Հրովարտակ Սերգո Երիցյանին

Հրովարտակ Սերգո Երիցյանին
Սեպտեմբերի 9-ին մեր թերթի առաջին էջում հրապարակել էինք Խանջյան փողոցում՝ այն ժամանակ դեռեւս նորաբաց «JOSE» համալիրի պաստառի լուսանկարը: Հաստատության դիմաց տեղադրված է այս անվանումը կրող լատինատառ հսկայական ցուցանակ: Մենք արձանագրել էինք, որ առկա է «Լեզվի մասին» օրենքի խախտում, իսկ Լեզվի տեսչությունը համեստորեն քայլեր չի ձեռնարկում այդ խախտումը վերացնելու համար: Այդ հրապարակումից անցել է ավելի քան 2 ամիս, իսկ հսկա ցուցանակը շարունակում է նույն լատինատառ բովանդակությամբ կանգնած մնալ իր տեղում:



Մենք զանգահարեցինք Լեզվի տեսչություն՝ պարզելու, թե որեւէ քայլ ձեռնարկվո՞ւմ է օրենքի խախտումը վերացնելու ուղղությամբ, սակայն պարզվեց, որ այնտեղ անգամ տեղյակ էլ չեն, որ այդպիսի ցուցանակ կա քաղաքի կենտրոնում: «Ոչ: Այս պահին մենք այդ ուղղությամբ որեւէ քայլ չենք ձեռնարկում: Իսկ տեսչությունում գիտե՞ն, որ այդ մասին գրվել է, կամ որ այդպիսի ցուցանակ կա: Որեւէ մեկի հետ խոսե՞լ եք»,- զարմացած մեզ հակադարձեց տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը: «Ձեզ թվում է, թե մենք ամեն օր էդ փողոցով անցնում ենք կամ նկատել ենք ու լռե՞լ ենք:



Ես, օրինակ, առաջին անգամ եմ լսում Ձեզանից, որ էդպիսի ցուցանակ կա: Գուցե պետք էր մեր ուշադրությունը հրավիրել այդ փաստի վրա»,- շարունակում էր զարմանալ եւ մեզ զարմացնել Մ. Հովյանը: Իսկ գուցե պետք էր ընդամենը մամուլի՞ն հետեւել: «Մամուլին հետեւում ենք այնքանով, որքանով որ հետեւում ենք: Մենք ամբողջ օրը չենք կարող հետեւել մամուլին եւ տեսնել, թե ինչ կա: Մենք չունենք անգամ ծառայություն, որը կհետեւի եւ մեզ կտեղեկացնի այդպիսի դեպքերի մասին: Գուցե Դուք կարող էիք մեզ ասել»,- ասաց տիկին Հովյանը:



Հետաքրքրվեցինք, թե գոնե մեր զանգելուց հետո որեւէ քայլ կձեռնարկվի՞ այդ ուղղությամբ, տիկին Հովյանը պատասխանեց. «Մենք պետք է ստուգում ուղարկենք եւ էդ տնտեսվարող սուբյեկտին պետք է ստուգենք, իսկ ստուգման արարողակարգը երկար տեւող բան է: 3 օր առաջ հանձնարարագիր պետք է ստանանք, հետո ստուգում պետք է կազմակերպենք, հետո պիտի գնանք էդ ամբողջ փաստերն արձանագրենք: Դա մոտավորապես 2 ամիս տեւող խոսակցություն է: Դուք հիմա ոտքի վրա ինձ ասում եք, ես ինչ..., բանավոր խոսքի մակարդակի ինչ-որ խոսակցություն է սա»:



Հետաքրքիր է, էլ ի՞նչ է պետք Լեզվի տեսչությանը, որ զբաղվի իր գործով: Թերթում գրում ենք՝ չեն տեսնում, զանգում ենք՝ ոտքի վրայի խոսակցություն են համարում: Ի՞նչ է, պետք է պարտադիր գրավոր հրովարտա՞կ ուղարկել Սերգո Երիցյանին, որ նա զբաղվի իր գործառույթներով: Լեզվի տեսչության պետի տեղակալի դատողություններից ենթադրելով՝ այդ ցուցանակը դեռ մի 2 ամիս էլ կշարունակի նույն բովանդակությամբ մնալ այդտեղ: «Հիմա Ձեր զանգից հետո տեսուչները կգնան-կպարզեն ինչ հասցեում է, կճշտվի, եւ մինչեւ տարեվերջ կնախատեսենք ստուգում: Այդպես վայրկենական չեմ կարող ասել, որ հենց հիմա մենք կգնանք եւ կստուգենք»,-ասաց տիկին Հովյանը:



Հետաքրքրվեցինք, թե նման տիպի խախտումների դեպքում ինչ տուգանք է սահմանված: «Տուգանքը մենք չենք նշանակում, վարչական դատարանն է նշանակում: Սակայն տուգանքները սկսում են 80 հազարից»: Փաստորեն, մի անպետք մարմին ենք պահում՝ Լեզվի տեսչություն անունով, որը, թվում է` մի կարեւոր գործառույթ ունի՝ քաղաքում ցուցապաստառներին հետեւելը, այն էլ չի անում: