը, պարզ է դառնում նրանց դավաճանական գործելակերպը: Երբ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ հանդես եկավ  որպես Հայաստանի քաղաքացի, հիասթափվեցի հենց այդ օրվանից: Մենք չպահանջեցինք նրանից ՀՀ քաղաքացի լինելու ճշմարտացիությունը:



Մենք ի վիճակի չեղանք կանգնեցնելու նրան, եւ նա կեղծիքների, լցոնումների, ահաբեկչության եւ այլ հանցագործ ճանապարհներով դարձավ Հայաստանի նախագահ եւ ձեռք բերեց միլիոններ, ինչպես թերթերն են գրում: Չկաշառվող պաշտոնյաներ աշխարհում չկան: Հաագայի քրեական միջազգային  դատարանին էլ կկաշառեն, եւ մենք զարմանքից քար կդառնանք: Ես չեմ հավատում, որ նրան քրեական պատասխանատվության կանչեն: Նրան քրեական պատասխանատվության կանչողը Հայաստանի ժողովուրդն է, որը պետք է իշխանափոխությունից հետո ժողովրդի կողմից ընտրված իշխանություններից պահանջի նրան քրեական պատասխանատվության ենթարկել:



Աշխարհի պետությունների մեծամասնությունը իշխանություն է ձեւավորում ընտրությունների միջոցով, սակայն Հայաստանում իշխանությունները ձեւավորվում են ընտրակեղծիքների, կաշառք բաժանելու, ահաբեկելու միջոցով: Եթե մի երկրում մարդուն դատապարտում են ճշմարտությունն ասելու համար, իսկ որոշ քաղաքական գործիչներ ժխտում են քաղբանտարկյալների փաստը, հատկապես նախկին քաղբանտարկյալներ Պ. Հայրիկյանը, Ռ. Զոհրաբյանը, որոնց կպցրել էին տարբեր քրեորեն պատժելի արարքներ, որոնց հետ նրանք բնավ կապ չունեին, ապա հիմա էլ մեր գաղութներում տառապողները բոլորովին կապ չունեն իրենց մեղսագրված արարքների հետ, նրանք ոչ մի հակահասարակական, հակապետական արարք չեն կատարել, ես դրանում հարյուր տոկոսով համոզված եմ (տառապանքս փորձ ունի): Իշխանություններն ահաբեկված են, դրանով փորձում են վախի մեջ պահել հասարակությանը: Բայց դա նրանց չի հաջողվի. ժողովուրդը պայքարելու է, մինչեւ որ ձեւավորվի օրինական իշխանություն:



«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրին՝ Նիկոլ Փաշինյանին գիտեն բոլորը: Հանցավոր իշխանություններից ազատվելու ելույթներից հետո նա իր թեկնածությունը՝ օրենքի սահմաններում, կալանքի տակ եղած ժամանակ դրեց Կենտրոն համայնքում՝ որպես ԱԺ թեկնածու: Եվ արդյունքում ընտրվեց մի «Քոլագիրանցի», որին ժողովուրդը չի ճանաչում ընդհանրապես: Իշխանությունը ցանկանում է, որ նա ընտրվի, նա էլ ընտրվում է: Նիկոլին դատապարտեցին 7 տարի, սակայն Նիկոլի ձեռքով շուտով կծնվի «Արշիպելագ Գուլագ»-ի հայկական տարբերակ: Եվ պարզ կդառնա Հայաստանում գործող «քրեական պատիժների իրականացման համակարգի» էությունը:



Այսքան որ անկախությունից են խոսում, ես չեմ հասկանում, թե մենք ումի՞ց ենք անկախ կամ ընդհանրապես անկա՞խ ենք: Սովետական Միությունը փլուզվեց եւ մեզ ասվեց՝ «գնացեք ու ձեր պետությունը ստեղծեք»: Մենք էլ ոգեւորվեցինք եւ դարձանք ռուսահպատակ, ֆորպոստ, անկախությունը իշխանությունների համար դարձավ միլիոններ վաստակելու միջոց: Ես զարմանում եմ որոշ քաղաքական գործիչների վրա, որոնք լռում են կամ գովերգում իշխանություններին, կարծես այս երկրում ոչ հոկտեմբերի 27 է եղել, ոչ էլ մարտի 1: Միթե կարելի է անձնական շահը ժողովրդի շահից բարձր դասել:  Ելքը ո՞րն է: Պետք է հայ ժողովուրդը ոտքի կանգնի եւ պահանջի իշխանությունների հրաժարականը: Օր ու գիշեր չպետք է տուն գնան: Ես կոչ եմ անում 70 եւ բարձր տարիքի մարդկանց հավաքվել եւ կանգնել առաջին շարքերում: Եթե իշխանությունները գնդակահարեն, գոնե մեզ նման տարեց մարդկանց արյունը հեղվի, եւ սրանք խեղդվեն մեր արյան մեջ:



Այս տարիներին եկել եմ մի եզրակացության, որ ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանություն չի ձեւավորվելու: Անհրաժեշտ է ժողովրդին համախմբել եւ պահանջել իշխանությունների հրաժարականը:



Արտակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

նախկին քաղբանտարկյալ