Եկել էր Արցախ

Եկել էր Արցախ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 12-14-ը գտնվում էր Արցախում։ Այս անգամ, մեր տեղեկություններով, Ղարաբաղ ժամանելու պատճառը հարսանիքը չէր։ Ժամանման վերաբերյալ պաշտոնական լրատվամիջոցներով հաղորդածից բացի, մեր աղբյուրներից այլ պատճառ չլսեցինք։ Մյուս կողմից՝ քանի որ այս անգամ Արցախ էր եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, թույլ է տալիս ենթադրել, որ չճանաչված երկիր այցելելու նպատակը զուտ «բանակային» է։



Արցախի ղեկավարի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը նոյեմբերի 12-13-ը ներկա են գտնվել պաշտպանության բանակի մարտավարական զորավարժություններին: Ապա նույն օրը մասնակցել Արցախի զինված ուժերի շտաբում տեղի ունեցած խորհրդակցությանը, որը նվիրված էր բանակաշինությանը վերաբերող հարցերի:



Նրանք մասնակցել են նաեւ զինծառայողների համար կառուցված բնակելի շենքերի բնակարանամուտի հանդիսավոր արարողություններին, ինչպես նաեւ այցելել մի շարք տնտեսական օբյեկտներ, մասնավորապես Մատաղիսի ՀԷԿ: Ընդհանրապես, կարծես թե ՀՀ նախագահը մի առանձին սեր ունի Արցախում զինծառայողների համար կառուցված բնակելի շենքերի բնակարանամուտի հանդիսավոր արարողության նկատմամբ։ Չհաշված, որ ընդհանրապես հայ ղեկավարների ամենասիրած զբաղմունքը կարմիր ժապավեններ կտրելն է։ Նույնիսկ այն դեպքում, երբ այս կամ այն օբյեկտը սարքված է լինում արտերկրի բարերարների ֆինանսական աջակցությամբ, եւ հայ ղեկավարները ոչ մի ներդրում չեն ունենում կարմիր ժապավենի մյուս կողմում կառուցվածի գործում։



ՀՀ նախագահն առանձնազրույց է ունեցել նաեւ Արցախի ղեկավարի հետ։ Իսկ մյուս բոլոր միջոցառումներին մասնակցում էին նաեւ Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի եւ ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայական կազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ստեփանակերտ