Գլխավոր դատախազը չի կատարում դատարանի վճիռը

Գլխավոր դատախազը չի կատարում դատարանի վճիռը
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախկին դատախազ Հայկ Մարգարյանը 2007թ. հունիսի 1-ին ազատվել է աշխատանքից առողջական վիճակի պատճառով եւ անցել կենսաթոշակի: 1 տարի 3 ամիս բարձր կենսաթոշակը կանոնավոր ստանալուց հետո Մարգարյանին դադարեցնում են վճարել: Նա համոզված է, որ դա կապված է իր քաղաքական հայացքների հետ. «Կենսաթոշակը դադարեցվեց՝ ելնելով զուտ քաղաքական, անձնական դրդապատճառներից, որովհետեւ ես հարել եմ նախագահի ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ակտիվ եմ եղել: Մասնակցել եմ շտաբի աշխատանքներին, եղել եմ նրա վստահված անձը: «Երկրապահ» կամավորական ջոկատի նախկին հրամանատար եմ եղել»,- ասում է Հայկ Մարգարյանը:



Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ 2008թ. օգոստոսի 29-ին Հայկ Մարգարյանը եւ իրավաբան Նորիկ Եղիազարյանը մամուլում «Քննչական ծառայության դիմանկարը» վերնագրով հոդված են հրատարակել: Հոդվածի հրատարակումից 4 օր հետո, առանց որեւէ պատճառաբանության, դադարեցնում են Մարգարյանի կենսաթոշակը: Մարգարյանը դիմում է եւ պահանջում թոշակը դադարեցնելու հիմքերն իրեն տրամադրել: Դատախազությունից գրություն է ստանում, թե իբր կենսաթոշակի անցնելու ժամանակ իր ներկայացրած բժշկական փաստաթղթերը հավաստի չեն եղել:



«Եվ սա այն դեպքում, երբ իրենք նայել են այդ փաստաթղթերը եւ գրել են, որ հիմքերը բավարար են կենսաթոշակի անցնելու համար»,- ասում է Հայկ Մարգարյանը: Մարգարյանը կրկին գնում է «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ այլ հիվանդանոցներ, բուժզննում անցնում, եւ հետազոտության ընթացքում պարզվում է, որ առողջական վիճակը մի բան էլ վատացել է: Արդյունքները ներկայացնում է դատախազություն, որտեղից պատասխանում են, որ այդ հետազոտությունը բավարար չէ, եւ որ նա պետք է ունենա նաեւ ոստիկանության բժշկական հանձնաժողովի եզրակացությունը:



Մարգարյանը, վստահ լինելով, որ դատախազության աշխատակիցը ոչ մի կապ չունի ոստիկանության բժշկական հանձնաժողովի հետ, այնուամենայնիվ դիմում է նաեւ այդ հանձնաժողովին. «Ոստիկանության բժշկական հանձնաժողովի նախագահն ինձ պատասխանեց, որ իմ առողջական վիճակի հետ կապված հարցը իրենց մոտ քննության ենթակա չէ, քանի որ իրենք միայն ոստիկանության աշխատակիցներին են բժշկական քննության ենթարկում»: Պարզից էլ պարզ է, որ դատախազությունը փորձել է անել ամեն բան Մարգարյանին կենսաթոշակ չվճարելու համար:



2008թ. նոյեմբերին Մարգարյանը դիմում է ՀՀ վարչական դատարան, գլխավոր դատախազի կողմից անօրինական կերպով դադարեցված կենսաթոշակը վերականգնելու պահանջով, եւ, ի զարմանս իրեն, հայցը բավարարվում է: Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացնում, սակայն վճռաբեկ դատարանը վճիռը թողնում է ուժի մեջ: Թվում է, թե ամեն ինչ վերջացած է. կա դատարանի որոշումը՝  1. առոչինչ ճանաչել գլխավոր դատախազի 2008թ. օգոստոսի 21-ի թիվ 166 հրամանը, եւ 2. ՀՀ գլխավոր դատախազությունից հօգուտ հայցվորի բռնագանձել 4 հազար դրամ` որպես վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում:



Հերթն արդեն Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանն էր: 2009թ. հուլիսի 13-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ, եւ Մարգարյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` վարչական դատարանի վճիռը կատարելու պահանջով սակայն գլխավոր դատախազությունը նոր հայց է ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատարան: Դատարանը 8 ամիս գործը քննելուց հետո դատախազության հայցը մերժում է: Որից հետո Մարգարյանը սեպտեմբերի 4-ին կատարողական թերթիկը տանում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:



Սակայն ԴԱՀԿ-ն 4 ամիս հարցը քննելուց հետո գտնում է, որ ինքն անելիք չունի: Որ դա կարգավորվում է օրենքով, եւ գլխավոր դատախազը կուզենա՝ կկատարի, չի ուզենա՝ չի կատարի դատարանի վճիռը: Ստացվում է, որ ԴԱՀԿ-ն իրավասու՞ չէ ՀՀ գլխավոր դատախազին պարտադրել կատարելու օրինական ուժի մեջ մտած վճիռը: «ԴԱՀԿ որոշումը վիճարկելու համար դիմեցինք դատարան: Դատարանը մի քանի ամիս գործը ձգելուց հետո գտավ, որ իրոք ԴԱՀԿ-ն ճիշտ է եւ անելիք չունի: Դիմեցինք վճռաբեկ դատարան, սակայն այստեղ էլ վճիռը թողնվեց ուժի մեջ: Այսպիսի աբսուրդ իրավիճակ»:



Իրոք որ, աբսուրդ իրավիճակ է: Ստացվում է, որ Հայկ Մարգարյանը գլխավոր դատախազի ապօրինի գործողություններից տուժել է եւ շուրջ 2 տարի թոշակ չի ստացել: Դատախազը կամայականորեն չի կատարում օրինական ուժի մեջ մտած եւ հարկադիր կատարման փուլում գտնվող վճիռը՝ թույլ տալով ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված քրեորեն պատժելի արարք: Եվ սրա դեմ խաղ չկա: Հայկ Մարգարյանը դիմել է նաեւ Սերժ Սարգսյանին, մարդու իրավունքների պաշտպանին, սակայն ոչ մի արդյունք: