Ծանոթության կենտրոնը` սաբաբի ինստիտուտ

Ծանոթության կենտրոնը` սաբաբի ինստիտուտ
Ուրբաթ օրը «Արմատ» ակումբի հյուրերն էին «Հանդիպում» կոչվող ընտանիքի եւ ամուսնության կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը եւ սեքսապաթոլոգ-հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը: Ընտանիքի եւ ամուսնության կենտրոնը, փաստորեն, սաբաբի արհեստավարժ ինստիտուտ է, բայց եթե սաբաբին պետք է մաղարիչ անես ու հաջող ամուսնության դեպքում ամբողջ կյանքում երախտապարտ լինես, այս կենտրոնում մի անգամ վճարելով 10 հազար 500 դրամ՝ կարող ես տասնյակ թեկնածուներ նայել, ընտրել ու ընտրվել: Տիկին Մարտոյանն (տիկին ենք գրում՝ ենթադրելով, որ ընտանիքի եւ ամուսնության կենտրոնի տնօրենը պետք է որ ամուսնացած լինի) ասաց, որ 2 հազար 500 կին եւ մի փոքր ավելի քիչ տղամարդ հաճախորդներ ունեն:



Ծանոթության կենտրոնին ավելի շատ դիմում են 30-60 տարեկաններ: Ասուլիսին ներկա լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք կա՞ վիճակագրություն՝ իրենց օգնությամբ ամուսնացածներն են ավելի երջանիկ, թե ինքնուրույն: «Եթե ինչ-որ մեկը թեկուզ հոգեբանական կամ առողջական պրոբլեմ ունի, մենք կարողանում ենք լուծել, իսկ եթե հարեւանը կամ ինչ-որ մեկը ծանոթացրեց, այդ ծանոթության ընթացքում բոլոր հարցերը հնարավոր չի լուծել»,-ասաց պարոն Զաքարյանը: Իսկ Նարե Մարտոյանը լրագրողներից մեկին մի հարսանիք հիշեցրեց, որտեղ նրանք երկուսով ներկա են եղել: «Զույգերն ամուսնացել էին մեր միջոցով, եւ հարսի կողմը գիտեր՝ մենք հրավիրված ենք փեսայի կողմից, փեսայի կողմը գիտեր, թե հարսի, եւ դուք որպես լրագրող չկարողացաք պարզել, թե ես ում կողմից էի»:



«Ես հարսի կողմից էի»,-հանկարծ այդ հարսանիքը հիշեց լրագրողը: «Հեքիմյանի երգը եղավ՝ ես չիմացա, թե ինչու, դու չիմացար, թե ինչպես»,-անհամ կատակեց սեքսապաթոլոգը: Ամուսնության ու հարսանիքի թեման այնքան սրտամոտ էր, որ լրագրող աղջիկները խանդավառված անընդհատ նորանոր հարցեր էին  տալիս ծանոթության կենտրոնի տնօրինուհուն ու սեքսապաթոլոգ-հոգեթերապեւտին: «Այդ երեկո, եթե հիշում եք, հարսը եւ փեսան միայն ինձ հետ էին պարում»,-հարսանիքից նոր մանրամասներ հայտնեց տիկին Մարտոյանը, ապա, երբ հարց հնչեց, թե իրենք կապ պահո՞ւմ են ամուսնացած զույգերի հետ, համեստորեն հավելեց. «Իհարկե, իրենք ունեն մեկ երեխա, էլ չեմ ասում, որ մի քանի հարսիկներ ունենք, որ ուզում են իրենց բալիկների անունը դնել հենց իմ անունը»:



Ըստ տիկնոջ՝ մի քանի տարի առաջ հայ կանայք ավելի շատ դրսում էին ուզում ամուսնանալ, այսպես ասած՝ «իմպրտնի» փեսացուների հետ, իսկ այժմ արտասահմանում ամուսնանալ ցանկացողների թիվը նվազել է, եւ շատերին մեր «տեղական» փեսացուներն էլ են ձեռք տալիս: Կանայք հիմնականում փնտրում են աշխատանքով եւ բնակարանով ապահովված տղամարդիկ, տղամարդիկ՝ փխրուն եւ քնքուշ կանանց: Բայց տղամարդկանց մեջ էլ քիչ չեն այնպիսիք, որ ունեւոր կանանց հետ են ուզում ամուսնանալ: Տիկին Նարեն մի դեպք պատմեց, երբ աղջկա մայրն է դիմել կենտրոն, իսկ աղջիկը ոչինչ չի իմացել: Հետո այդ աղջկան հավանած տղայի համար հանդիպման սցենար են մշակել, աղջիկն ու տղան ամուսնացել են, եւ աղջիկը մինչեւ հիմա չգիտի, թե իրականում ինչպես է հանդիպել իր ամուսնուն: Կինո է:



