Սատարում են Սեյրան Օհանյանին

Սատարում են Սեյրան Օհանյանին
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը, որ ստեղծվել էր Արկադի Ղուկասյանի եւ Սամվել Բաբայանի միջեւ սուր տարաձայնությունների ժամանակ՝ ի հակակշիռ վերջինիս պաշտպանող Արցախի երկրապահների միության ու Ա. Ղուկասյանին սատարելու համար, եւ իրենց զբաղեցրած պաշտոններին զուգահեռ՝ հիմնականում այդ հասարակական կազմակերպության ղեկավարներ են աշխատել ԼՂՀ պաշտպանության նախարարության գերագույն այրերը, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Վերջին շրջանում որոշ մամուլի միջոցներում եւ սոցիալական կայքերում տեղ են գտնում տեղեկատվություններ, որտեղ կոպիտ եւ անհարկի քննադատության թիրախ են դարձել ոչ թե բանակում տեղի ունեցած առանձին դեպքերը, այլ հայոց բանակն իբրեւ հավաքական ինստիտուտ: Վստահ ենք, որ մեր նորանկախ հանրապետության ամենակայացած ինստիտուտը հայոց ազգային բանակն է, որի դեմ յուրաքանչյուր մարտահրավեր հարված է մեր պետականությանն ու ժողովրդին»:



Ստացվում է, որ Արցախի մյուս «ինստիտուտները» կամ կայացած չեն, կամ իրենց կայացման մակարդակով գտնվում են մեր բանակի ստվերում։ Այնուհետեւ հայտարարության հեղինակները «նույնպես դատապարտում են սպայական կազմի առանձին ներկայացուցիչների անհարիր եւ անընդունելի պահվածքը, որոնք պատժվել են եւ դեռ պետք է խստագույնս պատժվեն», ավելացնելով, որ բոլոր այդ սպաները, «ովքեր չեն գիտակցում իրենց պարտավորություններն ու պատասխանատվությունը հայ ժողովրդի հանդեպ, պետք է կոչումազուրկ լինեն եւ վռնդվեն զինված ուժերի շարքերից»:



«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն աջակցություն է հայտնում իր նախկին ղեկավար ու Արցախի պաշտպանության նախարար, այժմ ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանին՝ գտնելով, որ «վերջինիս նախաձեռնած բաց եւ հրապարակային քաղաքականությունն օգտակար է մեր զինված ուժերի համար»:



Վերջում վետերանները հայտնում են, որ «հայոց բանակը մեր պետության գոյության եւ մեր ժողովրդի անվտանգության միակ գրավականն է: Յուրաքանչյուր հրապարակում, որ վերաբերում է բանակին, պետք է չափից առավել զգույշ եւ հիմնավորված լինի, քանի որ այսօր Հայաստանն ու Արցախը գտնվում են պատերազմական իրավիճակում», եւ կոչ անում «բանակը զերծ պահել քաղաքական խարդավանքներից ու համախմբվել նրա շուրջ՝ իբրեւ նորանկախ Հայաստանի հարատեւության առհավատչյա»:



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ստեփանակերտ