Օգնո՞ւմ է, թե՞ վնասում առողջությանը

Օգնո՞ւմ է, թե՞ վնասում առողջությանը
«Արմենիան վիժըն» կազմակերպությունը, որի գործունեության 5 տարին լրացավ, սպառողներին է առաջարկում աշխարհի տարբեր երկրների դեղագործական ֆիրմաների կողմից արտադրված կենսաբանորեն ակտիվ հաբեր, որոնք լայն սպառում գտան ԱՊՀ մի շարք երկրներում: Սակայն, ըստ որոշ մասնագետների, հիվանդների կողմից այդ հաբերի օգտագործումը ոչ թե օգնում է հիվանդության կանխմանը, այլ հաճախ վնասում:



Մինչդեռ  կազմակերպության բժիշկ-խորհրդատուները հիվանդներին  հորդորում են, որ շարունակաբար օգտագործեն դեղերը՝  պնդելով, թե դրանից է կախված նրանց հիվանդության բուժումը: Սակայն ավանդական բժշկության ջատագովները կարծում են, որ կենսաբանական ակտիվ նյութերի ամենօրյա օգտագործման հետեւանքով էլ ավելի են խորացնում հիվանդությունները, միաժամանակ կրելով ֆինանսական եւ  բարոյական վնասներ:



«Կենսաբանորեն ակտիվ դեղորայքային հավելումներ առաջարկող կազմակերպությունների գործունեությունը  նման է Եհովայի վկաներին: Բժիշկները նույնպես ընկնում են դրանց ճահճի մեջ»-, մեզ հետ զրույցում ասաց Երեւանի թիվ 2 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Մագդա Սարգսյանը:  Նա պատմեց է, որ տարիներ առաջ սեմինարներից մեկի ժամանակ Դեղագործական միության նախագահ Էմիլ Գաբրիելյանը փաստել է այն մասին, որ իր ուսումնասիրությունների արդյունքում կենսաբանական հավելումների մեջ հայտնաբերել է քիմիական ծագում ունեցող դեղորայք (իբուպրոֆեն):



«Ես մի ընկերուհի ունեի, որը նորմալ աղջիկ էր, գինեկոլոգ էր, ընկավ դրանց ազդեցության տակ, այժմ նորմալի տպավորություն չի թողնում,- շարունակեց բժշկուհին: - Հորաքրոջս աղջիկը ուներ Բեկտերեւի (ոսկրային համակարգի դեֆորմացիա) ծանր հիվանդություն: Նրան համոզեցին, որ հարյուր ԱՄՆ դոլարով առնի այդ դեղերն ու խմի: Նա շարունակ պնդում էր, թե՝ քո միակ փրկությունը այս դեղերից է կախված: Աղջիկը ալերգիկ էր, մենք ասում էինք, որ չի կարելի, բայց թերապեւտին պարզապես պետք էր հարյուր դոլարով վաճառել ու վերջ:



Հիվանդը մահվան դուռը հասավ, առանց այդ էլ թելից կախված առողջություն ուներ, շատ ուժեղ սկոլիոզով: Վերջը մեռնելուց պրծավ՝ սիստեմաներով, բժշկի հսկողության տակ: Շատ ծանր վիճակի մեջ էր հայտնվել»: «Դրանք որեւէ հիվանդություն չեն բուժում, պարզապես կենսաբանորեն ակտիվ հավելումները մարդկանց օրգանիզմի իմունային  համակարգի վրա պրոֆիլակտիկ նշանակություն ունեն:  Բայց ինչ-որ հույսեր կապել, թե դա կոնկրետ հիվանդություն կբուժի, կլավացնի՝ դա ճիշտ չէ»-, նշեց բժշկուհին:



Չնայած աշխարհի մի շարք երկրներում նվազել է կենսաբանորեն ակտիվ դեղորայքի սպառողների  (Ռուսաստան) թիվը, սակայն մեզանում դրանք շարունակում են ակտիվ վաճառվել:



Այստեղ որոշակի դեր է խաղում նաեւ այն, որ այս կազմակերպությունները գործազրկության խնդիր են լուծում: «Իրենց ապրանքն իրացնելու համար սպառողների  գիտակցությունը հիպնոսի մեթոդներով մանիպուլյացիայի են   ենթարկում: Մի անգամ պատահականորեն ականատես դարձա մի երեւույթի, երբ հիշյալ կազմակերպության աշխատակիցներից մեկը համոզում էր մի կենսաթոշակառուի, սոցիալապես անապահով գյուղացու, որ վերջինս իր խոշոր եղջերավոր անասունը (կով) վաճառի եւ իրենց դեղորայքը գնի»,- մեզ հետ զրույցում պատմեց մի քաղաքացի, որը տարիներ առաջ ինքը եւս այդ կազմակերպության ծառայություններից է օգտվել: Սակայն որոշ ժամանակ անց մի քանի սեմինար-հավաքների մասնակցելուց հետո հրաժարվել է դրանից:



«Ես հասկացա, որ այդ կազմակերպության առաջարկած դեղամիջոցները չեն օգնում հիվանդությունների բուժման գործընթացին, հաճախ նաեւ խախտում են մարդու իրավունքների տարրական նորմերը»,- նշեց նա:  Ես փորձեցի այս խնդրի հետ կապված ստանալ նաեւ «Արմենիան վիժըն»-ի պարզաբանումները, եւ կազմակերպության մենեջերից հետաքրքրվեցի՝ իրենք ուսումնասիրե՞լ են, թե ինչպիսի ազդեցություն է ունենում իրենց դեղորայքը մարդկանց առողջության վրա: Վերջինս, որ չցանկացավ ներկայանալ, ասաց. «Սպառողներին մեր կողմից առաջարկած սննդային հավելումների նկատմամբ մոտեցումը ինդիվիդուալ է: Մենք առեւտրի պալատ ենք, միայն վաճառքով ենք զբաղվում, մենք դեղորայքների նկատմամբ որեւէ կարծիք չունենք, թող մասնագետները կարծիք տան»:



Կարինե ՍԱՐԳՍՅԱՆ