Թափառող շները Վանաձորում լուրջ խնդիր են դարձել

Թափառող շները Վանաձորում լուրջ խնդիր են դարձել
2010թ. ընթացքում Վանաձոր քաղաքում ոչնչացվել է շուրջ 2030 թափառող շուն։ Վնասազերծված կենդանիների թիվը իհարկե փոքր չէ, սակայն այսօր էլ Վանաձորում մեծ թիվ են կազմում թափառող կենդանիները։ Քաղաքի թե կենտրոնական եւ թե ծայրամասային թաղամասերում շները լուրջ խնդիրներ են առաջացնում բնակչության համար։ Քաղաքի գրեթե ամենակենտրոնական՝ «Արցախի պուրակ» կոչվող թաղամասի բնակիչ տիկին Արփինեն ասում է. «Շները սաղ օրը մեր բունկերներում են, ցերեկները, հենց ուզում ենք պադյեզդից դուրս գանք, մի քանի շուն վրա են տալիս: Ինչքա՞ն կարա տենց շարունակվի»։



Բնակիչները բողոքում են ոչ միայն շների հարձակումներից, այլեւ գիշերային ոռնոցներից: «Սաղ գիշեր մեր շենքի տակ մի 5-6 շուն ոռնում են, չեն թողնում քնենք, մի ձեն ա լինում, հաչում են ու հանգիստներս խանգարում»,-ասում է «Բազում» թաղամասի բնակիչ 60-ամյա Կարենը: Իսկ մեր այն հարցին, թե տեղյա՞կ են պահել արդյոք համապատասխան մարմիններին, պատասխանեց. «Տո ամեն օր էլ զանգել ենք, գնացել ենք, սաղին դիմել ենք, բայց շները դեռ էստեղ են»։



Շների շատացման հետ, իհարկե, կշատանան նաեւ դրանց հարձակումների ու կծելու դեպքերը, ինչն էլ եղավ այս տարի։ Շների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներից դժգոհ է նաեւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը։ Բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցությունների ժամանակ քաղաքապետը նշում է, որ թափառող կենդանիների հետ կապված ինքն ստանում է բազմաթիվ բողոքներ եւ  թափառող կենդանիների հարցը դասվում է քաղաքի առաջնահերթ խնդիրների շարքը։  Կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը ամեն երկուշաբթի Վանաձորի քաղաքապետին զեկուցում է նախորդ շաբաթ վնասազերծված շների թիվը եւ գրեթե միշտ պնդում. «Որսորդները սաղ գիշեր շրջել են ու էսքանն են խփել, շները գիշերները թաքնվում են»,-ասում է բաժնի պետն ու դժգոհում, որ շներին ոչնչացնելը թույլատրվում է միայն գիշերային ժամերին։



Սակայն ներկայացված թվերը քաղաքապետ Սամվել Դարբինյանին չեն գոհացնում։ «Թափառող կենդանիների շատացման հետ մեկտեղ Վանաձորում այս տարի շատացել են նաեւ շան կծածի դեպքերը»,-ասում է պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի տնօրեն Կարինե Միրզոյանը, իրենք բազմիցս գրություններ են ուղարկել թե համատիրությունների ղեկավարներին եւ թե քաղաքապետարան, սակայն վիճակը կարծես թե չի փոխվում։ Իսկ քաղաքապետն ասում է. «Քաղաքապետարանի դեմը 7 շուն է լինում, ու միշտ նույն շներն են»։



Կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանից փորձեցինք պարզել, թե ինչու է միշտ քաղաքապետ Սամվել Դարբինյանը դժգոհ կատարված աշխատանքից, եւ արդյո՞ք իր աշխատանքում  նկատվում են թերություններ: Մելիքյանն այսպես պատասխանեց. «Անցած շաբաթ, օրինակ, քաղաքի ողջ տարածքում 64 հատ շուն է ոչնչացվել, ցերեկով չի թույլատրվում, գիշերն էլ կշտացած քնած են լինում, եթե ցերեկը 10 հատ պտի խփեին, հիմա մի հատ են խփում»: Ու ավելացրեց. «Շների կծածների դեպքերը միշտ էլ եղել են»։



Հիգիենիկ հակահամաճարակային տեսչությունը վստահեցնում է, որ դրանք այս տարի ավելի են շատացել՝ դա կապված չէ՞ Ձեր վատ աշխատանքի հետ: «Մենք այս տարի ավելի շատ ենք շուն սպանել, քան անցած տարի»,- վստահեցնում է Լյովա Մելիքյանը։