Շտապողը տղա չի ունենում

Շտապողը տղա չի ունենում
Դեռեւս շաբաթներ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ Սպիտակ քաղաքում բնակարանամուտ տոնեցին: Աղետի հետեւանքով անօթեւան մնացածների համար կառուցված նորակառույց 220 բնակարաններից 165-ի բանալիները տվեցին տերերին, մնացածը բաշխվելու է առաջիկայում։ Սպիտակի փոխքաղաքապետ Անահիտ Գյուլազյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դեռեւս Սպիտակ քաղաքում կառուցման ենթակա են 1 սենյականոց բնակարաններ, որը նախատեսված է կառուցել 2011-ին, սեփական բնակֆոնդը ընդհանրապես չի փոխհատուցվել, նրանց փոխհատուցումը եղել է խնայբանկի գրքույկների ձեւով, որն էլ հայտնի է, թե հետո ինչ եղավ»։



Ըստ նրա՝ Սպիտակում ներկայումս հաշվառված են 560-700 ընտանիքներ, որոնք դեռեւս չեն փոխհատուցվել: Սպիտակ քաղաքում բնակարանաշինություն 2009, 2010 թվականներին իրականացրել է «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպությունը: Հիշեցնենք, որ Գյումրիում «Մուշ 2» թաղամասի շինարարությունը եւս կատարել էր «Գլենդել Հիլզը»։



Բնակարանամուտից հազիվ մի քանի շաբաթ է անցել, սակայն նորակառույցի տերերն արդեն դժգոհություններ ունեն: Բնակիչների մի մասը բողոքում է, որ պատերին արդեն ճաքեր են հայտնվել, ուրիշներն ասում են, որ ջրագիծն է վնասված, երրորդներն էլ, թե՝ տան դուռն է թարս տեղադրվել։ Սակայն իրենց խնդիրների մասին խոսում են մի պայմանով՝ «կամ չենք խոսում, կամ խոսում ենք անանուն»։ Վախենում են, որ հնարավոր է կորցնեն 22 տարի անց ստացած բնակարանները։ Ճաքեր կան, բայց «դոմիկից հո լավ ա»։ Աշխղեկի խոսքով` «եթե հազարն էլ շահագործեինք, հազարում էլ կլինեին ճաքեր, որպեսզի ճաքեր չլինեին, չպետք է շտապեցնեին, իսկ մեզ շտապեցրել են եւ խնդրել աշխատել սեղմ ժամկետներում»։



Սպիտակի փոխքաղաքապետ Անահիտ Գյուլազյանը խնդրին տեղյակ է, բայց կարծում է, որ Սպիտակում, ի տարբերություն Գյումրիի, կազմակերպությունն աշխատել է առավել բարեխիղճ. «Նկատելի թերություններ չկան, մեկում, օրինակ, գազի պլիտայի կափույրներն էին հանված, որը վերականգնվել է, մի տան մեջ ջուր չկա, դա էլ խոստացել են 3 օրվա մեջ կարգավորել, մի տանն էլ դուռն էր թարս տեղադրված, դա էլ կարգավորվեց»։ «Գլենդել Հիլզն» ունի աշխատանքային խումբ, որին նման իրավիճակներում դիմում են բնակիչները, եւ դրանք արագ վերացվում են։