Մի լրագրող էլ հարցրեց, թե արդյոք տղամարդիկ իրենց պահանջների մեջ նշո՞ւմ են, որ աղջիկը կույս լինի: Տիկինն ասաց, որ չեն նշում, եւ լրագրող աղջիկները զարմացան: «54 տարեկան կույս ունենք, որի հետ, հավատացնում եմ, ոչ մեկը չի ուզում ծանոթանալ միայն նրա համար, որ նա շատ ազնիվ է եղել եւ շատ մաքուր է ապրել»,-խղճահարվածի դեմքով  ասաց սաբաբի տնօրենը: «Չնայած, ես ձեզ ասեմ, բոլոր տղամարդիկ էլ ուզում են, ես արդեն որպես սեքսապաթոլոգ եմ ասում, որ իրա ընտրածը... որ ինքը լինի առաջինը»,-ասաց հոգեթերապեւտը, որի ասած տեքստերը գիտությունից կիլոմետրերով հեռու էին եւ ավելի շատ բլոտի սեղանի շուրջ «փիլիսոփայող» տղամարդու բամբասանք էին հիշեցնում:   «Ինչի՞»,-վրդովվեցին լրագրողուհիները:



«Դուք կուզենա՞ք, որ ձեր ամուսինը, կներեք, լինի մի քանի անգամ ամուսնացած-բաժանված»,-պատասխանեց սեքսապաթոլոգը: «Ամուսնացածը ի՞նչ կապ ունի սեռական հարաբերությունների հետ»,- հարցին հարցով պատասխանած հոգեթերապեւտին հարցրեց լրագրողը: «Ո՞նց ինչ կապ ունի, անմիջական կապ ունի»,-զարմացավ սեքսապաթոլոգ Զաքարյանը, եւ նորից ասուլիսի սրահը լցվեց երիտասարդ լրագրողուհիների զրնգուն ծիծաղով: «Բայց չէ որ ամուսնությունը պարտադիր պայման չի սեռական...»: «Չէ, ես չեմ հասկանում դա»,- սեքսապաթոլոգը պաթոլոգիկ համառությամբ չէր ուզում հավատալ արտաամուսնական սեքսի գոյությանը եւ ի վերջո ասաց. «Էսպիսի մի կոպիտ օրինակ բերեմ, ավելի լավ չի՞ մարդը գնա խանութից նոր մեքենա գնի, քան թե ուրիշի վարածը առնի»:



«Մեր կանայք ուզում են, որ ոչ թե առաջինը լինի տղամարդը, այլ վերջինը»,-ասաց տիկին Մարտոյանը, որն ակնհայտորեն ավելի ազատամիտ էր, քան հոգեթերապեւտ-սեքսապաթոլոգը: «Տղամարդիկ ուզում են առաջինը լինեն, կանայք, որ վերջինը լինեն»,-արձանագրեց լրագրողներից մեկը: «Ես պահպանողական չեմ, առաջընթաց կա, ես հասկանում եմ: Աղջիկ ա, ինչ-որ տեղ շփոթվեց, ինչ-որ տեղ հավատաց, ինչ-որ տեղ խաբեցին էդ աղջկան...»,-ասաց Մարատ Զաքարյանը, եւ լրագրողը նորից ընդհատեց. «Մի ասեք էլի, խաբեցին, գուցե իսկապես սիրել ա, ուղղակի վերջը լավ չի եղել»: Այ այսպիսի ուրախ ասուլիս էր, որից կարելի է դեռ շատ զավեշտալի մեջբերումներ անել, բայց բավարարվենք այսքանով եւ թերթի էջում տեղ թողնենք այլ նյութի համար: